Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբՙ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի դիմաց, համեմատաբար կարճ ժամանակամիջոցում ավարտվեց Եռանկյունի հրապարակի շինարարությունը։ Սեպտեմբերի 17-ին նախագահ Քոչարյանն այցելեց քաղաքի նորացման խորհրդանիշներից մեկը հռչակված այդ հանգույցը, իսկ ամսի 19-ին սպասվում է հրապարակի պաշտոնական բացումը։
Հասկանալի է, որ Երեւանում սկսված քաղաքաշինական բումը դառնալու է Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավի լեյտմոտիվներից մեկը։ Հյուսիային պողոտա, Կասկադ, Եռանկյունի... Սրանք են թերեւս քաղաքաշինական եռուզեռի 3 հիմնական օջախները։ Ընդ որում, թե տարածքը իրացնելու, թե ֆինանսներ ներգրավելու առումով այս երեք գոտիներից ամենահարմարը Եռանկյունի հրապարակն է թվում։ Այստեղ զայրացած ու անզիջում տեղաբնակների քանակն այնքան մեծ չէ, որքան Հյուսիսային պողոտայի տարածքում է, ոչ էլ պահանջվող ներդրումների ծավալն է այնքան մեծ, որքան Կասկադում։ Բայց որքան էլ տարօրինակ է, ամենամեծ խնդիրը ներդնողների հետ քաղաքային իշխանությունն ունեցավ հենց այս հատվածում։
Եթե Եռանկյունի հրապարակին հարող գոտում վերջին 1¬2 տարում կառուցված երեք հյուրանոցները («Կոնգրես», «Արարատ», «Մետրոպոլ») եւ իտալական դեսպանատան շենքը վկայում են քաղաքային իշխանության հետեւողականության եւ ներդնողների վստահության մասին, ապա նույն այդ հրապարակին հարող մի քանի այլ հողակտորների վիճակըՙ ճիշտ հակառակի մասին։
Քաղաքապետարանի շենքին հարող կիսակառույցը պատկանում է սփյուռքահայ ներդնողների «Գառնի» խմբին, իսկ հրապարակի մյուս կողմն ընկած ամայությունը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի տնօրինության ներքո է։ Ընդ որում, «Գառնի» խումբը վճարել է քաղաքապետարանին այդ տարածքի համար մոտ կես միլիոն դոլար եւ կարող էր իր անգործությունը բացատրել նաեւ շինարարական ու նախագծային օբյեկտիվ խնդիրներով։ Բայց ի վերջո հասկանալով, որ չի կարելի շարունակ դոփել տեղումՙ «Գառնի» խումբը կառուցողական փոխհամաձայնության է եկել քաղաքապետարանի հետ եւ պատրաստվում է հետ հանձնել կիսակառույցըՙ նախկինում իր վճարած գումարը ներդնելով այլ տարածքում։
Բոլորովին այլ է Արմեն Դարբինյանի դեպքը։ Սլավոնական համալսարանի ռեկտորն ընդհանրապես բացատրություն չունի, թե ինչու գործնականում ձրի իրեն բաժին հասած այս հողակտորի վրա գեթ մի շինարարական ցից չի տնկել կամ առավելագույնը 100 դոլար արժողությամբ կապույտ պաստառ չի քաշել, գոնե հանրապետության նախագահին հրապարակ այցելության ժամանակ ամոթով չանելու համար։
Եթե երկրի նախկին վարչապետը չի կարողանում պոտենցիալ ներդնողներ գտնել եւ առավելագույնը 1 կամ 1.5 միլիոն դոլար հայթայթել շինարարություն անելու համար մի գոտում, ուր վերջին 2 տարում 3 հյուրանոց է կառուցվել եւ 2 առաջատար եվրոպական դեսպանատուն է գործում, ապա առնվազն դժվար է հավատ ընծայել ավելի լուրջ ներդնողների հետ նրա բանակցային հմտություններին եւ ընդհանրապես ներդրումային միջավայրի մասին նրա կոնցեպտուալ դատողություններին։
Քաղաքային իշխանությունները, եւ ոչ միայն նրանք, հիմնավոր դժգոհություններ ունեն լոնդոնահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանից, որը քանի տարի շարունակ քաղաքի լավագույն հատվածներից մեկըՙ «Սեւան» հյուրանոցը շինարարական աղբանոցի վիճակում է պահումՙ ոչ կառուցում է, ոչ էլ վաճառում։ Վաչե Մանուկյանի վարքագիծը առավելապես քաղաքական դրդապատճառներ ունի, սակայն անհասկանալի է, թե ինչու է «Սեւան» հյուրանոցից մի քանի հարյուր մետր հեռու համարժեք կամակորություն դրսեւորում այսպես կոչված «յուրայինը»ՙ կարճացնելով նույն քաղաքապետարանի լեզուն Վաչե Մանուկյանին որեւիցե կոնկրետ որոշում պարտադրելու հարցում։
Ի վերջո, «Մարդկային զարգացման միջազգային հիմնադրամի» հարգարժան նախագահը կարող էր պատկառելի գնով վաճառել տարածքը եւ չխանգարել իր նախկին խորհրդական եւ ներկայիս փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանի քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը։ Էլ չենք խոսում այն մասին, որ մանկական կամ պատանեկան տարիքի բարեկեցությունը շեշտելու ավելի լավ եղանակ է գեղեցիկ եւ հանրօգուտ շենք կառուցելը, քան փոքր տարիքում ճաշակած սեւ խավիարի կամ այլ նրբուտեստների մասին պատմելը։ Առավել եւս, երբ փաստերը վայում են, որ սովետական շրջանի Արմեն Դարբինյանի ընտանեկան բարեկեցությունն այս վերջին տարիներին պետք է որ բազմապատկված լիներ։
ԱՐՍԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ