«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2002-09-14 | #166, 2002-09-17 | #167, 2002-09-18


ՁԵՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆ ԻՆՉՔԱ՞Ն Է, ՊԱՐՈ՛Ն

«Լրագրողական դաշտն այնքան է աղտոտված, որ «Արմենտելի» հույն կաշառակեր տնօրենը հայ լրագրողներին կաշառելու համար կարող է ասուլիսում բաժանել բջջային հեռախոսներ։ Եվ եթե այդ օրը լրագրողները նրա գլուխը չջարդեցին այդ բջջային հեռախոսներովՙ ցանկացած մարդ հիմա մեր մասին կարող է ամեն ինչ մտածել։ 40 դոլարանոց բջջայիններով նա գնեց հայ լրագրողներին», Հայաստանի ամենաանկաշառ լրագրողուհի Աննա Իսրայելյանին ասել է Հետաքննող լրագրողների ընկերակցության նույնքան անկաշառ նախագահ Էդիկ Բաղդասարյանը։

Պրն Բաղդասարյանը ինչ-որ բան ջարդելու անթաքույց հակումներ ունի, օրինակ, վերջերս «Աբովյան» հեռուստախմբագրության շուրջ ստեղծված պատմության օրերին հայ լրագրողներին կոչ էր անում մեկնել Աբովյան եւ ձվերով, քարերով ջարդել քաղաքապետարանի պատուհանները։ Վախենամ մի օր էլ «անկախ» լրագրողներին, դիցուքՙ Հետաքննող լրագրողների ընկերակցության լրագրողներին կոչ անի ջարդել «իշխանամետ» լրագրողների գլուխը։

Այո՛, ճիշտ է, «Արմենտելի» տնօրեն Յորղուլասը կանանց տոնի առիթով հայ լրագրողուհիներին, նաեւ ասուլիսին ներկա արական սեռի ներկայացուցիչներին բջջային հեռախոսներ էր նվիրել։ Հաջորդ օրը, ապա նաեւ հետագայում, հայ լրագրողները, նաեւ բջջային հեռախոս ստացածները, թերթերում չդադարեցրին հունական ընկերության հասցեին քննադատությունները եւ լավ արեցին, քանի որ «Արմենտելն» ուտում է մեր նյարդերը։

Ազնիվ կլիներ, եթե պրն Բաղդասարյանն ազնվորեն նշեր, թե ինքը եւ իր գլխավորած ընկերակցությունն ումից, ինչքան, երբ եւ հատկապես ինչու են գրանտներ (դրամաշնորհներ) ստանում։ Ասում են, պրն Բաղդասարյանը հայ լրագրության «գրանտչին» է։ Իմիջիայլոց, քանի որ խոսք գնաց բջջայինների մասին, կարեւոր ենք համարում նշել, որ «իշխանամետ» հորջորջվող լրագրողների բացարձակ մեծամասնությունը բջջային չունի, ի տարբերություն պետության կողմից հալածվող «անկախ» լրագրողների, որոնք նյութական առումով շատ ավելի ապահով են, քան, օրինակ, մենքՙ «Ազգի» լրագրողներս։ «Ազգի» լրագրողներից միակ բջջային հեռախոս ունեցողը Մ. Հովսեփյանն է, հույն Յորղուլասն է նվիրել։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Պրն Բաղդասարյանին խորհուրդ չենք տալիս պաշարել «Ազգի» խմբագրատունը եւ ձվերով, քարերով ջարդել պատուհանները, քանի որ այն սենյակը, որտեղ լրագրողներս ենք աշխատում, պատուհաններ չունիՙ նախկին պահեստ է։ Խորհուրդ չենք տալիս նաեւ բջջային հեռախոսով ջարդել տողերիս հեղինակի գլուխը, որովհետեւ գլուխ ջարդելու համար «գրանտ» չեն տալիս։ Առայժմ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4