Ռոբերտ Քոչարյանի շրջայցը մայրաքաղաքում
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մայրաքաղաքի շինհրապարակներ երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցը նպատակ ուներ պատկերացում կազմել շինարարական ընթացքի ծավալների եւ որակի մասին։ Ռոբերտ Քոչարյանը շրջապտույտ կատարեց Հյուսիսային ճառագայթով, Հյուսիսային պողոտայով, Մյասնիկյան հրապարակով, Օղակաձեւ զբոսայգով, դիտեց Խանջյան փողոցում վերանորոգումը «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Եղավ օպերայի շենքում, դիտեց կառավարական երրորդ շենքի շինարարության ընթացքը։
Հյուսիսային ճառագայթի կառուցապատումը կավարտվի երկու տարվա ընթացքում։ Տարածքի 30 տոկոսն արդեն իրացվել է։ 14 առանձնատներ արդեն կառուցվում են ապագա սեփականատերերի միջոցներով, որոնք հիմնականում ռուսաստանաբնակ հայեր են։ Կլինեն նաեւ բարձրահարկ բնակելի տներ, շենքեր։ 3 հեկտարի վրա հավանաբար թաղամաս կկառուցվի նաեւ հետագայում անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։
Իսակովի պողոտայի ճանապարհաշինական մասն արդեն ավարտին է հասել, այժմ Մյասնիկյան հրապարակի վերակառուցումն է ընթանում։ Կառավարության որոշմամբ, գինու գործարանի հարակից 2,5 հեկտար տարածքի վրա գտնվող մասնավոր հատվածն իրացման է ենթակա, այս աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։ Կպահպանվի միայն պատմական հատվածըՙ Երեւանի բերդի մի մասը եւ մզկիթը։ Գինու գործարանի հարեւանությամբ, գործարանի սեփականատիրոջ միջոցներով կկառուցվի 60 մետրանոց աշտարակՙ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Շինարարությունը կսկսվի գալիք տարվա փետրվարից։
Կիսակառույց շենքը, որ նախկինում որպես քաղաքապետարան է նախատեսված եղել, կավարտվի եւ հավանաբար կծառայի որպես քաղաքապետարանի շենք։ Սեփականատեր «Գառնի գրուպ» ընկերության հետ այս հարցի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում։
Ի սկզբանե նախատեսված նպատակին կծառայի նաեւ երրորդ կառավարական շենքը, որի շինարարությունը 2003 թ. սկզբին կավարտվի։ Շենքում կտեղակայվեն յոթ նախարարություններ։
Շրջայցի ավարտին լրագրողների հետ զրույցի ընթացքում նախագահը գոհունակություն հայտնեց տեսածից։ Շինարարության ծավալների անընդհատ աճ է արձանագրվում մայրաքաղաքում։ Միայն Երեւանում «Լինսի» հիմնադրամի ծրագրերով այսօր մոտ երեք հազար մարդ է ներգրավված շինարարական աշխատանքների մեջ (հանրապետությունում նրանց թիվը մոտ 11 հազար է)։
Շինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի են ընթանում, կան որոշ ուշացումներ, որ կապված են նախագծային աշխատանքների հետ, Հյուսիսային պողոտայի պարագայում որոշ ուշացումներ կան ենթակառուցվածքների հետ կապված։ Դրանք կառուցվում են ժամանակակից չափորոշիչներով։ Ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, իրականացվող շինարարությունը բարձրորակ է։ Սա նաեւ ենթադրում է հետագայում գնային աճ։
Հանրապետության նախագահը նշեց, որ մայրաքաղաքի շինարարական ծրագրերի զգալի մասն իր նախաձեռնությամբ է, եւ ուշադրությունը մայրաքաղաքի վերակառուցման ընթացքին պայմանավորված է այդ հանգամանքով, նաեւ այն համոզվածությամբ, որ դրանց բարեհաջող ավարտը կենթադրի նաեւ նոր ծրագրեր։
Ռոբերտ Քոչարյանը մանրամասնորեն ծանոթացավ Հյուսիսային պողոտայի մանրակերտին։ Նրա խոսքով, այն հետաքրքրական է եւ տպավորիչ, մայրաքաղաքն էլ կամաց-կամաց ձեռք է բերում եվրոպական քաղաքին վայել դիմագծեր։
«Ազգի» այն հարցին, թե Հյուսիսային պողոտայի իրացվող տարածքի բնակիչներին չեն գոհացնում իրենց տների գնահատումն ու տրված գումարները, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, թե գույքը գնահատում են անկախ աուդիտորական ընկերություններՙ շուկայական գներին համապատասխան։ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն էլ ավելացրեց, թե գնահատումն օբյեկտիվ է կատարվում, «բոլոր երկրներում էլ սեփականատերերի հետ դժվարություններ են առաջանում», նշեց նա։
Բնակիչների բողոքների վերաբերյալ լրագրողները հարց ուղղեցին նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետին։ Նարեկ Սարգսյանի խոսքով, ինքն օրերս հանդիպել է բնակիչների հետ, խնդիրները հասկացել, եւ «հիմա այդ հարցերը վերանայվում են»։
Ի դեպ, երեկ, այդ նույն բնակիչները նախագահին տեսնելու առիթն օգտագործեցին եւ նրան հանձնեցին դիմում-բողոքՙ այն ակնկալիքով, որ գոնե երկրի ղեկավարը հետամուտ կլինի բնակիչների խնդրի լուծմանը։
Ռ. Քոչարյանի հետ հանդիպումը լրագրողների համար եւս առիթ էր, իրենց իսկ խոսքերով, «քաղաքական շինարարությանը» վերաբերող հարցեր ուղղելու համար։
¬ Ինչպե՞ս եք վերաբերվում 16 ընդդիմադիր կուսակցությունների միավորմանը։
¬ Կարծիք կա, թե ես պետք է մտահոգվեմ եւ ամեն ինչ անեմ ձեւավորվող դաշինքը քայքայելու համար։ Հակառակըՙ ես ողջունում եմ այն։ Ցավալի կլինի, եթե այդ դաշինքը չկարողանա մեկ թեկնածուով հանդես գալ։ Նախագահական ընտրությունները 10¬15 թեկնածուներով ինձ զավեշտական են թվում։
Ընտրությունները ներքին լարվածություն են երկրի համար, ու եթե հնարավոր լինի դրանք մեկ փուլով անցկացնել, լարվածությունն ավելի կարճ կտեւիՙ դրական ազդեցություն թողնելով երկրի տնտեսական վիճակի վրա։ Միասնական թեկնածուի առկայությունը կտա այդպիսի հնարավորություն։
¬ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները չե՞ն ենթադրում արդյոք, թե ղարաբաղյան հարցը կրկին փակուղի է մտել։
¬ Ադրբեջանական կողմն այդպիսի հրապարակային ելույթների ժամանակ միշտ փորձում է հարցը սրել, հայկական կողմն ավելի զուսպ է լինում։ Կարծում եմ, այս անգամ Վարդան Օսկանյանը ստիպված է եղել օգտագործել իր ելույթի «պահուստային» մասը։ Ղարաբաղյան խնդրի լուծումը փակուղի չի մտել։ Մենք նախագահ Ալիեւի հետ պետք է նաեւ Քիշնեւում հանդիպենք։
¬ Վրաստանի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, թե ՀՀ նախագահը կստանձնի միջնորդի դեր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Այսօրվա հանդիպմանը քննարկվե՞լ է այդ հարցը։
¬ Թեւզաձեի հետ հանդիպմանը հիմնականում քննարկվել են ստեղծված իրավիճակը, հնարավոր լուծումները, բայց ավելի շատ ինֆորմատիվ հանդիպում է եղել։