«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2002-09-17 | #167, 2002-09-18 | #168, 2002-09-19


ՎԵՐԱԴԱՐՁ... ԻՐ ԼՍԱՐԱՆ

Երբ հարուստ ես հիշողություններով

... Այստեղ կապրեք ձեր կյանքի լավագույն տարիները։ Իսկ ե՞ս... ես... ես ի՞նչ... Ես միայն կմնամ ձեր հիշողությունների մեջ, եթե, իհարկե, դուք ցանկանաք։ Բայց ո՞վ գիտե...»։

Լեւոն Ներսիսյան.

Նա վեր էր սովորականից, փառքից, կոչումներից ու ամեն գայթակղությունից։ Որովհետեւ արդեն իսկ օժտված էր. օժտված էր շնորհովՙ ի վերուստ։ Այդ շնորհը նրա անսովոր հոգին էր, անկրկնելի մի բեկոր պոկված աստվածային կայծիցՙ իր անթաքույց պայծառ բռնկումներով։ Դա մի հզոր ներքին էներգիա էր, որ հեռանալուց հետո էլ իր աներեւույթ գոյությամբ շարունակում է ապրել արդեն իբրեւ հիշողություն։

Հիշողությունների մթնոլորտում էր շաբաթ օրը Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի լսարաններից մեկը, որ այսուհետեւ կկրի Լեւոն Ներսիսյանի անունը։ Մի քանի ժամանակ առաջ սովորական, անշուք սենյակն այդ օրը բոլորովին այլ կերպարանք ու ներշնչանք ուներ եւ սա նրանից չէր միայն, որ բարեկարգ էր, կոկիկ ու հաճելի կահավորված, նաեւ պայմանավորված էր հիշատակ հարգողների, հավերժացնողների գոյությամբ։ Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի մտահղացմամբ ստեղծված այս բարի ավանդույթը բանասիրական ֆակուլտետում լավ շարունակություն է ունենում։ Պ. Սեւակի, Գ. Սեւակի, Էդ. Ջրբաշյանի, Մ. Մկրյանի անվ. լսարաններին ավելացավ Լեւոն Ներսիսյանի անվ. լսարանը։ Շուտով սփյուռքահայ ուսանողների ջանքերով ֆակուլտետում կբացվի Վազգեն Գեւորգյանի անվ. լսարանը։

Անսովոր պահեր են երբեմն կյանքում լինում, երբ տարիները տեղաշարժվում են, եւ մարդկային հիշողությունն ապացուցում է, որ «գուցե մարդը հենց նա է, որ իր հետեւից հետք է թողնում»։ Օրը, լսարանը, ներսիսյանական էին, նրանով էին լցված, այստեղ նրա մեծադիր նկարներն էին, իր գրադարանը, իր դուստրըՙ Մարիան եւ նրան սիրող մարդիկ։

Հենրիկ Էդոյան. «Բազմաշնորհ եւ հանճարեղ մարդ, որի մեջ զարմանալիորեն գիտելիքների անսպառ պաշարը միացած էր այն եզակի փայլին, որ Աստված կամ տալիս է, կամ չի տալիս։ Նա բացառիկներից էր, որի մեջ Աստված փայլ էր դրել, մեծ հմայք, նրա էությունն անասելի մարդասեր էր, բարոյապես կատարյալ։

Յուրաքանչյուրն իր ճակատագիրն ունի։ Նա ծնված չէր գրելու համար։ Այդ գրքերը նա մեր մեջ է գրել։ Մեր սերունդը պարտական է նրան։ 60-ականների բումը, որ եղավ արվեստի մեջ, ազատախոհության այդ շարժման առաջին շարքերում Լեւոն Ներսիսյանն էր։ Մարդկային հոգու մի մասն անվան մեջ է ապրում։ Դրա համար է մարդն ուզում անուն թողնել, աշխարհում ներկա լինել հիշողությամբ»։

Արծրուն Ավագյան. «Սա ինչ-որ տեղ ուխտատեղի կլինիՙ հիշելու ոչ միայն Լեւոն Ներսիսյանին, այլեւ մեր բոլոր ուսուցիչներին։ Գիտելիքների անսպառ պաշար ուներ նա, ամենատարբեր տեղերից գալիս էին նրան լսելու։ Դասախոսություն չէր կարդում, նա խաղում էր այնպես, ինչպես իր աստվածաշնորհ հայրն էր հայ թատրոնի բեմում խաղում։ Դասախոսի, ուսուցչի, մարդկային ամենավեհ ու պայծառ նկարագիրն ուներ Լեւոն Ներսիսյանը»։

Գառնիկ Անանյան. «Տաղանդ կա, որ ամբողջովին լուսավոր է, պայծառ։ Իր շուրջը նա ստեղծում էր ոչ միայն հուզական մթնոլորտ, այլեւ գեղեցկության, մարդկության, շիտակության շքեղ հանդես։ Անհնար էր նրան ճանաչել, նրա կողքին լինել ու նրանից հետո որեւէ վատ բան անել կամ մտածել։ Ոչ միայն իր խոսքով, այլ իր կերպարով, իր էությամբ, իր գոյությամբ էր նա մարդկանց կրթում, մարդկանց մարդկայնացնում, քչերն են մեզ կյանքում հանդիպում այդպիսին»։

Ելենա ալեքսանյան. «Լեւոն Ներսիսյանը ճակատագրի շնորհ էր, բացառիկ ու անկրկնելի անհատականություն, որ բոլորովին այլ կրիտերիաներ ու մասշտաբներ ուներ, մտածողությամբՙ ասպետ եւ մարդկային հարաբերությունների մեջՙ ասպետ»։

Վահան Նավասարդյան. «Որպես երեւույթ նա ստեղծում էր մթնոլորտ։ Այդ մթնոլորտում չէր կարելի մնալ պասիվ, անտարբեր, նա ստեղծում էր շատ հետաքրքիր լարվածություն, սրություն հարաբերությունների մեջ, ամեն ինչ արժեքավորվում էր այդ մթնոլորտում։ Ահա նա չկա եւ այդ մթնոլորտն էլ չկա։ Բայց հիմա այնպիսի տպավորություն ունեմ, որ նա վերադարձավ...»։

Վերադարձ էր օրը, եւ Լեւոն Ներսիսյանը վերադարձավ այնտեղ, ուր իր երկրային կյանքի մեծ մասն էր անցկացրել, կրթել ու հոգեւոր ճանապարհ բացել շատերիս համար։ Ու զուր էր Լեւոն Ներսիսյանի դուստրը տագնապում, որ անողոք հիվանդությունն ավերել է սիրելի ուսուցչի այնքան հմայիչ կերպարը։ Մարիան ներկայացրեց այն տեսաերիզը, ուր իր հայրը վերջին անգամ զրուցեց մեր բոլորի հետՙ իր խոսքերն ուղղելով նաեւ տարասփյուռ հայ երիտասարդությանը։ Ու մենք շնորհակալ ենք այս տեսաերիզի համար, որ չնայած շատ հուզիչ լինելուն, բայց եւ համոզեց, որ մեծերը հեռանում են կանգնած։ Ու նա հեռացավ հպարտ, իր ողջ շռայլությամբ, չնայած ձեռքերի ու ձայնի դողին, բայց աչքերի շքեղ փայլով, խոսքի նույն ոգեղենությամբ ու կրակով, անինքնադավաճան, իրեն հավատարիմ, ինչպես ինքն էր մեզ պատգամում...

«Նավը պիտի կանգուն մնա, իսկ կանգուն մնալու համար պետք է, որ նա խարիսխ ունենա։ Ոչինչ, որ ես ժանգոտած խարիսխ եմ, բայց խարիսխ եմ։ Ես եկել եմ այստեղՙ ասելու նրանց, որ ոչ մի տեղ չեմ գնա, ոչ մի աշխատանքով, սորբոններով ինձ գայթակղեցնել հնարավոր չէ, որովհետեւ քանի որ ես դեռ Հայաստանում եմ, նավը դեռ ընկղմված չէ, որովհետեւ խարիսխ եմ ես...

Ձեզանից ոմանք Հայաստան երկիրը բնավ չեն տեսել։ Դուքՙ սիրելիսներս, նոր սերնդի սփռված հայեր, ուր որ կլինեք, վաղ թե ուշ ճանապարհին ջրատարը պետք է բերի ձեզ այստեղ։ Տեսել եք դուք Հայաստանը, թե չեք տեսել, պատկերացնում եքՙ ինչ երկիր է դա, նշանակություն չունի, Արգիշտի թագավորին եք ընդունումՙ որպես առաջին հայ թագավոր, ես չեմ ընդունում, նշանակություն չունի, նիկոմեդիացի ես, պոլսեցի, Թիֆլիսից, Ստամբուլից, Կեսարիայից, Շուշիից, թե Ցյուրիխից, մեծահարուստ ես, թե աղքատ, նշանակություն չունի, այդ բոլորը ես եմ եւ դուք, կտեսնվենք մենք, թե չենք տեսնվի, նշանակություն չունի, որովհետեւ երկրի ոգիները միշտ նույնն են, նրանք մեզ համար ե՛ւ կուրախանան, ե՛ւ կտխրեն։ Այս Հայք, այս Արմենիա աշխարհը տոկուն մնացած, չէ թե այս կամ այն եկեղեցուն պատկանող, ո՛չ կաթոլիկ են, ո՛չ ուղղափառ, ո՛չ բուդդայական են, ո՛չ կրիշնայական, այլ անհայտ մի ցեղ, անհայտ ոգիների, որ մեզ պահում է, միացնում ու կպահի այնքան ժամանակ, ինչքան ձեր նման ունկնդրողներ եւ ինձ նման այսպես խոսողներ կան։ Ինչքան դա կտեւի, չգիտեմ։ Մեկ սերունդ հանեք մեջտեղից։ Շարժման սկզբից ասել եմՙ մեկ սերունդ կորցնելու ենք։ Բայց այդ կորուսյալ սերնդի մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կվերակենդանացնեն թե՛ ինձ ու քեզ, թե՛ անհայտ, առայժմ անհայտ մնացած մեր երկրի ոգիներին...»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4