Ավելի քան երկու շաբաթ Վանաձորում գործում է մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբեր) եկեղեցին։ Եկեղեցու միսիոներներ երեց Մինասյանից եւ երեց Ուայթից (այսպես ներկայացան) տեղեկացանք, որ Լոռու մարզում նրանց հավատակիցները 6-ն ենՙ 4-ը Վանաձորից, 2-ըՙ Մարգահովիտ գյուղից։ Ընդ որումՙ եկեղեցու անդամներից 4-ը կին են եւ միայն երկուսը (Վանաձորից) տղամարդ։ Երեցները հայտնեցին, որ իրենց եկեղեցին Հայաստանում գրանցվել է 1998 թվականից։ Այժմ նրանց անդամների թիվը հանրապետությունում 1.500-ից ավելի է։ Մեր հարցինՙ ընդունո՞ւմ են արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիՙ պետության հանդեպ ունեցած որոշակի պարտավորությունները, պատասխանեցինՙ իրենց հավատո հանգանակի 12-րդ կետը ներկայացնելով. «Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին, ղեկավարներին ու մյուս իշխանություններին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն ու պաշտպանելուն»։ Նրանք հավաստիացրին, որ չեն խուսափում բանակում ծառայելուց...
Զբաղվո՞ւմ են արդյոք մարդորսությամբ, ինչպես ուրիշ աղանդների ներկայացուցիչներ։ Պատասխանն այսպիսին էր. «Փողոցում մարդկանց չենք կանգնեցնում, դռները չենք ծեծում։ Գործում ենք ծանոթների-բարեկամների միջոցով. ուղղակի ասում ենք, որ կանք, եւ ովքեր ուզում են, իրենք են կամավոր գալիս մեզ մոտ»։ Հարցրեցինք բազմակնության մասին։ Երեցները հավաստեցին, որ այսօր իրենց եկեղեցին մերժում է բազմակնությունը, եւ մեկ ամուսինը մեկ կին պիտի ունենա։ «Մարդն ազատ է ընտրություն կատարելու թե՛ բժշկության մեջ, թե՛ այլ բնագավառներում։ Որեւէ արգելք չենք դնում ընտրությունների ժամանակ քվեարկելու կամ սեփական թեկնածությունն առաջադրելու համար», վստահեցնում էին նրանք։
Բնականաբար եղան նաեւ դավանաբանական ու այլ հարցեր։ Մասնավորապես հարցրեցինքՙ «աղանդներից միակն են, որ բացի Աստվածաշնչից որպես Սուրբ գիրք ընդունում են նաեւ «Մորմոնի գիրքը», իսկ ի՞նչ կասեն Հովհաննու հայտնության այս խոսքերի մասին. «Եթե մեկը սրանց վրա մի բան ավելացնի, Աստված էլ նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որոնք այս գրքի մեջ գրված են»։ Պատասխանն այսպիսին էր. «Դա ասված է իրՙ Հովհաննեսի թղթերի մասին, ո՛չ թե ամբողջ Աստվածաշնչի»։
Ինչեւէ, լրագրողի նպատակն անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն էՙ ի շահ հասարակության։ Քանզիՙ ով տեղեկացված է, նա պաշտպանված է։
ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ