Երկու խոշոր առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսներ կբացվեն այս ամիս Երեւանում, ինչը թույլ է տալիս ասել, որ սեպտեմբերը կլինի տարվա «ամենատնտեսական» ամիսը։ Առաջինՙ «Արդյունաբերական Հայաստան EXPO-2002» տարածաշրջանային ցուցահանդեսը կբացվի այսօր Հայաստանի կառավարության շենքում։ Այն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ LOGOS էքսպո-կենտրոնը։ Ցուցահանդեսի գործելու երեք օրվա (սեպտեմբերի 19-21-ը) ընթացքում կներկայացվեն հայկական սննդի, թեթեւ, քիմիական արդյունաբերության, շինանյութերի, փաթեթավորման, քարի մշակման, մեքենաշինական, գործիքաշինական, էլեկտրատեխնիկական, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, փայտամշակման ճյուղերի արտադրատեսակները։ Բացի հայկական արտադրողներից, ներկայացված կլինեն արտադրական եւ առեւտրային ընկերություններ Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Մերձավոր Արեւելքից։ Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի հայկական ընկերություններին գործընկերային կապեր հաստատել օտարերկրյա ընկերությունների հետ, կնպաստի ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ եւ արտահանման ծավալների ավելացմանը։
Այս միջոցառման ներկայացուցչական լինելու մասին է խոսում այն փաստը, որ բացի Հայաստանի ղեկավարներից եւ նախարարներից, կմասնակցեն բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նիստը, կանցկացվի սեմինար «Մարկետինգային մտածողություն» թեմայով, մասնակիցներին կտրվեն դիպլոմներ եւ մրցանակներ։
Հաջորդ ցուցահանդեսըՙ «Արմպրոդէքսպո-2002»-ը կազմակերպել են ՀՀ գյուղնախարարությունը, գյուղատնտեսական բարեփոխումներին աջակցող գրասենյակը եւ «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ն։ Այստեղ ներկայացվելու են միայն սննդի արդյունաբերության եւ գյուղմթերքների վերամշակման ճյուղերը։ Այս ցուցահանդեսին դարձյալ հրավիրված են արտասահմանյան առեւտրային ընկերություններ։ Միջոցառման ընթացքում կանցկացվի ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների դեգուստացիոն մրցույթ, իսկ ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի հաղթողներին կշնորհվեն մեդալներ եւ դիպլոմներ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ