Ստամբուլում գոյություն ունի Հայ առաքելական 38 եկեղեցի։ Ժամանակին բոլորն էլ գործում էին։ Սակայն, քաղաքի ընդարձակմանը զուգընթաց, երբ ժամանակակից թաղամասերում վերաբնակվելու պատճառով ծխական համայնքները նոսրացան, հայկական եկեղեցիների մի մասը կանգնեց փակման սպառնալիքի առջեւ։ Թերեւս այս ամենի առումով պատահական չէր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի դիտարկումը. «38 եկեղեցին մեզ համար շատ է»։
Օգտվելով առիթից նշենք, որ նախանձելի վիճակում չեն նաեւ Ստամբուլի հայկական վարժարանները։ Որքան հայտնի է, վերջերս Մեսրոպ Բ պատրիարքը դրանց առնչությամբ ահազանգել է. «Երկու հայ աշակերտներից միայն մեկն է հայկական դպրոց հաճախում, իսկ մեր երեք երիտասարդներից մեկն ամուսնանում է այլազգու հետ»։
Վերոհիշյալ դիտարկումն ու ահազանգը խիստ մտահոգիչ են։ Հակառակ դրան, Պոլսո Քարթալ թաղամասի հայկական Սբ. Նշան եկեղեցու տրամադրումը թուրք Presbiterian-ներին, այսինքնՙ երիցականներին, որոնց անունը ծագում է երեց բառից, չափազանց ուշագրավ է։ Օգոստոսի 30-ին «Ակօսը», տեղեկացնելով այդ մասին, գրում է. «Քարթալի Սբ. Նշան եկեղեցում ամեն կիրակի խանդավառ բազմության երգեցողությունն է լսվում։ Մինչդեռ թաղի նոսրացած հայ բնակչությունը ներկայումս հինգ կամ վեց ընտանիքից է բաղկացած։ Հայ հավատացյալների սակավության պատճառով, երբ այնտեղ տարվա որոշ օրերին միայն արարողություն էր կատարվում, առաջին անգամը լինելով, ականջալուր եղանք թուրքերեն արարողությունների երգեցողությանը»։
Թաղային խորհրդի վարիչը, որ ծնվել ու մեծացել է Քարթալում, «Ակօսի» թղթակցին ասել է, թե վերջին երկու տարիներին թուրք երիցականները կանոնավոր կերպով կիրակնօրյա ժամերգություն են կատարում Սբ. Նշան եկեղեցում։ Նրանք ժամանակին խնդրանքով դիմել են Մեսրոպ պատրիարքին, եւ նա որեւէ անպատեհություն չնկատելով, ընդառաջել է թուրք երիցականներին։ Նրանց տրամադրված արտոնությունն, ըստ թաղային խորհրդի վարիչի, պայմանավորված է Սբ. Նշան եկեղեցին բաց պահելու մտահոգությամբ։ Դեռ ավելին, թուրք երիցականները ոչ միայն կենսունակություն են հաղորդել մոտավոր անցյալում բազմաթիվ կողոպուտների ականատես Սբ. Նշան եկեղեցուն, այլեւ նպաստել են նրա անվտանգությանը։
Երիցականների ժամերգության լեզուն, ինչպես վկայում է «Ակօսը», թուրքերեն է։ Դա վարում են քաղաքացիական զգեստով երկու կրոնավոր։ Ժամերգության ընթացքում եկեղեցու խորանը ծածկվում է վարագույրով։ Նրա աջ կողմին ամրացվում է պաստառ, որի վրա լուսարձակով արտացոլվում են երգած աղոթքների բառերը։
Արարողությանը հետեւել են շուրջ 25 հոգի։ Մեծամասնությամբ կորեացիներ եւ եվրոպացիներ, որոնց թվում եղել են նաեւ թուրքեր։ Նստարաններին շարված են եղել թուրքերեն Ավետարաններ։ Ցանկացողը ստացել է երիցականության մասին անհրաժեշտ տեղեկությունը։
Երիցական եկեղեցին հիմնադրվել է XVI-րդ դարում, իսկ երիցականությունը որպես բարենորոգչական շարժում տարածվել է Եվրոպայում։ Շարժման հիմքում, որը բախվել է ավանդապաշտ եկեղեցիների բուռն հակազդեցությանը, դեպի Աստվածաշունչ դարձն է։ Ներկայումս երիցական եկեղեցին լայնորեն տարածված է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Բրազիլիայում եւ Մեքսիկայում։
Ինչ վերաբերում է թուրքական աշխարհի երիցական եկեղեցուն, ապա դա հիմնադրվել է 1993 թ.-ին, հիմնադիրն է քարոզիչ Թուրգայ Ուչալը։ Նրա բնութագրմամբ, իրենց եկեղեցին կոչված է օգտակար լինելու այն քրիստոնյաներին, որոնք ցանկանում են պաշտամունքը թուրքերենով կատարել։ Եկեղեցին տալիս է կրոնական պաշտամունքի եւ հավատքի վերաբերյալ ամեն տեսակի ծառայություն, ինչպես ասենք, հոգեւորականներ է ապահովում եւ կատարում կնունք, պսակադրություն ու հուղարկավորություն։ Թուրքական աշխարհի երիցական եկեղեցու հոգեւոր խորհուրդը կազմված է համալսարանի մակարդակով աստվածաբանական կրթություն ստացած հոգեւորականներից, եւ բոլոր ծառայությունները կամավոր հիմունքներով են կատարվում։
Հ. Չ.