Բավական հետաքրքրական եւ ցավալի տեղեկություններ են ստացվում մոսկովյան մամուլից։ Օրերս «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը տեղեկություն է հրապարակել, որ ուրախների ու հնարամիտների հայկական թիմիՙ «Նոր հայերի» խաղացողներից մեկինՙ Արման Մկրտչյանին առեւանգել են։ Ճիշտ է, մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է բացահայտել հանցագործությունը եւ գերությունից ազատել Արմանին, սակայն քննության ընթացքում պարզվել է, որ առեւանգողները նրա իսկ ծանոթներն են, որոնք Արմանի եղբորից փրկագին են պահանջել 4 հազար դոլար։ Արմանի եղբայրը հավաքել է 2.5 հազար, սակայն, այնուամենայնիվ, դիմել է ոստիկանություն։ Գումարը փոխանցելու պահին ձերբակալվածները, որոնց թվում եղել է Մարգարիտ անունով մեկը, հայտնել են, թե Մկրտչյան եղբայրների նկատմամբ հետախուզում են հայտարարել Վոլգոգրադ քաղաքի ոստիկանները դրամաշորթության հանցակազմով։ Քննության ընթացքում պարզվել է, որ Մկրտչյանները այդ քաղաքում ուրախների եւ հնարամիտների փառատոն կազմակերպելու լայն քարոզչություն են ծավալել եւ նույնիսկ տոմսերի վաճառք կազմակերպել։ «Փառատոնի» նախօրեին եղբայրները գումարով հանդերձ (300 հազար ռուբլի) անհետացել են, իսկ նրանցից մեկը խնդրել է Մարգարիտի եղբորը Մոսկվայում ստանալ գումարը, եւ նա, առանց հասկանալու, թե ինչն ինչոց է, կատարել է խնդրանքը։
Հասկանալով, որ եղբայրը կարող է անմեղ մեղավոր դառնալ, Մարգարիտը իր ծանոթներից օգնություն է խնդրել, որոնք էլ կազմակերպել են առեւանգումը։ Չի բացառվում, որ ծանոթների մեջ կան ոստիկանության աշխատակիցներ։
«Նոր հայը» եւ նրա եղբայրը գործի մանրամասների բացահայտումից հետո, ինչպես տեղեկացնում է «ՄԿ»-ն, տեղափոխվել են Վոլգոգրադի քննչական մեկուսարան, որտեղ նրանց սպասում է նոր քննություն։
ԸՍՏ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ