ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինի բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում։ Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո Ալեքսանդր Վոլոշինը, լրագրողներին հանդիպելով Ծիծեռնակաբերդումՙ 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում, հրաժարվեց պատասխանել հարցերի։ «Ես Մոսկվայում էլ մամուլի հետ չեմ շփվում», - ասաց նա։ Իմիջիայլոց, նա մամուլի հետ 10-րոպեանոց հանդիպում խոստացավ սեպտեմբերի 19-ինՙ այցի ավարտից հետո (մամուլի ասուլիս նախատեսված չէ)։ Ինչպես հայտնի է ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդումներից, բանակցությունները վերաբերել են երկկողմ հարաբերություններին տնտեսության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ինչպես նաեւ քննարկվել է իրադրությունը վրաց-ռուսական սահմանում։
Ծիծեռնակաբերդում Ալեքսանդր Վոլոշինը ծաղիկներ դրեց հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ հուշամատյանում թողեց հետեւյալ գրառումը. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ երախտագիտության խոսք նրանց, ովքեր պահպանել են այդ հիշատակը»։