«Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցի ռեստորանում, հյուրերի մեծ ներկայության պայմաններում, ծննդյան 50-ամյակը նշեց Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ Լեւոն Չախմախչյանը։ Հոբելյարին եկել էին շնորհավորելու Ռուսաստանի հեռուստատեսության եւ էստրադայի աստղերը, ՌԴ Պետդումայի նախագահը եւ այլ նշանավոր անձինք։
Ռեստորանի դահլիճի մուտքի մոտ հյուրերին դիմավորում էր հոբելյարը, որը կրում էր օլիմպիականին հիշեցնող եւ 50 թվանիշն ունեցող ոսկե մեդալ։
Երբ բոլորն իրենց տեղերը զբաղեցրին չորս երկար սեղանների շուրջ, դահլիճ մտան Ալլա Պուգաչովան եւ Աշխատավորների ինքնակառավարման կուսակցության հիմնադրի այրի Իրենա Ֆյոդորովան։ Երկու սեւազգեստ կանանց մուտքը դիմավորվեց ծափերով, իսկ պաշտոնապես երեկոյի թամադա ընտրված Գեորգի Տեր-Ղազարյանցն ընդհատեց իր առաջին կենացը։ Տասը րոպե անց երեւաց Մաքսիմ Գալկինը եւ նստեց երգչուհու կողքին։ Ալլա Պուգաչովան չդիպավ ուտելիքին եւ խմիչքին, նա ծխում էր ծխափողով սիգարետներՙ մեղմիկ զրուցելով խաղող ըմբոշխնող Իրենա Ֆյոդորովայի եւ Մաքսիմ Գալկինի հետ։ Շուտով երեկոն վարող Օլեգ Մարուսեւը նրան փոխանցեց խոսափողը, եւ տիկին Պուգաչովան Լեւոնին խոստովանեց սերՙ իր, ընտանիքի ու Գալկինի անունից եւ, շրջվելով դեպի Մաքսիմը, փոխանցեց խոսափողն իր «սիրելի ընկերոջը»։ Մաքսիմ Գալկինն, իր հերթին, հարցրեց հոբելյարին, թե, բացի ներկաներից, ում շնորհավորանքը կցանկանար լսել։ Պարոն Չախմախչյանն առանց տատանվելու պատասխանեցՙ Պուտինի։ Եվ Գալկինն ընդհանուր ծիծաղի ներքո սկսեց խոսել նախագահի ձայնային երանգներով, իսկ շնորհավորական խոսքն ավարտեց մաղթանքներովՙ արդեն հայերենով։
Լեւոն Չախմախչյանին եկել էր շնորհավորելու նաեւ Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը, որը հավաստիացրեց, որ Պետդումայում զգացվում է հոբելյարի պես մարդկանց պակաս։ Իր բուռն ու հուզական շնորհավորական խոսքում նրա կարծիքը պաշտպանեց Վլադիմիր Ժիրինովսկինՙ խոստանալով առաջիկա ընտրություններում ապահովել Լեւոն Չախմախչյանի գլխավորած կուսակցության մուտքը Պետդումա, նշելով. «Մեզ այնտեղ անհրաժեշտ են նման խելոք մարդիկ»։ Գենադի Սելեզնյովի եւ Վլադիմիր Ժիրինովսկու կողքին նստած էին Պետդումայի փոխնախագահներ Արթուր Չիլինգարովը եւ Գենադի Սեմիգինը, Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը (թեեւ շախմատի մեծ սիրահար հոբելյարին շախմատ նվիրեց ոչ թե նա, այլ Անատոլի Կարպովը)։ Սեղանի շուրջ նստած էին նաեւ ՌԴ ներքին գործերի փոխնախարար Անդրեյ Չեռնենկոն, Մոսկվայի կառավարության նախարար Ալեքսանդր Մուզիկանտսկին, հեռուստալրագրողներ Ալեքսանդր Օլեյնիկովը եւ Անդրեյ Կարաուլովը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը։
Կենացների եւ շնորհավորանքների արանքում հյուրերին իրենց երգերով զվարճացնում էին Վիտասը եւ Լյուբով Ուսպենսկայան։
ՕՔՍԱՆՆԱ ԱԼԵՔՍԵԵՎԱ, «Կոմերսանտ»