ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեկ Փարիզում աշխատանքներն է սկսել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը։ Նիստին մասնակցել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը։
Ինչպես տեղեկացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, զեկույցում ամրագրված է եղել, որ Հայաստանը, ԵԽ-ին անդամակցելուց հետո, ստանձնած պարտավորությունները կատարել է 70-75 տոկոսի սահմաններում։ Անդրադարձ է եղել նաեւ տարբեր բնագավառներինՙ քաղաքական, տնտեսական, սոցիալական, նշվել է, որ այս ոլորտներում զարգացման դրական միտում է նկատվում։ Սակայն, հիմնական պարտավորությունները կատարելուց զատ, նշվել է, որ Հայաստանը երկու սկզբունքային պարտավորություն դեռեւս չի կատարելՙ նոր քերական օրենսգրքի ընդունումը եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային կիցՙ 6-րդ արձանագրության վավերացումը։
Դա համարվել է լուրջ բացթողում, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը բավականին առաջընթաց ունի, որոշում է կայացվել, որպեսզի մինչեւ տարեվերջ ՀՀ-ն ընդունի Քրեական օրենսգիրքն ամբողջությամբ (ներկայումս առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը Վենետիկի հանձնաժողովին է ուղարկվածՙ փորձաքննության)։ Ինչ վերաբերում է 6-րդ արձանագրությանը, հանձնաժողովում ասվել է, որ հասկանում են Հայաստանում այդ հարցի շուրջ ստեղծված իրավիճակը, եւ ակնկալում, որ նշված արձանագրությունը կվավերացվի մինչեւ 2003թ. հունիսը։ Սահմանված ժամկետում չվավերացնելու դեպքում, նշվել է, Հայաստանի նկատմամբ կցուցաբերվի կոշտ դիրքորոշում։
Նիստում ներկայացվել է նաեւ Ադրբեջանի մասին զեկույցը։ Ի տարբերություն Հայաստանի զեկույցի, որի քննարկումը տեւել է 1 ժամ 20 րոպե, Ադրբեջանի մասին զեկուցումը քննարկվել է մի քանի ժամՙ ամբողջ կես օր։ Ադրբեջանին ժամկետ է տրվել մինչեւ տարեվերջ լուծել մարդու իրավունքների ոլորտում արձանագրված քաղբանտարկյալների, ԶԼՄ-ների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քննարկվել են օգոստոսի 24-ին անցկացված հանրաքվեին վերաբերող փաստեր։