«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


ՌՈՒՍՆԵՐԸ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՆ ՄՈԼԼԱ ՕՄԱՐԻ ՀԵՏ

«Ոչինչ չգիտեմ Գելաեւի գտնվելու վայրի մասին, երբեք չեմ հանդիպել նրան»

Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպելով տեղի լրագրողներին հայտարարել է, որ բավարարված չէ Էդուարդ Շեւարդնաձեի պատասխան նամակից։ «Մենք վրացական ղեկավարությունից երաշխիքներ էինք խնդրել, որ Վրաստանից ռուսական տարածքներ չեն իրականացվի ավազակային հարձակումներ։ Նման երաշխիքներ չենք ստացել», նշել է ՌԴ նախագահը։ Երեքշաբթի երեկոյան Պուտինը Սոչիի իր նստավայրում ընդունել է ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Կոնստանտին Տոցկուն եւ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինին։ Ըստ ՌՏՌ ռուսական հեռուստաընկերության, Պուտինը Տոցկուն եւ Կվաշնինին հանձնարարել է զեկուցել ռուս-վրացական սահմանի ամրապնդման համալիր ծրագրի շուրջ։

Հանդիպումից հետո Տոցկին լրագրողներին ասել է. «Ռուսական կողմը չափազանց անհրաժեշտ է համարում Վրաստանին սահմանակից շրջաններում 20¬40 կմ լայնությամբ անվտանգության գոտու ստեղծումը։ Այդպիսի գոտու ստեղծման խնդիրը եւ դրա գործողության ռեժիմը, անշուշտ, պետք է քննարկենք մեր վրաց գործընկերների հետ»։ Խիստ տոնով է արտահայտվել Կվաշինըՙ վրաց ղեկավարությանը համեմատելով թալիբների հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի հետ։ Նյու Յորքում գտնվող ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովը, ըստ «Նովոստի» գործակալության, կտրականապես հերքել է Էդուարդ Շեւարդնաձեի ենթադրությունը, թե իբր ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը միմյանց միջեւ փոխանակել են Վրաստանն ու Իրաքը, այսինքնՙ ԱՄՆ-ն ռմբահարելու է Իրաքը, Ռուսաստանը ձայն չի հանում եւ ռմբահարում է Վրաստանը, ԱՄՆ-ն ձայն չի հանում։ «Շեւարդնաձեն, թվում է, մտածում է «սառը պատերազմի» տարիների չափանիշներով», ասել է Իվանովը։

Ինքըՙ Շեւարդնաձեն, Բաքու մեկնելու նախօրեին Վրաստանի պետհեռուստատեսությամբ հայտարարել է, որ ոչ մի անգամ եւ ոչ մի տեղ չի ասել, թե Ռուսլան Գելաեւը հրեշտակ է։ Ռուսական հետախուզական ծառայությունները շարունակում են պնդել, թե Գելաեւի ավազակախումբը կրկին փորձում է Պանկիսից անցնել Կոդորՙ Աբխազիա։ Շեւարդնաձեն ասել է. «Իրականում Գելաեւին չի կարելի չկրթված անձնավորություն համարել։ Մի՞թե հնարավոր չէ պատկերացնել մարդուն ահաբեկիչ կամ գող, որը լինի միաժամանակ կրթված անձնավորություն։ Ոչինչ չգիտեմ Գելաեւի գտնվելու վայրի մասին, երբեք չեմ հանդիպել նրան»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4