Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 17 տարեկաններ) սեպտեմբերի 18¬22-ը Իսլանդիայում կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին։ Մեկնարկային խաղումՙ սեպտեմբերի 18-ին հայ պատանիները կմրցեն շվեյցարացիների հետ։ Երկու օր անց նրանք ուժերը կչափեն Իսրայելի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 22-ին կհանդիպեն իսլանդացիների հետ։ Մրցակարգի համաձայն, հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն առաջին երկու տեղերը գրաված հավաքականները։ Առաջին փուլի արդյունքներով կորոշվեն պայքարը շարունակող 22 հավաքականները, որոնց կմիանան Իսպանիայի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Հունգարիայի եւ Անգլիայի ընտրանիները։ 28 թիմերը 2-րդ փուլում կբաժանվեն 7 խմբի։ Խմբերի հաղթողներն առաջնության կազմակերպիչ երկրիՙ Պորտուգալիայի հավաքականի հետ իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի հավաքականի առջեւ շատ լուրջ խնդիր է դրվածՙ ոչ միայն նվաճել եզրափակիչի ուղեգիր, այլ նույնիսկ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Ընտրական մրցաշարին նախապատրաստվելու նպատակով ՀՀ հավաքականն Օսկար Լոպեսի գլխավորությամբ սեպտեմբերի 9-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆրանսիայում։ Լոպեսի օգնականներն են Ռուբեն Ֆլոտան, Սամվել Պետրոսյանն ու Արթուր Ավագյանը։ Բոլոր 20 ֆուտբոլիստներն էլ «Փյունիկ¬3»-ից են։ Ահա պատանեկան հավաքականի կազմը. Աղվան Այվազյան, Հրաչ Եղիազարյան, Ալբերտ Մուրադյան, Ալեքսանդր Պետրոսյան, Մխիթար Գրիգորյան, Խորեն Վերանյան, Ժորա Հովհաննիսյան, Ռոբերտ Ամիրյան, Գրիգոր Մելիքսեթյան, Գեւորգ Նռանյան, Արթուր Ավանեսյան, Էդգար Մանուչարյան, Ռաֆայել Սաֆարյան, Հմայակ Ենգիբարյան, Արմեն Հովհաննիսյան, Ռուբեն Արզումանյան, Կարլ Նկալե Լոմբե, Ապոուլա Էդիմա Բետե, Բալեպ Բա Նդոումբոուկ, Վահե Մեհրաբյան։