«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2002-09-10 | #162, 2002-09-11 | #163, 2002-09-12


ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ

16 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունում վստահ համոզմունք է արտահայտվում, որ գալիք նախագահական ընտրությունները կեղծվելու են։ Նույն «համոզմունքը» կրկնեց ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 8-ին «Ազատություն» ռադիոկայանով։ Նկատի ունենալով, որ կենտրոնական եւ տեղական ընտրահանձնաժողովների կազմերում ընդգրկված են եւ ընդդիմության անդամները, ապա նորմալ տրամաբանությամբ դժվար է ակնկալել ընտրության արդյունքի կեղծումը։ Որովհետեւ. առաջինՙ Կենտրոնական հանձնաժողովում հանրապետության նախագահը նշանակում է միայն 3 անդամի, երկրորդՙ յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ (վերեւից ներքեւ) իրավունք ունի տեղում ստուգելու բոլոր կասկածները։ Միաժամանակ, սակայն, անհնար է նախօրոք 100 տոկոսով բացառել կեղծիքի հնարավորությունը։ Բայց «16 ընդդիմադիրների» ներկայացուցիչներն աջ ու ձախ պնդում են ոչ թե հնարավորության, այլՙ «անխուսափելիության» մասին։ Փաստորեն, իրականությունը փորձում են շուռ տալ 180 աստիճանով։ Այդպիսի քայլի դիմում են միայն երկու տեսակի մարդիկ. խելքից պակասները եւ հեռանկարային «նշան առնող» խորամանկները։ Լիովին բացառելով առաջինը, կցանկանայինք մեկնաբանել երկրորդի դիմակավորված գաղտնիքը։

Որ հանրապետության ներկա նախագահի ժամանակ (նախկինի համեմատ) հանրապետության կյանքն էապես բարելավվել էՙ բոլորիս համար ակնհայտ է։ Դա հստակ վկայում են երկու ծանրակշիռ ցուցանիշներ. Հայաստանի արտադրության աճի տոկոսը 2002 թ. ԱՊՀ-ում ամենաբարձրն է, 2002 թ. հունվարից թոշակները վճարվում են ժամանակին (էլ չխոսենք նպաստները ժամանակին տալու մասին)։

Այդ երկու ցուցանիշին հասնելու ճանապարհին ներկա իշխանությունը կայուն պայմաններ է ստեղծել, որ նախկինների դադարեցրած գործարաններն աշխատեն (էլեկտրալամպերի, ալյումինի գործարանները եւ այլն), լիովին քայքայված արտադրությունները վերականգնվեն (Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի պես), եւ ինքնահոսի թողած հարկահավաքումը (որի պատճառով առաջ թոշակները 3¬4 ամսով ուշանում էին) էապես կարգավորվի։ Այս եւ ուրիշ դրական տեղաշարժեր չեն կարող չնկատել ընդդիմության առաջնորդները։ Եվ, զգալով ներկա նախագահի վերընտրման մեծ հավանականությունը, իրենց համար պատճառաբանություն են ապահովումՙ փորձելով նախօրոք «կեղծիքային ակնկալիքների» մթնոլորտ ստեղծել հասարակայնության մեջ, որ հետագայում իրենց «իմաստուն» ձեւացնեն ու նոր լիցք հաղորդեն անվերջ շարունակվող «նախագահի հրաժարականը պահանջող» թատրոնին, որի միջոցով իրենցից բան չներկայացնողները քաղաքական «վատ համբավ» են ձեռք բերելՙ քաղաքական ավազանում ջուր պղտորելով։ Այդպիսով, եթե պարոններ Շ. Քոչարյանը, Գեղամյանը, Սարգսյանը, Բազեյանը, մեծ հավանականությամբ, իշխանության չգան, ապա, չհավատալով արդար ընտրությանը, հաջողությամբ կներկայացնեն (նոր ժամկետով) սեփական առաջնորդությունն ընդդիմության շարքերում։ Կարճ ասածՙ փորձում են այնպես խաղալ, որ երկուՙ հակառակ դեպքերում էլ, լիովին չպարտվեն։

ԱՐԿԱԴԻ ՄԱՐՈՒԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4