Իսկ սկսել էր ՆԱՏՕ-ին մոտալուտ անդամակցության հայտարարություններով
Վրաստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թեւզաձեն իր եռօրյա այցը մեր երկիր ամփոփեց երեկ առավոտյան «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած հրաժեշտի պաշտոնական արարողությամբՙ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ։ Սակայն այդ արարողության շրջանակներում նախատեսված ճեպազրույցը լրագրողների հետ չկայացավ, ի դեպ, նախորդ օրն էլ այցի ծրագրից հանվել էր մամլո ասուլիսը։ Այնպես որ, առավոտյան 9։30 «Հաղթանակ» զբոսայգի լրագրողներիս ժամանումը բոլորովին այլ նպատակի ծառայեց. մենք նախավարժանք-զբոսանք կատարեցինք բարձրադիր այգում։ Իսկ այցի մանրամասները մեզ անհայտ մնացին։ Չկարողացանք ճշտել նաեւ, թե ստորագրվե՞լ է արդյոք այցի արդյունքներն ի մի բերող արձանագրությունը, որը եւս նախապես որոշված էր։ Պարզ դարձավ միայն, որ ռազմատեխնիկական համագործակցությունը խթանելու հարցեր են քննարկվել։ Ու այդ շրջանակներում էլ իրենց աշխատանքներն են շարունակում երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջեւ փոխգործակցություն ապահովելու համար ստեղծված աշխատանքային խմբերը, որոնց գործունեությանը սկիզբ դրվեց Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետիՙ այս տարվա գարնանը Հայաստան կատարած այցի ընթացքում։
Ինչեւէ, նախարար Դ. Թեւզաձեն այստեղ հանդիպումներ ունեցավ հանրապետության նախագահի, վարչապետի հետ։ Արժանացավ Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը։
Մեր հարեւան երկրի պաշտպանության նախարարը Երեւանում հատուկ ընդգծեց, թե իր ժամանումը կապված չէր Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների սրվելու եւ Պանկիսի կիրճում ծավալվող իրադարձությունների հետ, այլ նախօրոք ծրագրված այց էր։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ