«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2002-09-14 | #166, 2002-09-17 | #167, 2002-09-18


ՆՇՎԵՑ ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մոսկվայի «Պրեզիդենտ օթել» հյուրանոցում սեպտեմբերի 14-ին մեծ շուքով նշվեց «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության ստեղծման երկրորդ տարեդարձը։ Հավաքվել էր մեծ բազմություն, որում կարելի էր նկատել շատ եւ շատ ծանոթ դեմքեր։ Հանդիսավոր երեկոն բացեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանըՙ ներկայացնելով կազմակերպության երկամյա գործունեության արդյունքները։ Նկատենք, որ դրանք բավական տպավորիչ են։ Այդ խիստ կարճ ժամանակահատվածում միությունը կարողացել է տեղական կառույցներ ստեղծել ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում, ինչն արդեն իսկ աննախադեպ փաստ է. նախկինում որեւէ հասարակական կազմակերպության, անկախ ազգային պատկանելությունից, նման մասշտաբի ձեռնարկում չէր հաջողվել։ Երկրորդ կարեւոր բաղադրիչն այն է, որ Ռուսահայերի միությունը ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի իշխանությունների հետ եւ ճանաչված է նրանց կողմից։ Այս պարագան զգալիորեն հեշտացնում է մեր հայրենակիցների կենցաղը երկրում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսահայ համայնքը ամենամեծաքանակն է հայ սփյուռքում, չենք կարող չնկատել, որ վերը թվարկված գործոնները չափազանց կարեւոր դեր ունեն ռուսահայության կյանքի կազմակերպման հարցում։

Հանդիսավոր արարողությանը եղան նաեւ պարգեւատրումներ։ ՌՀՄ «Արծաթե խաչ» շքանշանի արժանացան, մասնավորապես, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը, Մոսկվայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ Աշոտ Մանուկյանը, ընդհանուր առմամբ 17 մարդ։ Ընդունելով «Ազգի» թղթակցի շնորհավորանքը, դեսպանորդը նկատեց մի հետաքրքրական զուգադիպություն. ուղիղ 20 տարի առաջ ինքը Վլադիմիր Ստուպիշինի հետ աշխատանքի է անցել Փարիզում ԽՍՀՄ դեսպանատանը, ուղիղ 10 տարի առաջ նրանց ուղիները հատվել են Երեւանում, բայց արդեն որպես տարբեր երկրների դիվանագետներ, եւս ուղիղ 10 տարի անց, 2002 թ. սեպտեմբերին նրանք միասին արժանացել են նույն շքանշանին։ Աշոտ Մանուկյանը սրտանց շնորհավորեց ռուս դիվանագետին, որի հետ վաղուց արդեն ոչ միայն գործընկերներ են, այլեւՙ պարզապես ընկերներ։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4