Նորագիրներ եւ ՀՌԱԿ նոր ակումբներ
Շիրակի մարզը մեր երկրի այն դժվար տարածքներից է, որտեղ մարդկային խոսքն իմաստազրկվում է եւ առաջնային է դառնում գործը։ Սա նկատի ունեին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամները, որոնք մի քանի օր առաջ այցելել էին Շիրակի մարզի գյուղերըՙ սկզբնական կազմակերպություններՙ ակումբներ ձեւավորելու համար։
Մինասի ծննդավայր Ջաջուռ գյուղում արդեն կար ՀՌԱԿ ակումբ։ Այս անգամ ակումբ բացվեց այս գյուղին հարակից Ջաջուռ կայարանում։ 11 նորագիրներ համալրեցին կուսակցության շարքերը։ Ատենապետ ընտրվեց Ռուզան Վարդանյանը։
Կրաշենը ոչնչով չի տարբերվում մյուս գյուղերից. նույն հիմնահարցերը, նույն դժվարությունները, նույն բողոքները... Եվ պատահական չէ, որ գյուղացիները փորձում են քաղաքական նոր դաշտում գտնել այս բոլոր հարցերը լուծելու բանալիները։ Ուստի նորաստեղծ ՀՌԱԿ «Կրաշեն» ակումբի անդամները (ատենապետՙ Սամվել Պետրոսյան) կոնկրետ առաջարկություններ արեցին իրենց մոտակա աշխատանքների համար։
Լեռնուտում նույնպես ստեղծվեց ՀՌԱԿ ակումբ։ 12 նորագիրներից ստեղծված այս կազմակերպության ատենապետ Բաբկեն Մխիթարյանը հույս հայտնեց, որ մոտակա ընտրությունների ժամանակ (տեղական ինքնակառավարման, նախագահական եւ ԱԺ-ի) լեռնուտցիները կկարողանան ճշմարիտ ընտրություն կատարել։
Ս. Մ.