Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այսուհետեւ ամեն տարի սեպտեմբերի 11-ին, ժամը 18-ին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»ՙ ի հիշատակ ահասարսուռ ահաբեկչությանը զոհ դարձած տարբեր ազգերի մարդկանց։ Համերգին մասնակցող երաժիշտներն ու երգիչները կկրեն կրծքանշաններ, որոնց վրա պատկերված կարմիր սրտին դրոշմված կլինի զոհերից մեկի անունը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի «Սերենադ» կամերային նվագախմբի մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում։ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը բացման խոսքում ասաց. «Ինձ համար պատիվ է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ներկայությունը։ Մ. Նահանգների կառավարության եւ ժողովրդի անունից կցանկանայի վերստին արտահայտել մեր խորին երախտիքը հայ ժողովրդինՙ ողբերգության ժամին եւ դրանից հետո արտահայտած կարեկցանքի ու սատարելու համար։ Անցել է մեկ տարի այդ ողբերգական օրից, եւ մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերին»։
Հայաստանի կառավարության անունից Մ. Նահանգների կառավարությանը, ժողովրդին ու զոհվածների ընտանիքներին ցավակցություն հղեց արտգործնախարար Վարդան Օսկանյանըՙ միաժամանակ ընդգծելով սեպտեմբերի 11-ի դեպքերի թողած խոր հետքը մարդկանց սրտերում։ Նա դատապարտեց ահաբեկչություն ու բռնություն կիրառելու ձգտումները եւ վերստին աջակցություն հայտնեց համաշխարհային ահաբեկչության դեմ ծավալված պայքարին։
Մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը հարգելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոսը հայ ժողովրդի բողոքի ձայնը հնչեցրեց ընդդեմ ահաբեկչության, շեշտելով, որ բռնության ճանապարհը չէ մարդկության ապագան։ «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Մ. Նահանգների ժողովրդին։ Թող հակամարտություններն աշխարհում կարգավորվեն բարի կամքի դրսեւորումներով», ասաց նա եւ «Տերունական» աղոթք կարդաց նահատակների համար։ Մոցարտի «Ռեքվիեմի» ողբերգական հնչյուններով ավարտված հիշատակի համերգը հնարավորություն ընձեռեց Հայաստանում գտնվող ամերիկյան հասարակությանն արտահայտելու իրենց վիշտն ու կսկիծը հայ ընկերների հետ։
Համալսարանի նախասրահում ահաբեկչության դեպքերը պատկերող աշխարհի մոտ 47 թերթերի եւ ֆիլմի ցուցադրումն ազդեցիկ տպավորություն թողեց, իսկ տիրող ընդհանուր մթնոլորտը կրկին համոզեց, որ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհն իրոք փոխվել է։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ