ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը Երեւանում իր աշխատանաքային այցի ընթացքում Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկել է երկու երկրների համար կարեւորագույն նշանակություն ունեցող խնդիրներ։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանըՙ ամփոփելով այցի արդյունքներն, ասաց. «Ամենակարեւորը, որ երկու պետական կառույցների միջեւ երկարատեւ համագործակցության սկիզբ դրվեց։ Ռուսաստանում նախագահի աշխատակազմը կարեւոր դերակատարություն ունի պետական գործառույթների իրականացման ոլորտում»։
Ա.Թումանյանի խոսքերով, այցի ընթաքում քննարկվել են նաեւ Հայաստանիՙ Ռուսաստանի Դաշնությանն ունեցած պարտքի հարցը (խոսքը «Գույքՙ պարտքի դիմաց» ծրագրի մասին է)։ Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ներկայումս փորձագետների մակարդակով տեխնիկա-տնտեսական կազմակերպական խնդիրներ են քննարկվում։ Հայկական կողմի հարցադրումը, ասաց նա, վերաբերում է այդ գործառույթների արագացմանը։ «Սկզբունքորեն քաղաքական որոշում կայացված է, մեզ համար կարեւորը պարտքի հետ կապված խնդրի լուծումն է եւ այդ ձեռնարկությունների բնականոն աշխատանքը»,- եզրափակեց նա։
Մոսկվա մեկնելուց առաջ, «Զվարթնոց» օդանավակայանում, պատասխանելով լրագրողների հարցերինՙ Ալեքսանդր Վոլոշինը նշեց, որ այցի հիմնական նպատակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամիսներ առաջՙ Մոսկվայում հայ գործընկերների հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի հետ համագործակցության եւ շփումների ամրապնդումն է։ Ալ. Վոլոշինը նշեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաեւՙ ռուս-վրացական հարաբերություններին առնչվող։
Նախատեսվո՞ւմ է արդյոք ՌԴ եւ ՀՀ նախագահների այցելություններ մոտ ժամանակներս հարցին Վոլոշինը պատասխանեց. «Առայժմ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա, չի բացառվում սակայն, որ նման անհրաժեշտություն առաջանա»։
Պատասխանելով միգրացիային առնչվող հարցին, նա նշեց, որ խնդիրը մտահոգում է նաեւ ռուսական կողմին։ «Դա նոր խնդիր է եւ մեզ հետաքրքրում է ոչ պակաս, քան մեր հայ գործընկերներին»,- ասաց նա։