Սեպտեմբերի 17-ին հհշական մամուլը բերկրանք էր ապրումՙ իբր Վարդան Օսկանյանի ՄԱԿ-ի ելույթը զիջել էր Ադրբեջանի արտգործնախարար Գուլիեւի ելույթին, եւ հայկական դիվանագիտությունը հերթական պարտությունն է կրել։ Ի դեպ, նույն օրը Նյու Յորքում տեղի է ունեցել Գուլիեւ-Անան կարճատեւ զրույց, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։ Գուլիեւը գանգատվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տասը տարի առաջ չորս բանաձեւեր է ընդունել, որոնցից եւ ոչ մեկը չի կատարվել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիվանագիտորեն ակնարկել է, որ քաջալերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, իսկ ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ չորս որոշումներն անցյալ են։
«Հետեւելով իմ ադրբեջանցի գործընկերոջՙ այս ամբիոնից արած մեկնաբանություններին, ես պարզապես միայն ցնցված չէի, ես նաեւ ապշած էիՙ պարզելով, որ նա հետ է մնում իր եւ իմ նախագահների տարածաշրջանում գրանցած առաջընթացից», ՄԱԿ-ի ամբիոնից ասել էր Վ. Օսկանյանը։
Ավելացնենք. քանի դեռ Ադրբեջանի արտգործնախարարը Վ. Գուլիեւն է, առավել եւս, որ նա է Բաքուն ներկայացնում միջազգային կարեւորագույն վեհաժողովներում, ՀՀ արտաքին քաղաքականությունը չի պարտվի։ Ի դեպ, մեր կարծիքով, Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից փայլուն էր։
Թ. Հ.