«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


ԱՏՈՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ո՞վ է նաՙ կինոյում եւ կինոյից դուրս

Այս օրերին միջազգային (կանադական, ֆրանսիական, ռուսաստանյան եւ այլն) մամուլը բառացիորեն ողողված է Ատոմ Եղոյանի «Արարատ» կինոնկարի վերաբերյալ հոդվածներով։ Եվ եթե դրանցում որոշ հատվածներՙ հատկապես կինոնկարի սյուժեի հետ կապված, կրկնում են իրար, ապա չի կարելի նույնն ասել մյուս պարբերությունների մասին, որոնցում յուրաքանչյուր հեղինակ իր ինքնուրույն մոտեցումն է արտահայտում Եղոյան երեւույթի մասին։ Մեր ձեռքի տակ գտնվածներից մեկում լրագրող Թիմոթի Թեյլորը գրում է.

«Ամեն ինչ սկսվեց մոտ 15 տարի առաջ Տորոնտոյի հայկական համայնքի կենտրոնում Եղոյանի երկարամյա պրոդյուսեր Ռոբերտ Լանտոսի բացման խոսքերից, որոնցում նշելով, որ «Շինդլերի ցուցակը», «Ֆինզի-Կոնտինիսի պարտեզը» եւ «Գրավառուն» ֆիլմերից հետո ինքը պատրաստվում է թողարկել «Արեւի լույսը» ֆիլմն իր ժողովրդիՙ հունգարացի հրեաների մասին, նա ասել է. «Երբ Ատոմը զգա, որ, իրոք, ցանկանում է իր պատմությունը պատմել, ես թիկունք կկանգնեմ նրան։ Ես կհոգամ, որ այդ ֆիլմն անպայման նկարահանվի»։

Կանադայի Վիկտորիա արվարձանային քաղաքում ապրող Եղոյանն ընդունեց «մարտահրավերը»։ Նա 1978-ին էր Տորոնտո տեղափոխվել եւ ներգրավվել Տորոնտո համալսարանում «Հայ ուսանողների ասոցիացիայի» գործունեության մեջ, իսկ տարիներ անց իր առաջին ֆիլմի նկարահանումների առիթով հանդիպել ապագա կնոջըՙ Արսինե Խանջյանին, որն իր հետ բերելով պատմական ու մշակութային ազգային արժեքների մի ամբողջ հարստություն, արթնացրել էր նրանում «ո՞վ եմ ես» սկզբունքային հարցը, որը դառնալու էր «Արարատի» գլխավոր սյուժեն, եւ որի պատասխանը նա տալու էր յուրահատուկ հմտությամբ։

Ֆիլմի պատմությունը հիմնականում 3 գլխավոր կերպարների շուրջ է պտտվում։ Անին (Արսինե Խանջյան) արվեստաբան է, որի Արշիլ Գորկու մասին գրած ուսումնասիրությունը ֆիլմի պետք է վերածվի, Էդուարդ Սարոյանը (Ազնավուր) ռեժիսոր է, որը ֆիլմ է նկարահանում Հայոց ցեղասպանության մասին եւ Մարտինը (Բրուս Գրինվուդ)ՙ վերոհիշյալ ֆիլմի գլխավոր դերասանը, որը դոկտ. Կլարենս Աշերի պատմականորեն իրական կերպարն է մարմնավորում։ Նրա օրագիրն այդ օրերի ողբերգությունների ամենակարեւոր գրառումներից է։ Ֆիլմի սցենարը Եղոյանից բացի ոչ ոք չէր կարող գրել։ Ներկա լինելով նկարահանումներին, ականատես եմ եղել նրա յուրահատուկ ոճին, բացահայտ ոգեւորությանը եւ դերասանների հետ համագործակցությանը։

Սովորաբար ռեժիսորները սիրում են իրենց բռունցքի մեջ պահել դերասաններին, առաջնորդել նրանց քայլերը։ Եղոյանը պարադոքսային անձնավորություն է։ Գերլարված հետաքրքրությամբ հետեւելով յուրաքանչյուրին, նա պատշաճ նրբազգացողությամբ կարողանում է չխոչընդոտել ոչ ոքի։ Նա միշտ պահպանում է ռեժիսոր-նկարահանումների տնօրեն-դերասան եռանկյունու հաղորդակցության շրջանակներն ու նրանց փոխհամագործակցությունը։ Նրա ռեժիսորական խորհուրդներն ու դիտողությունները համարյա միշտ ցածրաձայն են եւ ուղղված միայն տվյալ դերասանին։ Եվ սա խիստ դրական են գնահատում դերասանները, քանի որ ոչ ոք չի ցանկանում ցուցումներ լսել բոլորի ներկայությամբ։

«Ատոմը չափազանց պատրաստակամ է լսելու կերպարի իմ բացահայտումները, խոստովանում է ֆիլմում ընդգրկված դերասան Էրիկ Պողոսյանը։ Նա լսում է քեզ։ Իսկ ես շատ ռեժիսորների եմ ճանաչում, որ ձեւացնում են, թե լսում են, բայց վերջում անում են ինչ իրենք են ցանկանում»։

«Կերպարը ստեղծվում է համատեղ քննարկման ժամանակ», պաշտպանում է նրա միտքը Բրուս Գրինվուդը։ «Ես ուրիշ ռեժիսորի չգիտեմ, որի հետ նույնը կարողանայի կատարել»։

«Կինոն երազների աշխարհ է», ասում է Ատոմը։ Նա մեծ նշանակություն է տալիս կամերայի կամ կամերաների դիրքին։ Եվ որովհետեւ համարյա միշտ նրա ֆիլմերում զուգահեռաբար 2¬3 թեմա է զարգանում, ֆիլմի մոնտաժումը չափազանց բարդ խնդիր է դառնում, որը նա նույնպես բծախնդրորեն կարեւորում է։

Մեկ ուրիշ հատկանշական երեւույթ է ֆիլմի երաժշտական ձեւավորումը. «Սովորաբար երաժիշտները վերջում են ներառվում գործընթացին, բայց Եղոյանի հետ մենք սկսում ենք համագործակցել հենց սկզբիցՙ սցենարը կարդալու ժամանակ», նշում է Մայքլ Դաննանՙ ավելացնելով, որ երբեւէ չի աշխատել մի ռեժիսորի հետ, որը երաժշտության ավելի լավ գիտակ լինի։ «Բայց նա նաեւ քո գործի հանդեպ վստահություն ունի։ Իսկ երբ քեզ վստահում են, փորձում ես քո հնարավորությունների առավելագույնը կատարել», ասում է նա։

Եղոյանը ներկայիս գործող ամենակազմակերպված ռեժիսորներից է։ «Ցանկացած ֆիլմ վերջին հաշվով մի հաշվետվություն է։ Հաշվետվություն այն ամենի, ինչի միջով անցել ես», ասում է նա տողերիս հեղինակին, նույնացնելով իրեն ֆիլմում գործող անձանցից Րաֆֆու (Դեյվիդ Ալբայ) կերպարի հետ, որը, ծանոթանալով իր անցյալի պատմությանը, ամբողջովին վերափոխվում է։ Րաֆֆին երկվություն է ապրում։ Նրա հորը սպանել են որպես «ահաբեկչի», եւ նա փորձում է հասկանալ իր անձնական պատմության այդ եւ իր ազգի հետ կատարված այն մեծ իրադարձությունները։ Արարատ լեռ կատարած ճամփորդությունից վերադառնալով նա միանում է իր խորթ քրոջըՙ Սելիային եւ ասում նրան. «Ես այնտեղ զգացի հորս ուրվականի ներկայությունը»։ Դրանով նա փաստորեն հստակություն է մտցնում իր կերպարում։ Նա կարողացել է, երկար մաքառումներից հետո, զգալ իր հոր ներկայությունը։ Նշանակում էՙ հայրը, նրա հիշատակը շարունակելու է ապրել, քանի ինքն է ապրում։

Մյուս կողմիցՙ նույնը կատարվում է (կատարվել է) Արշիլ Գորկու հետ։ Անին ֆիլմի վերջում վերցնում է Գորկու լուսապատկերներից գուցե ամենանշանավորը, որը պատկերում է իր մորըՙ առանց ձեռքերի։ Մոր հիշատակը հավերժացնելու ամենալավ միջոցը Գորկին գտել էՙ նկարելով նրան կտավի վրա։ Դրանով նա, փաստորեն, անշնչացած մարմինների կույտի միջից առանձնացրել է նրան եւ զետեղել կյանքիՙ հավերժության պատվանդանին։

Ինձ թվում է, որ «Արարատ» ֆիլմով Եղոյանն էլ նույն ձեւ է վարվել։

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4