«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2002-09-10 | #162, 2002-09-11 | #163, 2002-09-12


ՄԻ ԴԵՐԱՍԱՆԻ ԹԱՏՐՈՆ

Այսպես որակեց դատավորը Հունանյանների քեռու վարքագիծը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դատավարության երեկվա նիստին պետք է ներկայանային տուժողներ Հերմինե Նաղդալյանն ու Ռոլանդ Շառոյանը։ Առաջինը դատարանին տեղեկացրել էր, որ նույն օրը վիրահատվելու է իր եղբայրը, եւ ինքը կարող է ներկայանալ, թերեւս, օրվա երկրորդ կեսին, ինչը չպատահեց։ Ինչ վերաբերում է Ռոլանդ Շառոյանին, ապա, ըստ վերջինիս ուղարկած գրության, ինքը արտասահմանում է եւ կվերադառնա սեպտեմբերի 18-ին։ Դրանից հետո նա պատրաստ է ներկայանալ դատարան։

Այս գրությունների հրապարակմանը հետեւեց ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանի միջնորդությունը։ Պաշտպանը միջնորդեց քր. գործով իրեղեն ապացույց համարվող «Գազ-24» մակնիշի մեքենայի վարորդական իրավունքը եւ տեխ. անձնագիրը վերադարձնել տիրոջըՙ Էդիկ Գրիգորյանի եղբորը։ Ըստ դատավորի, եթե առաջնորդվեն միջնորդության տրամաբանությամբ, ապա հանցագործները հանցագործություն պիտի կատարեն միայն իրենց մեքենայով։ Այնուամենայնիվ, միջնորդությանը դատարանը կանդրադառնա հաջորդ նիստին։

Սեպտեմբերի 9-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Վռամ Գալստյանը միջնորդել էր առերեսում անցկացնել Նաիրի Հունանյանի եւ Էդիկ Գրիգորյանի հետ։ Երեկվա նիստում պարզ դարձավ, որ առերեսումը տեղի էր ունեցել։

Այդ կապակցությամբ ընդարձակ հայտարարությամբ հանդես եկավ Հունանյանների քեռին։

«Վերջին առերեսումից ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս ամենի հետեւում կան որոշ ուժեր, որոնք խանգարում են արդարությունն ի հայտ բերելուն», սկսեց Վռամ Գալստյանը։ Ապա խոսեց այն մասին, որ իր նկատմամբ միշտ կիրառվել են սարքավորումներ, որոնցով ստիպել, արգելել են չասել ճշմարտությունը։ Դա նպատակ է հետապնդում վախի մեջ պահել իրեն։

Հունանյանների քեռին այնուհետեւ հայտարարեց, որ այլեւս ոչ համբերելու տեղ ունի, ոչ էլ ցանկանում է գժվել։ Հետաքրքրական է, ըստ Վռամ Գալստյանի, երբ ինքը ցանկացել է տալ Էդիկ Գրիգորյանի անունը, որպես գլխավոր կազմակերպչի, իրեն ներարկումներ են արելՙ մի քանի օր թողնելով թմրած վիճակում։

Հետո նկարագրելով, թե «մեկուսարանի պետից մինչեւ վերջին աշխատողով ստիպողաբար ձեռնաշղթաներ են հագցրել, ներարկումներ կատարել», Վռամ Գալստյանը լաց եղավՙ այդուհետեւ մեկընդմեջ խոսքը շարունակելով խզվող ձայնով։

«Ես չգիտեմ, թե այդ ուժերը ովքեր են, ինչ են։ Դա կարող են ասել Նաիրին եւ Էդիկը», վերադառնալով ահաբեկիչների «հետեւում կանգնած որոշ ուժերին», ասաց Հունանյանների քեռին։ Իսկ թե պահունակներն ի՞նչ պետք է անեին, «Էդիկն ասաց, որ թող մնա, մենք դուրս կգանք, կգան կտանեն։ Այս ամենը վկայում է Էդիկի մասնակցությունը կազմակերպչական աշխատանքներին», շարունակեց ամբաստանյալը։

Հետո «քեռին» շեղվեց. «Նրանք (ենթադրվում է Նաիրին, Էդիկը եւ Կարենը- Ա.Հ) ովքե՞ր էին, ինչի՞ վրա էին հույս դրել, որ հեղաշրջում անեին։ Ես համոզված եմ, որ այդ ուժերը մինչեւ այսօր էլ պաշտպանում են Էդիկին։ Դրա համար էր նա սպառնում, թե քո մասին չես մտածում, երեխաներիդ մասին մտածիր»։

Վռամ Գալստյանը խոսեց իր հորը, կնոջը եւ երեխաներին ԱԱՆ մեկուսարան տանելու, իր ընտանիքի անդամների ձայներն անընդհատ լսելու, նաեւ ընտանիքի ապահովության մասին։ «Ես այս ոչնչությունների քեռին եմ, բայց ես այն մարդը չեմ եղել, որ զենք վերցնեմ եւ դուրս գամ իշխանությունների դեմ, ինձ խաբել են»։

Հետաքրքրական մի փաստ էլ նշեց ամբաստանյալը։ Ըստ նրա, ահաբեկչությունից մեկ-երկու օր առաջ ինքն իմացել է, որ Հունանյան եղբայրներն ու Էդիկը փորձելու համար մտել են ԱԺ։ «Քեռին» շարունակեց զարմացնել. «Էդիկն ամեն ինչ արել է, որ անմեղ ձեւանա։ Իսկ Նաիրին խակ է, այդքան բան նրա ուղեղին չի հասնում»։ Հետո ավելացրեց. «Եթե իմ հետագա կալանքը կրեմ նույն կերպ, ես պատրաստ եմ հենց հիմա իմ կյանքին վերջ տալ»։

Այդպիսի փորձեր «քեռին» կատարել է 2 անգամՙ անարդյունք։

Այս ամենից հետո Վռամ Գալստյանն ավելացրեց եւս «1 փաստ. ընդմիջման ժամանակ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը Էդիկի պաշտպան Կարո Աղաջանյանին ասել է, որ մի բան կանենՙ Էդիկը պլստա-դուրս գա»։

Հետագա խոսքը վերաբերում էր ընտանիքի անվտանգությանը։ Դատավորը նշեց, որ Վռամի ընտանիքին որեւէ սպառնալիք պարզելու դեպքում դատարանը միջոցներ կձեռնարկի։ «Ինչ վերաբերում է առեղծվածային սարքավորումներին, սրսկումներին, մենք կպարզենք», ասաց դատավորը։

Սամվել Ուզունյանն ավելացրեց նաեւ, որ ապացուցողական նշանակությամբ Վռամ Գալստյանը որեւէ բան չավելացրեց։

Երբ «քեռին» ավարտեց հայտարարությունը, քրոջ ավագ որդին հայտնեց, որ միջնորդություն կներկայացնիՙ «քեռու» համար հոգեբան հրավիրելու համար։ Վռամ Գալստյանը պատասխանեց, որ հոգեկան հիվանդը Նաիրին է եւ «շատ կարճ ժամանակից ուրվական է դառնալու»։

Էդիկ Գրիգորյանը փորձեց հետ չմնալ «քեռուց». «Իմ եւ Վռամի միջեւ առերեսում չի եղել։ Որոշ դրվագներ Վռամի հայտարարության մեջ նոր էին, առաջիկայում ես էլ տվյալներ կներկայացնեմ դատարանին»։

Եթե մինչ այդ պահը Վռամ Գալստյանի խոսքն էր հաճախ անհեթեթ հնչում, ապա Էդիկ Գրիգորյանից հետո անհեթեթություններ դուրս տալու ողջ հնարավորությունն օգտագործեց Կարեն Հունանյանը։

Ի պատասխան Վռամ Գալստյանի մեղադրանքի, մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը (եւ ոչ միայն ինքը) վստահեցրեց, որ նախաքննության նյութերն իրեն բերում են այն ներքին համոզման, որ ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը Էդիկ Գրիգորյանն է։

Այնուհետեւ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը միջնորդություն ներկայացրեց։ Նախ, նա միջնորդեց անմիջապես ապահովել Վռամ Գալստյանի ընտանիքի անվտանգությունը, որ Հունանյանների քեռին կարողանա անկաշկանդ խոսել եւ հնարավորություն լինի նրան արդյունավետ հարցաքննել։ Ապա պրն Յունոշեւն ավելացրեց, որ պետք է ստանալ Վռամ Գալստյան-Նաիրի Հունանյան-Էդիկ Գրիգորյան առերեսման նյութերը։

Ինչ վերաբերում է Վռամ Գալստյանի ընտանիքի խնդիրներին, ապա դատավոր Սամվել Ուզունյանը նշեց, որ դատարանը կճշտի այդ հանգամանքները, ուստի կարող են չընդհատել դատավարության ներկա փուլը եւ կրկին հարցաքննել Վռամ Գալստյանին։ Վերջինս հավելեց, որ կպատասխանի ցանկացած հարցի։

Նաիրի Հունանյանը միջնորդեց «քեռու» ցուցմունքի ժամանակ իրեն հեռացնել դահլիճից, ավելացնելով, որ համ էլ որեւէ ազդեցություն իր կողմից չի լինի։ Կրտսեր եղբայրն, ինչպես միշտ, մի քիչ անհեթեթ խոսեց ինչ-ինչ բաներից, որից հետո, չգիտես ինչու, ոտքի կանգնեց Նաիրի Հունանյանի պաշտպանն ու դժգոհեց, թե դատարանն անտեսում է պաշտպանական կողմին, անգամ բարձրախոսները հեռու են պահվում իրենցից։

¬ Ի՜նչ ողբալի է ձեր վիճակը,¬ արձագանքեց դատավոր Ուզունյանը։

Նաիրի Հունանյանի պաշտպանը շարունակեց, արդեն դասախոսելով եւ խոսքն ուղղելով Վռամ Գալստյանին, թե նրա կողմից ընկերներին մեղադրելը դավաճանություն է։ Փոքրիկ դասախոսություն էլ կարդաց Սամվել Ուզունյանըՙ զգուշացնելով, որ ամբաստանյալներին վիրավորելուՙ դավաճան կոչելու իրավունք պաշտպանը չունի։

Ինչեւէ, Նաիրի Հունանյանի միջնորդությունը բավարարվեց։ Երբ դահլիճից հեռացվեցին ամբաստանյալները, բացի Վռամ Գալստյանից, սկսվեց իսկական զավեշտ։ Վռամ Գալստյանն իրեն քիչ ագրեսիվ, ավելի խրոխտ էր պահումՙ դարձյալ խոսելով ինչ-որ սարքավորումների, ընտանիքի անդամների ձայների մասին։

Հարցաքննությունն այդպես էլ անիմաստ շարունակվեց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4