Եթե մինչեւ վերջերս «Առավոտ» օրաթերթը «ձեռնպահ» էր մնում ՀՀՇ-ի լիդերների բացահայտ եւ քողարկված գովազդից, բոլորովին չանդրադառնալով Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ (թաղապետացու) Ա. Զուրաբյանի «գործունեությանը», անդրադառնալիս էլՙ զգուշանում էր հրեշտակի թեւեր կպցնել նրան, այժմՙ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, անցել է գռեհիկ քաղաքական գովազդի։
«Առավոտի» սույն թվի սեպտեմբերի 13-ի «Քյափազը Ռեալի դեմ» հոդվածի «... թաղապետի մյուս թեկնածուն» արտահայտության տողատակում մարդիկ կարդում, ուրեմն նաեւ հասկանում են, որ Ա. Զուրաբյանն ու իր թիմակիցները մահու չափ վախենում են Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանից, ում տաբու-անունն արտաբերելն անգամ հավասարազոր է նրա հաղթանակն ընդունելուն։
Չենք վիճարկում ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանի պատկերավոր համեմատության առարկանՙ ֆուտբոլային թիմերը, պարզապես ուզում ենք լրացնել։ Որ ընտրակեղծիքների բազմամյա փորձ ունեցող ՀՀՇ-ն տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրություններում «վարպետ խաղ է ցուցադրելու», ոչ ոք չի կասկածում։ Միայն դերակատարության հարցում Ա. Հ.-ն «սխալվել է». «ցանկացած կեղծիքի դեմն առնելու» փոխարեն Ա. Զուրաբյանն ու իր թիմակիցները ցանկացած կեղծիքներն են անելու (հնարավոր եւ անհնարին), միայն թե չկորցնեն Կենտրոնը, տարածք, որը եկող տարի դառնալու է նախագահական ընտրությունների հիմնական թատերաբեմը, որի կուլուարներում ՀՀՇ-ն իր թեկնածուով արդեն ծրագրել է «խաղալիք խաղերը»։
Վերջապես, չէինք անդրադառնա խարդախության մեջ իրեն «Ռեալին» հավասար համարող ՀՀՇ-ի էժան գովազդին, եթե չլիներ ամենավերջին, անպատկառ սուտը։ «... Ունենք նաեւ Կենտրոն համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության աջակցությունը»։ Իրականում ճիշտ հակառակն է. Կենտրոն համայնքի բնակիչները ափիբերան կուշտ են Ա. Զուրաբյանի եւ նրա թիմակիցների ալան-թալանից եւ օրերն են հաշվում, թե երբ պիտի գա հոկտեմբերի 20-ը, որպեսզի հաճույքով ջնջեն ՀՀՇ-ի սիրելի փոխնախագահ Ա. Զուրաբյանի անուն-ազգանունը ընտրացուցակներից։
ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐ (ստորագրություններ)