ԱԺ-ի հերթական «աչքափակոցին»
Որոշ պատգամավորների այն պնդումները, թե ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահին աշխատանքից ազատելու իրավասությունը ոչ թե ԱԺ նախագահինն է, այլ խորհրդարանինը, այդպես էլ մնացին անպատասխան։
Պալատի նախագահին ընտրելուՙ ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով Արմեն Խաչատրյանը երեկ խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց այդ պաշտոնում միակ թեկնածուինՙ ԺԴԿ անդամ Գագիկ Ոսկանյանին, որը կրթությամբ տնտեսագետ չէ։ Համաձայն կարգի, թեկնածություն ներկայացնելու մենաշնորհը պատկանում է ԱԺ նախագահին եւ վերջինս էլ օգտվել էր իր իրավունքներից։
Առաջարկված թեկնածուն, փաստորեն, խորհրդարանական մեծամասնության այն թեւից էր, որը վերջին շրջանում մեկուսացված էր թվում։ Այդպիսով, ԺԴԿ-ին հնարավորություն ընձեռվեց իր ձեռքը վերցնելու երկրի համար չափազանց կարեւոր պորտֆելներից մեկը, ինչն, անշուշտ, գալիք ընտրություններում համագործակցության եզր ստեղծելու հիմք է ծառայում։
Որ թեկնածության առաջադրումն ակնհայտ քաղաքական բովանդակություն ուներ, վկայեց նաեւ ընդդիմության եւ հատկապես ՀԺԿ-ի հակադարձ դիրքորոշման արտահայտությունը։ Բանն այն է, որ Գագիկ Ասլանյանը պատգամավոր է ընտրվել ՀԺԿ ցուցակով եւ փաստորեն ՀԺԿ-ին կանգնեցնում էր անհարմար դրության առջեւ։ «Մեր դիրքորոշման պատճառը շատ հստակ է։ Գտնում ենք, որ գիտությունների դոկտորին փոխարինելը տնտեսագիտության հետ ոչ մի կապ չունեցող անձով այն դեպքն է, երբ Կարեն Սերոբիչն ասում էրՙ ում ինչ պաշտոն տալիս են, «պապկան» թեւի տակ է դնում, ասումՙ շնորհակալ եմ։ Չի կարելի այդ կարեւորագույն պաշտոնում նշանակել մարդու, որն իր կրթական մակարդակով եւ աշխատանքային փորձով չի համապատասխանում չափանիշներին։ Այդ պաշտոնում ընտրված անձը պետք է լինի մարդ, որն սկզբունքի տեր է, որն իր պաշտոնը կարող է անկաշառ զբաղեցնել։ Այս առումով թեկնածությունը որեւէ տրամաբանության չի ենթարկվում։ Դուք հիշում եքՙ նա ՀԺԿ անդամ էր, հետո սկզբունքը փոխեց, դարձավ ինչ-որ ԺԴԿ-ի անդամ, հետո կարող է մեկ ուրիշ բան դառնալ։ Նա նախ պետք է սկզբունք ունենա։ Վաղը, մյուս օրը դրա ձայնը դեռ լսելու ենք։ Փաստորեն, գործ ենք ունենալու մարդու հետ, որը կատարելու է ցուցումներ...», ՀԺԿ-ի դիրքորոշումն այս կերպ մեկնաբանեց պատգամավոր Արամայիս Բարսեղյանը։ Նրա համոզված տոնը, որը վկայում էր Գագիկ Ոսկանյանի ընտրվելու մասին, շուտով արդարացավ։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի հաղորդած տվյալներովՙ ընտրությանը մասնակցած 98 պատգամավորներից 72-ը կողմ էր քվեարկել, 22-ըՙ դեմ, 4 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Այս առիթով Գագիկ Ասլանյանըՙ ԺԴԿ նախագահը, ասաց, թե նշելու առիթ ունենՙ նախ Ոսկանյանի ընտրության, ապա նաեւՙ կուսակցության միամյակի առիթներով։ Ինքըՙ Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահը, ըստ ամենայնի, այլ քաղաքականություն է վարելու իր իրավասությունների շրջանակներում եւ անուղղակիորեն անգամ քննադատեց իր նախորդինՙ Աշոտ Թավադյանին. «Ես չեմ կարեւորում, որ այդ պաշտոնում պետք է տնտեսագետ լինի։ Որովհետեւ իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կարող եմ, ի վիճակի եմ ղեկավարել պալատի աշխատանքները։ Իրավական տեսակետից բոլոր հիմքերը ճիշտ էին Թավադյանի առումով։ Ամենակարեւորն այն է, որ Վերահսկիչ պալատը պետք է միայն թերություններ արձանագրող չլինի։ Ոչ մի անգամ պետությանը պատճառված վնասի վերականգնման, մեղավորների, պատժվածների մասին տեղեկություններ չեն տրվել։ Այս առումով փոփոխություն պետք է կրի նաեւ «Վերահսկիչ պալատի» մասին օրենքը։ Այնպես է ստացվել, որ պալատն իր հաշվետվությունը ներկայացնում է մի ամբողջ գրքույկով եւ պատգամավորներից շատերը չեն հասցնում դրան ծանոթանալ»։
Ինչ վերաբերում է Ա. Թավադյանի այն հայտարարությանը, թե ԱԺ ծախսումները պետք է ստուգվեն, իսկ որոշ պատգամավորներ պնդում են, որ խորհրդարանի ղեկավարությունն այս ոլորտում չարաշահումները կոծկելու միտումով է հաշվեհարդար տեսնում Թավադյանի նկատմամբ, Գագիկ Ոսկանյանն անհիմն որակեց. «Ովքեր բարձրացնում են այդ հարցը, պետք է իմանան, որ պալատը գործում է ԱԺ-ի հաստատած ծրագրով։ Եթե ծրագրում ընդգրկված լիներ ԱԺ-ի ծախսումների մասը, բնականաբար այդ մասը պետք է ուսումնասիրվեր»։
Ինչեւէ, պետք է արձանագրել, սակայն, որ որքան անսպասելի չէր այս ընտրությունը, նույնքան տարակուսելի է այն փաստը, որ խորհրդարանը պարզապես աչք է փակում մի քանի ակնհայտ բացթողումների վրա։
Առաջինՙ արդյոք ԱԺ նախագահի քայլերը չե՞ն հակասում օրենքի հետադարձ ուժ չունենալու սկզբունքին։ Արդյոք պաշտոնավարման 6 տարվա ժամկետը չպե՞տք էր հաշվել 1999-ից, երբ նշված օրենքում ժամկետի փոխման առումով փոփոխություն մտցվեց։
Երկրորդՙ այդ ինչպե՞ս է Գ. Ոսկանյանը ներկայացնելու, ասենք, չարաշահումների ամբողջական շղթաներ, եթե չի ընդունում հաշվետվության մանրամասն եւ «մի ամբողջ գրքույկով» ներկայացնելու տարբերակը։
Երրորդՙ նախ ինչո՞ւ ԱԺ-ն Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը ներկայացնելիս որպես ուսումնասիրության ենթակա ոլորտ չէր ընդունում սեփական ծախսումները, եւ եթե դա ընդամենը թյուրիմացության արդյունք է, ապա ինչո՞ւ ոչ մի պատգամավոր հանձն չի առնում այս առումով «Ծրագրում» փոփոխություն մտցնելու առաջարկություն ներկայացնել։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ