Մայր աթոռ Սբ. Էջմիածնից խոր ցավով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Թբիլիսիում անակնկալ վախճանվել է Մայր աթոռի ավագագույն եկեղեցականներից Վիրահայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գեւորգ արք. Սերայդարյանը։
Հանգուցյալ սրբազանը երեսուն տարիներ հոգեւոր առաջնորդն էր Վիրահայոց թեմիՙ արժանիորեն վաստակելով սերն ու հարգանքը վիրահայության։ Մայր աթոռում մշտապես բարձր է գնահատվել Սրբազան հոր ծառայասիրությունը, ազնվությունն ու անկեղծությունը եւ Սբ. Էջմիածնի հանդեպ անսակարկ հավատարմությունը։
Գերշ. Տ. Գեւորգ արք. Սերայդարյանը (ավազանի անունովՙ Կարպիս) ծնվել է 1938 թ. Բուխարեստում։ Հայրենադարձել է 1948 թ.։ 1956 թ. Երեւանում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հոգեւոր ճեմարան։ 1962 թ. ավարտելով ճեմարանըՙ ձեռնադրվել է սարկավագ։ 1964 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ մեկ տարի անց ստացել վարդապետական աստիճան։ 1968-1971 թթ. հոգեւոր ծառայության է անցել Դոնի Ռոստովում։ 1972 թ. Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի սրբատառ կոնդակով նշանակվել է Վրաստանի հայոց առաջնորդական տեղապահ, իսկ 1973 թվականիցՙ առաջնորդ վիրահայոց թեմի։ 1973 թ. ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան եւ նույն թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1995 թ. արժանացել է արքության պատվի։ Եղել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ։ 1971 թվականից Գեւորգ սրբազանն էր կազմում ու խմբագրում Մայր աթոռ Սբ. Էջմիածնի պաշտոնական օրացույցները։
Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, պաշտոնեությունը եւ հավատացելոց դասը խորապես սգում են Սրբազան հոր անժամանակ մահը եւ աղոթում հանգուցյալի հոգու հանգստության համար։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։
Մամլո Դիվան