Տորոնտոյից (Կանադա) էլ. փոստով ստացված լրատվությունը տեղեկացնում է, որ տեղի Զորյան ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված գալա-միջոցառմանը ցուցադրվել է Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմըՙ մրցանակակիր ռեժիսորի եւ իր մրցանակակիր կնոջ ներկայությամբ։ Հրավիրված են եղել ականավոր անձինք Հյուսիսային Ամերիկայից։
«Զորյան ինստիտուտն ակտիվ ու վճռական դեր է խաղացել պատմության խեղաթյուրումների եւ ցեղասպանության ժխտման փորձերի դեմ պայքարում իր գիտական հրատարակություններով, որոնք իրենց բնագավառում դարձել են դասական եւ վաստակել արժանահավատ լինելու ամուր համբավ աշխարհի ամենատարբեր գիտական հաստատությունների ու հարգարժան գիտաշխատողների կողմից», ասել է այս առթիվ կանադահայ ռեժիսոր Ատոմ Եղոյանը։ Իսկ տիկին Արսինեն ոգեւորությամբ հիշել է շրջանավարտ լինելուց անմիջապես հետո իր առաջին հանդիպումն այդ հաստատության հետ։ «Իմ կարծիքով, կատարվածի մասին անտեղյակությունը մասամբ կարելի էր բացատրել գիտական լուրջ ուսումնասիրությունների եւ համեմատական վերլուծությունների պակասով։ Եթե ինչ-որ դատ ենք պաշտպանում, մենք պարտավոր ենք լրջորեն եւ վստահորեն զինվել ինչպես զգացմունքային, այնպես էլ, եւ մանավանդ, մտավոր կարողություններով։ Այս իմաստով եմ ծանոթացել Զորյան ինստիտուտի եւ այնտեղ աշխատող հայ եւ օտար գիտնականների հետ, որոնք ստանձնել են մոռացված անուն վաստակած Հայոց ցեղասպանության փաստերի բացահայտումը, ուսումնասիրությունն ու հրատարակումը։ «Հիտլերը եւ հայերը», «Լռության ոճրագործությունը», «Ղարաբաղյան թղթապանակ» հատորները, ինչպես նաեւ «Ցեղասպանության խնդիրները» կոնֆերանսի նյութերն ինձ օգնեցին բացահայտելու մեր պատմության մութ էջերը։ Դա հենց այն էր, ինչ ես որոնում էի»։
«Արարատ» գեղարվեստական ֆիլմի, Զորյան հաստատության գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումներից հետո Ատոմ Եղոյանի, Արսինե Խանջյանի, ինչպես նաեւ պրոֆ. Վահագն Տատրյանի եւ Քերոլ Աննա Նաջարյանի խոսքերից ոգեւորված ներկաները սրտաբուխ նվիրատվություններով (որը մոտ 70 հազար դոլարի է հասնում) իրենց աջակցությունն արտահայտեցին ինստիտուտին։
«Զորյան ինստիտուտի գոյությունը կենսական անհրաժեշտություն է ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու գործում եւ արժանի է ամեն տեսակի օժանդակության», նշել է ճանաչված ցեղասպանագետ պրոֆ. Վահագն Տատրյանը։
«Ես միշտ երազել եմ տեսնել մի հաստատություն, որը քաղաքական կապերից զուրկ լինելով զբաղվեր բացառապես գիտությամբ եւ ճշմարտության բացահայտմամբ։ Հաճելի է գիտակցել, որ ձեզ նման մարդիկ, ովքեր նվիրված են այդ արդար գործին, կան եւ աշխատում են այստեղ», արտահայտելով շատերի համոզմունքը, ասել է Էդի Մուսախանյանը, որը 10 հազարի նվիրատվություն է արել։
Ավելացնենք, որ Տորոնտոյից բացի, Զորյան ինստիտուտը գրասենյակ ունի նաեւ Քեմբրիջում, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում։
Հ. Ծ.