Շտապենք ասելՙ խոսքը շախմատային խաղի մասին չէ, այլ դարձյալ չարաբաստիկ անտառահատումների։ Ինչո՞ւ «վերջնախաղ»... Նախՙ ինչպես ամեն բան այս արեւի տակ, անտառն էլ վերջ ունի (մանավանդՙ անխնա հատվելուց հետո)։ Երկրորդՙ անտառահատումների մասին մեր վերջին հրապարակումը «Լոռու մարզ» թերթի այս տարվա հունիսի 8-ի համարում վերնագրել էինք «Գոդոյին սպասելիս»։ Սույն հրապարակումն էլ վերնագրում ենք Բեքեթի մեկ այլ աբսուրդ թատերգության անվամբ։ «Ազգ» օրաթերթը հունիսի 18-ի համարում տպագրել էր «Բարբարոսաբար ոչնչացվում են Լոռու մարզի անտառները» վերտառությամբ Մ. Միկոյանի հոդվածը, որն արժանացավ ուշադրության, տպագրվեց պատասխան հոդված։ Վերջինս բերված փաստերն, իհարկե, ոչ մի կերպ չէր հերքում։ Շտապենք հայտնել նաեւՙ «Գոդոն» (իմաՙ «վերեւից եկած» հանձնաժողովը) հիշյալ հրապարակումներից հետո ժամանեց։
Իսկ թե ինչու «սիցիլիական պաշտպանություն»ՙ դա էլ թող որպես ենթատեքստային ակնարկ համարվիՙ ի հիշատակումն սիցիլիական սկզբնածագում ունեցող այն կառույցի, որի դեմ, ինչպես ասում են, «խաղ չկա»...
Օգոստոսի 16-ին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի անունով բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ստորագրությամբ գրություն է ստացվել, ուր մասնավորապես ասվում է. «Հայանտառ» ՊՓԲԸ-ի կողմից ստեղծված հանձնաժողովը տեղում ուսումնասիրել է Եղեգնուտի եւ Վահագնիի անտառպետություններում անտառպահպանության աշխատանքների վիճակը. ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են ս/թ հունիսի 23-ին «Հայանտառ» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։
Արդյունքումՙ ապօրինի անտառահատումները ժամանակին չկանխելու, չարձանագրելու պատճառով աշխատանքից ազատված են պահպանության գծով տնօրենի տեղակալը, անտառպահպանության ինժեները, Եղեգնուտի եւ Վահագնիի անտառպետությունների անտառապետները։ Վերջիններիս պարտավորեցվել է 15-օրյա ժամկետում վերականգնել անտառպետֆոնդին պատճառված վնասը, հակառակ դեպքում նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին»։
Լոռու մարզի դատախազությունից տեղեկացանք, որ այդպիսի նյութեր իրենց դեռեւս չեն ուղարկվել։ Միաժամանակ մեզ ներկայացվեցին նախորդ 2 տարիների եւ այս տարվա 6 ամիսների տվյալներըՙ անտառխախտումների վերաբերյալ։
Դատախազության եւ ՆԳ քննիչների կողմից միայն 2000 թվականի ընթացքում ապօրինի անտառահատման համար հարուցվել է 29 քրեական գործ (ՀՀ քր. օր. հոդված 171)ՙ 30 անձանց նկատմամբ։ Պետությանը պատճառված 1 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Դրամական վնասը վերականգնվել է, բայց էկոլոգիական վնասը... չենք կարծում, թե այդքան հեշտ կլինի վերականգնել։ Ինչեւէ, ստուգումների արդյունքներով քրեական գործեր են հարուցվել նաեւ գույքի հափշտակման, յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու (քր. օր. հոդված 90), իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու (հոդված 182), անփութության (հոդված 184) համար։ Նման քրեական գործեր են հարուցվել Գուգարքի, Ստեփանավանի անտառտնտեսությունների աշխատակիցների նկատմամբ։ Դրանց մի մասին ընթացք է տրվել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից, Գուգարքի անտառտնտեսության 40 աշխատակցի 94 մլն դրամի բռնագանձման հայց է ներկայացվել, իսկ Ստեփանավանի անտառտնտեսության աշխատակիցների պատճառած վնասըՙ շուրջ 6 մլն դրամ, վերականգնվել է։
2000 թվականի ընթացքում վերոհիշյալ բնույթի գործերով պետությանը պատճառվել է շուրջ 10 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 8 մլն դրամ։
Անցյալ տարիՙ 2001 թվականին, ստուգման արդյունքներով հարուցվել է 29 քրեական գործ 25 անձանց նկատմամբ։ Երկուսը հարուցվել են քր. օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասով (խոշոր չափերով գույքի հափշտակումՙ յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով), չորսըՙ 184 (անփութություն), 98 (պետական կամ հանրային գույքի պահպանությանը հանցավոր-անփույթ վերաբերմունքի ցուցաբերում), 182 (իշխանության կամ պաշտոնեական դիրքի ի չարը գործադրում) հոդվածներով։
Դատարան ուղարկված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 5.035.455 դրամ, որից նախաքննությամբ վերականգնվել է 2.503.000 դրամ։ Քրեական գործերով ներկայացված քաղհայցերն ամբողջությամբ բավարարվել են։ 6 պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ազատվել զբաղեցրած պաշտոնից։
2002 թ. առաջին կիսամյակում մարզի դատախազության կողմից անտառխախտումների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինները թերանում են իրենց պարտականություններում, աշխատանքները կազմակերպում են ոչ պատշաճ մակարդակով, ստուգումները կատարում են ոչ ժամանակին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու գործնական քայլեր չեն ձեռնարկում, իրենց նախաձեռնությամբ որեւէ նյութ չեն ուղարկում իրավապահ մարմիններին։ Ինչպես ասում ենՙ մեկնաբանություններն ավելորդ են։
Այս տարվա առաջին կիսամյակում դատախազությունը կատարել է 18 ստուգում, հայտնաբերվել է 58 օրինախախտում։ Հարուցվել է 8 քրեական գործՙ 6 անձի նկատմամբ, որից միայն 5-ըՙ Գուգարքի անտառտնտեսության 4 անտառպետություններում (Խնձորուտի, Փամբակի, Վանաձորի, Եղեգնուտի), 2-ըՙ Լալվարի (Թումանյան), 1-ըՙ Տաշիրի անտառտնտեսություններում։
Լոռու մարզի ՆԳ քննիչների կողմից հարուցվել է 24 քրեական գործՙ 33 անձանց նկատմամբ։
Ավարտված քր. գործերով պետությանը պատճառվել է 12 մլն դրամի վնաս, որից նախաքննությամբ վերականգնվել է 2 մլն դրամ, չվերականգնված գումարների համար ներկայացվել են քաղհայցեր։ Միաժամանակ դատախազության եւ ՆԳ քննիչների կողմից նախապատրաստած 12 նյութերով 13 անձանց նկատմամբ մերժվել է քրեական գործի հարուցումըՙ տարբեր հիմքերով, այդ թվումՙ համաներման որոշմամբՙ Ջիլիզայի անտառտնտեսության 8 աշխատակիցների նկատմամբ։ (Ի դեպՙ Ջիլիզայի անտառտնտեսության 3 պահաբաժնի պահպանությունը հանձնված է այլազգիՙ Վրաստանի հանրապետության քաղաքացիների։ Ասում ենՙ նույնիսկ ադրբեջանցի են, որոնց նկատմամբ չի իրականացվում ամենօրյա հսկողություն, եւ ստեղծված են բոլոր նպաստավոր պայմաններըՙ զանգվածային ապօրինություն կատարելու համար)։ Մերժված նյութերով պետությանը պատճառվել է 5,6 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 1.673.800 դրամ։
Հայտնաբերված ապօրինությունները կանխելու, դրանց նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու միջոցառումներ ձեռնարկելու համար դատախազության կողմից ներկայացվել է 4 միջնորդագիր, որոնցից մեկըՙ «Հայանտառի» տնօրենին։ Մարզի դատախազությունը հանձնարարություններ է տվել նաեւ մարզի ՆԳ բաժիններինՙ ապօրինի ծառահատումների դեմ պայքարն ակտիվացնելու, մեղավորներին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Դատախազությունից մեզ հայտնեցին, որ եւ՛ «Հայանտառից», եւ՛ մարզի բնապահպանության տեսչությունից իրենք պահանջել են ներկայացնել նաեւ 2002 թ.-ի գարնանային ստուգումների արդյունքները, սակայն տվյալներ իրենց չեն ներկայացվել։
Դիմեցինք ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ Արամ Գրիգորյանին։ Վերջինս հայտնեց, որ ստուգումների արդյունքները դեռեւս ամփոփված չեն, հնարավոր է կատարվեն նոր ստուգումներ։ «Նյութերը պատրաստ լինելու դեպքումՙ դրանք կտրամադրվեն դատախազությանը», հավաստեց նա։
Իրավապահ մարմինների տրամադրած տվյալները հույսեր են ներշնչում, որ, այնուամենայնիվ, որոշակի աշխատանք կատարվում էՙ անտառխախտումների, ապօրինի ծառահատումների համար պատիժներ լինում են։ Սակայն խնդիրը պատիժներ սահմանելը, դրանց խստությունն ու իրագործելը չէ միայն, այլեւ այն, որ այդուհանդերձ անտառը ոչնչացվում է, եւ այդ գործընթացը ցավալիորեն չի կանխվում... Ինչպես դատախազությունում են ասումՙ քանի դեռ վերահսկող մարմինները հանդես են գալիս ո՛չ թե կանխարգելողի, այլ փաստը սոսկ արձանագրողի դերում, միայն պայքարի իրավական միջոցները վերջնական դրական արդյունք տալ չեն կարող։
Այնպես որՙ «վերջնախաղի» արդյունքում մեզ կմնա դատարկ «խաղատախտակը»ՙ լերկ տարածքներ... Բայց... մի՞թե սա հուզում է «սիցիլիական պաշտպանությունն» իրագործողներին, որոնց դեմ «խաղ չկա»...
Լոռու մարզում շուտով վերջ կտրվի անտառահատումներին։ Վերջ կտրվի, որովհետեւ... այլեւս կտրելու ոչինչ չի մնա։
ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Վանաձոր
Հ. Գ. Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» վիպակում այսպիսի տողեր կան. «Էս միլիոնանոց ծմակիցը մի կոպեկի օգուտ չպոկեց ու մաքուր մնաց գրպանը դատարկ իմ ախպերը»։ Այսօրվաՙ օրավուր շնչահեղձ լինող անտառին միլիոնների վնաս պատճառող «մեր ախպերները» երեւի թե «տիրոջ» հոգեբանությամբ են նայում այս երկրին... Իսկ մեզ մնում է հարցնելՙ ո՞վ է տերը...