Կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ գրողների միության, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան եւ Մեսրոպ արք. Աշճյանի նախաձեռնությամբ հրատարակվեց «111 հատընտիր հայ բանաստեղծություններ» ժողովածուն (կազմեց Մեսրոպ Սրբազանը) երկու ուղղագրությամբՙ դասական եւ ժամանակակից։ Գրքում զետեղված է բոլոր ժամանակների հայ բանաստեղծների մեկական բանաստեղծություն։ Ժողովածուն հիմք է հանդիսացել, որ հանրապետությունում առաջին անգամ անցկացվի պատանի ասմունքողների փառատոն։ Փառատոնը, որին կարող են մասնակցել 8¬10-րդ դասարանի աշակերտները, կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 12-ը։ Մրցույթն ընթանալու է երեք փուլովՙ դպրոցական, մարզային/քաղաքային եւ հանրապետական։ Մասնակիցները պարտադիր պետք է 5 բանաստեղծություն ընտրեն։ Պարտադիրներից են Դանիել Վարուժանի «Կարոտի նամակ», Հովհաննես Թումանյանի «Հին օրհնություն», Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն», Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական» եւ Եղիշե Չարենցի «Մեր լեզուն»։
Փառատոնի մրցանակային տեղեր գրավողները հոկտեմբերի 12-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ, Սրբոց թարգմանչաց տոնի օրը ,կարժանանան մրցանակներիՙ 500, 300 եւ 200 ԱՄՆ դոլար գումարի չափով։ 4 լավագույն ասմունքողների կշնորհվի նաեւ խրախուսական (100-ական դոլար) պարգեւներ։ Հանրապետական վերջին փուլին մասնակցելու համար նախատեսվել է 20 տեղ, որից 6-ըՙ Երեւանից, մարզերիցՙ 10, Արցախից եւ Ջավախքիցՙ 2-ական։ Փառատոնին աջակցում են նաեւ բարերար Դրո Փիլիկյանն (Մոնրեալ-Նյու Յորք) ի հարգանս մորՙ Արմենուհի Փիլիկյանի, աաեւ տեր եւ տիկին Վարդգես եւ Շուշանիկ Մարգարյանները (Բրավիդենսից), որոնք էլ հատուկ այդ տոնի առիթով պատրաստել են մի քանի հազար ոսկեջրած խաչեր, որոնք հոկտեմբերի 12-ին կնվիրվեն պատանիներին։
Կազմակերպիչները վստահ են, որ նման փառատոնը կդառնա ավանդական։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ