Օսկանյանը եւ Գյուրելը պայմանավորվել են շարունակել հայ-թուրքական երկխոսությունը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ Իսրայելի արտգործնախարարներին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական վեբսայթից, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Քամալ Խարազիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տնտեսական հարցեր, այդ թվումՙ Իրան-Հայաստան գազատարի շինարարության ապագան, ինչպես նաեւ Աֆղանստանի եւ Իրաքի շուրջ զարգացումները։ Օսկանյանը Խարազիին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ Սադարակում կայացած հանդիպման արդյունքները։
Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Մահեր էլ Սայեդի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցերՙ կենտրոնանալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության վրա։ Վարդան Օսկանյանը Եգիպտոսի իր պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտությունում Եգիպտոսի անկողմնակալ մոտեցման համար։ Ապա ՀՀ արտգործնախարարը ԼՂ բանակցային գործընթացի զարգացումների մասին տեղեկացրել է Իսրայելի իր պաշտոնակից Շիմոն Պերեսին։
Քննարկվել է Բեթղեհեմի ձիթենյաց այգիների խնդիրը. ինչպես հայտնի է, «Ցահալի» զորքերը վերահսկողության տակ են վերցրել Երուսաղեմի հայոց պատրիարքության սեփականություն «Պարոն Տեր» կալվածքըՙ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ անվտանգության պատ կառուցելու մտադրությամբ։
2002 թ. ընթացքում Վարդան Օսկանյանը չորրորդ անգամ է հանդիպում Թուրքիայի իր պաշտոնակցին, այս անգամՙ նորանշանակ նախարար Շուքրու Սինա Գյուրելին։ Նախկին արտգործնախարար Իսմայիլ Ջեմի հետ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը բանակցել է Նյու Յորքումՙ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, Ռեյկյավիկումՙ ՆԱՏՕ¬ի շրջանակներում, եւ Ստամբուլումՙ սեւծովյան տնտեսական համագործակցության հերթական հանդիպման ընթացքում։ Օսկանյանը եւ Գյուրելը կարծիքներ են փոխանակել երկու հարեւան պետությունների միջեւ խոչընդոտների հաղթահարման ուղիների, երկկողմ հարաբերությունների շուրջ, քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման ապագան։ Օսկանյանն ընդգծել է, որ Իսմայիլ Ջեմի հետ նմանօրինակ հանդիպումներն օգտակար են եղել։ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները համաձայնել են կրկին հանդիպել։ Թուրքական կիսապաշտոնական «Անատոլու» գործակալությունը հաղորդում է, որ Օսկանյանը Գյուրելին կոչ է արել վերականգնել Թուրքիան եւ Հայաստանը կապող երկաթգիծը։
Երեկ նախատեսված էին Վարդան Օսկանյանի հանդիպումները մի շարք այլ պետությունների արտգործնախարարների հետ։ Այսօր ՀՀ արտգործնախարարը կուղեւորվի Բոստոն, ապաՙ Նյու Հեյվըն եւ Ան Արբոր։ Օսկանյանը դասախոսություններ կկարդա Թավթցի, Եյլի եւ Միչիգանի համալսարաններում։
Թ. Հ.