Բայց որոշակի տեղաշարժ է գրանցվել Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպմանը
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեկ, ամառային դադարից հետո, հրավիրած իր մամլո ասուլիսը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը սկսեց սեպտեմբերի 11-ի տարելիցի առթիվ հայտարարությամբ։ Կրկին կարեկցանք հայտնելով ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին, Վ. Օսկանյանը նշեց, որ Հայաստանն առաջին իսկ օրվանից միացավ միջազգային ահաբեկչության դեմ պայքարինՙ իր համեստ ներդրումը բերելով այդ ջանքերին։ «Սեպտեմբերի 11-ը նշանավորվեց աննախադեպ միջազգային կոալիցիայի ստեղծմամբ, որում ընդհանուր շահի շուրջ միավորվեցին մրցակիցներն ու ախոյանները, մեծ ու փոքր տերությունները», նշեց արտգործնախարարը։
Հերթական անգամ խստորեն դատապարտելով ահաբեկչությունըՙ Վ. Օսկանյանն անցավ մոտ օրերս Մ. Նահանգներ կատարելիք իր այցի մանրամասների ներկայացմանը։ Նախ, արտգործնախարարը կգլխավորի հայաստանյան պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանին։ Պրն Օսկանյանը կհանդիպի իր տասնյակ գործընկերների հետ, այդ թվումՙ Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի արտգործնախարարների։ Լրագրողներին հետաքրքրում էր հատկապես Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումն այն տեսակետից, թե քննարկվելո՞ւ է Երուսաղեմի մեր եկեղեցապատկան հողերի խնդիրը։ «Իսրայելի իմ գործընկերոջ հետ առաջին դեմառդեմ հանդիպումն է լինելու, եւ մենք շատ հարցեր ունենք քննարկելու։ Այնպես որ, այս պահին որեւէ խնդիր չեմ կամենում առանձնացնել», ասաց Վ. Օսկանյանը։
Այս հանդիպումներից հետո ՀՀ արտգործնախարարը կմասնակցի դարձյալ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվելիք «Եվրասիա. նոր տնտեսական եւ անվտանգության շրջանակ» մեկօրյա խորհրդաժողովին։ Այնուհետեւ Վարդան Օսկանյանը մեր տարածաշրջանին առնչվող դասախոսություններ կունենա ամերիկյան մի քանի համալսարաններում։
Նախարարն անդրադարձավ նաեւ ԵԱՀՍ Մինսկի խմբի հերթական այցին, որ ակնկալվում է սեպտեմբերի վերջին։ Արտգործնախարարը հայտնեց, որ ինքն այս այցից առանձնահատուկ ակնկալիքներ չունի, քանի որ չեն սպասվում նոր առաջարկներ։ Այնուամենայնիվ, ըստ պրն Օսկանյանի, համանախագահներին հետաքրքրական կլինի որոշ մանրամասների տեղեկանալ Քոչարյան-Ալիեւ վերջինՙ չորսժամյա հանդիպումից։ Այդ հանդիպումը գնահատելու լրագրողների խնդրանքին պրն Օսկանյանը պատասխանեց. «Նախագահն ինձ մանրամասներ ներկայացրել է, եւ կարծում եմ, հանդիպման ամբողջական պատկերն ունեմ։ Վերջինս դրական մթնոլորտում է անցել, եւ դրական տեղաշարժ է գրանցվել որոշ հարցերումՙ առանց դրանք ավարտին հասցնելու։ Այնպես որ, օբյեկտիվորեն հանդիպումը դրական է եղել»։
Մեկնաբանելով այն տեսակետը, թե վերջին ժամանակներս ավելի ու ավելի են հաճախակի դառնում մեծ տերությունների հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, պրն Օսկանյանը հայտարարեց, թե ԼՂ խնդրում միջազգային հանրության դիրքորոշման մեջ կոշտացում չի եղել։ Ըստ ՀՀ արտգործնախարարի, ընդհակառակը, մեղմացում կա։ Նախարարը պարզաբանեց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում 1991 թ.-ից ի վեր, եւ միայն վերջին ժամանակներս հայտարարությունները շարունակություն են ունենումՙ նշելով, որ ԼՂ հարցը պիտի լուծվի կողմերի բանակցություններով, այսինքնՙ առանց նախապայմանների։ Սա էլ Վ. Օսկանյանը գնահատում է որպես մեղմացում։
Առանց նախապայմանների բանակցությունների համատեքստում Վ. Օսկանյանը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Պրն Օսկանյանը հույս հայտնեց, թե Թուրքիայում նոր կառավարության ձեւավորումից հետո կվերսկսվեն իր եւ իր թուրք գործընկերոջ բանակցությունները, եւ որ Թուրքիան կդիմի առանց նախապայմանների բանակցությունների։
Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելովՙ պրն Օսկանյանը նշեց, թե իրենք ամեն դեպքում հույս են հայտնում, որ ռազմական գործողություններ չեն լինի։ «Քանի որ ցանկացած գործողություն բացասական հետեւանքներ է բերելու տարածաշրջանում»։