Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում երեք հարց քննարկվեց։ Առաջինով սահմանվեցին համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձեւը եւ ներկայացնելու կարգը։ Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ առաջադրված թեկնածուները ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 15 օր հետո իրենց գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին են ներկայացնում հայտարարագիրը։ Ընտրատարածքային հանձնաժողովը յուրաքանչյուր հայտարարագիր ստանալուց հետո 3 օրվա ընթացքում դրանք ուղարկում է ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն։ Մեկ ամսվա ընթացքում ստուգված եւ ամփոփված տվյալները ներկայացվում են ԿԸՀ-ի քննարկմանը։ Ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ նախորդ ընտրություններին հայտարարագրերին առնչվող խախտումները լուրջ իրավական հետեւանքներ չունեցան, եւ այս ընտրություններին ԿԸՀ-ն պետք է հետամուտ լինի դատաիրավական ատյանների կողմից օրենքի պահանջին հետեւելուն։
ԿԸՀ անդամները գործող օրենքի թերություն համարեցին նաեւ այն, որ թեկնածուների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների սահմանափակումներ օրենքը չի նախատեսում։
Քննարկված հաջորդ հարցը համայնքի ղեկավարի թեկնածուի կրթական ցենզին էր վերաբերում։ Ընտրական օրենսգրքում թեկնածուի կրթական ցենզին վերաբերող կետ չկա, տեղական ինքնակառավարման օրենքը, սակայն, նշում է, որ թեկնածուն պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։ Օրենքի այս հակասությունը հարթվում է ՀՀ իրավական ակտերի օրենքով, որը հակասության դեպքում նախատեսում է առաջնորդվել ավելի վաղ ընդունված օրենքով, ուստի այս պարագայում ԿԸՀ-ն պետք է ղեկավարվի ՀՀ ընտրական օրենսգրքով։
ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի խոսքերով, հանձնաժողովը կողմնակից է, որ կրթական ցենզը հաշվի առնվի։ Ավելինՙ նա անհրաժեշտ է համարում նաեւ առողջության եւ քրեական անցյալի վերաբերյալ վկայականների պահանջը։ Հարցը, սակայն, 1999 թ.-ից քննարկվել եւ այդպես էլ չի ընդունվել ԱԺ պարագայում, բայց նախատեսված է տեղական ինքնակառավարման օրենքով։ Օրենքների հակասության պայմաններում, սակայն, դարձյալ պետք է ՀՀ ընտրական օրենսգրքով ղեկավարվել։
Որոշակի խմբագրմամբ ընդունվեց նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկներում փոփոխություններ կատարելու կարգը։ Դատարանի վճռով թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում ընտրատարածքային հանձնաժողովը պետք է ապահովի այդ թեկնածուին վերաբերող տողի ամբողջական վերացումըՙ թանաքով ջնջելով կամ նոր քվեաթերթիկ տպագրելով։
Թեկնածուների գրանցման հետ կապված դատական վեճի առկայության դեպքում քվեաթերթիկների թողարկումը կիրականացվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրըՙ քվեարկությունից չորս օր առաջ։
Մ. Հ.