«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


ԱՅՍ ՁՈՐԵՐՈՒՄ ԷԼ ԼՈՒՅՍԵՐ ԿՎԱՌՎԵՆ

ՀՌԱԿ ակումբներ եւ նորագիրներ Տավուշի մարզում

Երկու օր Տավուշի մարզում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամ Գառնիկ Հովակիմյանը եւ գործիչ Կարեն Կակոյանը հանդիպեցին տեղի բնակիչների հետ։

ՀՌԱԿ-ի ներկայացուցիչներին առաջինը հյուրընկալեցին Հաղարծինի գյուղապետարանում։ Դեպի Իջեւան տանող ճանապարհի եզրին գտնվող, պատմական հնավայր ճանաչված այս գյուղը թեեւ բազմաթիվ հիմնահարցեր ու խնդիրներ ունի (հողատարածությունները «ծտաճափ» են, տեխնիկա չկա։ Թեեւ գյուղի բնակիչները բազմիցս դիմել են մարզպետարան, բայց ոչ միայն օգնություն չի ստացվել, այլեւՙ պատասխան, մշակույթի տան տանիքն ավերված է), սակայն մխիթարելին այն է, որ այժմ 50 հաղարծինցիներ աշխատում են ճանապարհաշինության վրա։ «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացվող աշխատանքները լավ հնարավորություն են ստեղծել գյուղի բնակիչների համար։ Ինչպես մեր զրույցի ժամանակ ասաց գյուղապետ Սարգիս Պողոսյանը. «Ավելորդ շահարկումներից, պարապ-սարապ խոսակցություններից մարդիկ հեռու են»։ Եվ հասկանալի է, որ մարդիկ իրական ձեւով են տեսնում այսօրվա տնտեսական բարեփոխումները։

Երբ ծանոթանում ես մարզի հաջորդ գյուղինՙ Հովքին, այն զգացողությունն ես ունենում, որ կորած-մոլորած մի ծմակուտ ես մտել։ Եվ միայն պատահաբար է քարտեզի վրա նշվում Հովքի անունը։ 110 աշակերտ եւ 20 ուսուցիչ ունեցող դպրոցը գտնվում է գյուղի վերին թաղում։ Եվ ներքեւի թաղերից դպրոց հասնելու համար երեխաներն ու մանկավարժները 10¬12 կիլոմետր ճանապարհ են կտրում։ Հատկապես դժվար է լինում ձմռանը, երբ շատ հաճախակի գայլերը հարձակվել են երեխաների վրա։ Եվ միայն բախտավոր պատահականությամբ դեռեւս մարդկային զոհեր չկան։ Այս ամենի մասին գիտեն ե՛ւ գյուղում, ե՛ւ Տավուշի մարզպետարանում, ե՛ւ հանրապետության վերին իշխանություններում։ ՀՀ պետական գնումների կոմիտեն նույնիսկ 840 հազար դրամ է տրամադրել ավտոբուս գնելու համար։ Սակայն արդեն երեք տարի գումարը գալիս, հասնում է մարզպետարան ու գյուղ եւ կրկին հետ է դառնում։ Բանն այն է, որ շատ սովորական բան չի արվումՙ մրցույթ չի հայտարարվում այս ավտոբուսը գնելու համար։ Գյուղացիներից մեկը դառնությամբ ասաց. «Ավելի լավ է տղաս անուսում մնա, քան գիլակեր լինի»։ Դժվար խոսք է, դժվար մարսելի խոսք։

Շատ ու շատ իշխանավորներ են եկել, գնացել, մնացել գյուղում ու մարզում, սակայն 840 հազար դրամ ունենալով էլ աշխարհի մի անկյունում ծվարած Հովք գյուղի երեխաների եւ ուսուցիչների համար ավտոբուս չի գտնվել։ Այսպես, ահա, 3 տարի։

Եվ դպրոցում հավաքված հովքեցիներըՙ երեխաների ծնողները, համարում են, որ բոլոր հարցերը հնարավոր կլինի լուծել միայն այն դեպքում, եթե միասնական դառնան, ուժ դառնան։ Իսկ ուժ դառնալու ճանապարհի առաջին քայլը 12 նորագիրների մուտքն է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերը եւ ՀՌԱԿ «Հովք» ակումբի ձեւավորումը (ատենապետՙ Նիկոլայ Տրուզյան)։

Մարզի հանրահայտ Կողբ գյուղում ՀՌԱԿ երրորդ ակումբը ձեւավորվեցՙ «Մշկավանքը», 20 նորագիրներով։ Կողբեցիների ընտրությունը պատահական չէ։ Իրական արժեքներ գնահատող այս գյուղի մարդիկ լավ են հասկանում, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը կարող է շահավետ լինել նաեւ գյուղի մարդկանց համար։ Ուստի արդեն մեծ հեղինակություն վայելող այս կուսակցությանն անդամագրվելը խոր համոզմունքների եւ վստահության արդյունք է։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4