«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2002-09-07 | #161, 2002-09-10 | #162, 2002-09-11


ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկ Խաչատրյանի եւ Տիգրան Պետրոսյանցի «Հայկազունք» գիրքը

«Ամարաս» հրատարակչությունը լույս է ընծայել Հայկ Խաչատրյանի եւ Տիգրան Պետրոսյանցի «Հայկազունք» (Հայ զորավարներ, ռազմական, պետական գործիչներ, դիվանագետներ) գիրքը։ Հանրագիտարանային այս հրատարակության համար աղբյուր են ծառայել հայ եւ օտար պատմիչների ու պատմաբանների երկերը, հայկական հանրագիտարանները, կենսագրական բնույթի գրքերն ու տեղեկատուները, Հայաստանի եւ սփյուռքի պարբերական մամուլը, հայ զորավարների հուշագրությունները, հարցազրույցները։ Գրքի խմբագրական աշխատանքները ղեկավարել է գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանը։ Մենք մեր սրբերի, հոգեւոր հովիվների, վանքերի, ճարտարապետական կոթողների ընտիր հանրագիտարաններ, ալբոմներ, ամփոփ կենսագրականներ ունեինք։ Զարմանալի էր, որ չունեինք մեր զորավարների, ռազմական գործիչների գոնե համառոտ հանրագիտարանը։ Մեր ժամանակներում այսպիսի գրքի լինելությունն արդեն անհրաժեշտ էր։ Ահա թե ինչ է գրում առաջաբանում հանրագիտարանի խմբագիր Զորի Բալայանը. «Ղարաբաղյան ճակատում կրակի դադարեցումից անմիջապես հետո «Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Ասրյանն առաջարկեց գիրք հրատարակել հայ գեներալների մասին։ Հրատարակչություն հրավիրեցինք մեր ժամանակի անվանի տարեգիր, հայտնի պատմավեպերի եւ բազմահատոր տեղեկագրերի հեղինակ Հայկ Խաչատրյանին, որը մինչ այդ արդեն վիթխարի ընդգրկումով նյութեր էր հավաքել հայ զորավարների մասին։

Հերթական հանդիպման ժամանակ Հայկը, ձեռքերը տարածելով, խոստովանեց, թե իր հերոսների կենսագրական էջերի մեծ մասը պարփակվում է Արցախի աշխարհագրական շրջանակներում։ Ինքն էլ առաջարկեց գտնել մի համահեղինակ, որ կօգներ իրեն ընդարձակելու այս աշխարհագրությունը։ Ամենակարճ ժամկետում նրան միացավ զինվորական պատմաբան, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը»։

«Հայկազունքի» հեղինակներից բացի, վիթխարի աշխատանք է կատարել այս հանրագիտարանի ստեղծման գաղափարի հեղինակըՙ «Ամարասի» տնօրեն Արկադի Ասրյանը։ Բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, գրաֆիկական նյութեր արխիվներից հայտնաբերել ու օգտագործել են Արկադի Ասրյանը, Տիգրան Պետրոսյանցը, Կարինե Մելիքսեթյանը։ Ու հանրագիտարանում ներկայացվել են վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը Հայաստանում եւ համայն աշխարհում ապրած ու ապրող հայազգի ավելի քան 1800 գործիչների համառոտ կենսագրականներ։

Գրքի ստեղծումը դժվար է եղել ստեղծագործական, մեթոդաբանական առումով։ Հենց ձեռագիր վիճակում հարցեր են ծագել, որոնց պատասխանները կարող էին տալ միայն մասնագետները։ Ասենք, արդարադատության առաջին կամ երկրորդ դասի պետական խորհրդականը հավասարեցվո՞ւմ է բանակային գեներալ-գնդապետին կամ զորքերի տեսակների մարշալին։ Կամՙ տարբերություն կա՞ բանակային գեներալի եւ ոստիկանության կամ իրավապահ օրգանների գեներալների միջեւ։ Մեզանից շատ քչերը կարող են իմանալ, որ արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանը հավասարեցվում է գեներալական աստիճանի։ Եվ հանրագիտարանային այս հատորը կազմելիս հեղինակները, նախաձեռնողները եւ խմբագրական աշխատակազմը խստորեն հետեւել են մի սկզբունքի. գրքում առանց բացառության պետք է զետեղվեն բոլոր գեներալների, այդ թվում նաեւ նրանց «հավասարեցվողների» կենսագրությունները։ Ու այբբենական կարգով ներկայացված են բոլոր ժամանակների մեր բոլոր զորավարները, ռազմական, պետական գործիչները, դիվանագետները։ Բացառություն է եղել միայն մեկ դեպքումՙ Հայկ Նահապետի պարագայում, որը ներկայացված է առաջինը։

Անչափ հետաքրքիր այս հատորին ծանոթանալով մենք կրկին ու կրկին ընթերցում ենք ոչ միայն հայտնի զորավարների ու գործիչների կենսագրությունները։ 19-րդ դարի առաջին քառորդում ռուսական բանակի գեներալ-մայորներ, եղբայրներ Դավիթ եւ Իվան Աբամելիքների, կարճ ժամանակ անց գործած Դավիթ Աբամելիքի որդիներ Արտեմ եւ Սիմեոն Աբամելիք-Լազարեւների (որոնք նույնպես կրում էին ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում), ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, Անրի Թրուայայի պապի (մայրական կողմից)ՙ Հովհաննես Աբեսոլոմովի կենսագրությունները շատ բան են ասում։

Ընթերցողներից շատ քչերը գիտեն, որ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Այվազյանը) Ռուսաստանի կայսեր կողմից արժանացել է «Ռուսաստանի պատվավոր ծովակալ» տիտղոսին։ 1839 թ. գարնանը մեր մեծ հայրենակիցը 22 տարեկանում մասնակցել է Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Մ. Լազարեւի, Պ. Նախիմովի, Վ. Կոռնիլովի հետ, իսկ 1853¬56 թթ. մասնակցել Ղրիմի պատերազմին։ Շատե՞րը գիտեն, որ հայազգի Վարդաս Կեսարի որդի Անտիգոնոսը 9-րդ դարի պետական, ռազմական գործիչ է եղել, սխոլերի դոմեստիկոս, պատրիկ, Բյուզանդական կայսրության երեւելիներից մեկը։ Շվեդական հայազգի դիվանագետ Անաստազի Ջովանին, որը գործել է 18¬19-րդ դարերում, եղել է Շվեդիայի եւ Նորվեգիայի գլխավոր հյուպատոսը Եգիպտոսում եւ հայտնաբերել, գնել ու բրիտանական թանգարանին է տվել եգիպտական ինը թանկարժեք պապիրուսներ...

Իրոք, քիչ չեն այն հայազգիները, ովքեր ռազմական ու պետական բարձր աստիճանի են հասել օտար պետություններում։ 16-րդ դարում Ռումինիայում հայտնի անուն է եղել Արմին Պետերը (Պետրոս Գրիգորովիչը), որը եղել է իշխան Միհայ Վիտեագուլի խորհրդականը, տիրապետել է բազմաթիվ օտար լեզուների, հեղինակել է մի շարք պատմագրություններ, նկարել է։

Այսօր էլ կան օտար պետություններում ծառայած ու ծառայող զինվորական ու պետական հայազգի գործիչներ։ Խորհրդային ավիացիայի գեներալ-մայոր Վլադիմիր Բենդերովը զոհվեց 1973 թ. հունվարի 3-ին Փարիզի Լեբուրժե օդանավակայանում «ՏՈՒ¬144» ինքնաթիռի ցուցադրական թռիչքի ժամանակ։ Դաուդ Փաշան ( Արթին Փաշա Դաուդյանը) եղել է Լեռնային Լիբանանի նահանգապետը։ Ջորջ Դոքմեջյանըՙ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգապետը, Եփրեմ Խանը (Եփրեմ Դավթի Դավթյանը), որին անվանել են «Արեւելքի Գարիբալդի», եղել է Թեհրանի ոստիկանապետը, ապաՙ Իրանի ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատարը։ ԱՄՆ-ի բանակի բրիգադի գեներալ Սարգիս Զարդարյանը Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին մասնակցել է Հյուսիային Աֆրիկայի, Սիցիլիայի, Իտալիայի տարածքներում ծավալված մարտական գործողություններին։ 1992 թ. Հայաստան այցելեց ԱՄՆ-ի նավատորմի ծովակալ Ռոբերտ Իգնատոսյանըՙ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ 1967 թ. օգոստոսի 4-ին ԱՄՆ պրեզիդենտ Լինդոն Ջոնսոնը Ռոբերտ Իգնատոսյանին նշանակել է նավատորմի քարտուղար, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար։ Հետագայում նա զբաղեցրել է «Վաշինգտոն փոստ» լրագրային ընկերության պրեզիդենտի պաշտոնը եւ այն վարել մինչեւ կենսաթոշակի անցնելըՙ 1995 թ....

Անչափ շատ հետաքրքիր փաստեր կարող է իմանալ ընթերցողը Հայկ Խաչատրյանի եւ Տիգրան Պետրոսյանցի «Հայկազունք» հանրագիտարանից։ Հեղինակներից Հայկ Խաչատրյանն, ավաղ, իր մահկանացուն կնքեց մինչ գրքի տպագրության ավարտը։ Ամեն դեպքում մենք ունենք անչափ կարեւոր մի հրատարակություն, որը, դժբախտաբար, հրատարակվել է ոչ մեծ տպաքանակով։ Հույս ունենք, որ կգտնվեն հովանավորներ գիրքն ավելի մեծ տպաքանակով ու ավելի թարմացված տեղեկություններով հրատարակելու համար։ Կարծում ենք, որ դա կարելի է անել նաեւ բաժանորդագրական սկզբունքով։ Շատերը չեն զլանա 1000¬2000 դրամ կանխավճար մուծելով ունենալ այս հանրագիտարանը։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4