ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեւանի կամերային երգչախումբը վերադարձավ Գերմանիայից, որտեղ հյուրախաղերով հանդես է եկել Լիմբուրգում, Բոննում եւ Ֆրանկֆուրտում։
Ինչպես հայտնեց երգչախմբի ղեկավար Հարություն Թոփիկյանը, համերգներն անցկացվել են հիմնականում նշված քաղաքների կենտրոնական եկեղեցիներում, ինչը յուրօրինակ հնչեղություն եւ տրամադրություն է հաղորդել Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների կատարմանը։ Երգչախումբն արժանացել է գերազանց ընդունելության։
Հ. Թոփիկյանը նշեց, որ Ֆրանկֆուրտի Ռուդոլֆ Շտայներ համերգասրահում կայացած համերգից հետո Հայաստանի մշակութային կյանքով հետաքրքրված հանդիսատեսներն իրենց բազմաթիվ հարցերի պատասխաններն ստացել են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանից եւ երգչախմբի ղեկավարից։
Ի դեպ, երգչախմբի ճանապարհածախսը հոգացել է Գերմանիայի կառավարությունը, խմբի անդամները հյուրընկալվել են Ֆրանկֆուրտեր կանտոռայ երգչախմբի անդամների տներում, որոնց հետ ունեցած գործնական հարաբերությունները (անցած տարի Երեւանում համատեղ անցկացվել են համերգներ) դարձել են ջերմ, բարեկամական։