«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2002-09-18 | #168, 2002-09-19 | #169, 2002-09-20


ՀՀ-ՈՒՄ 1993 Թ. ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՑՆՑՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Ինչպես արդեն հաղորդել ենք «Ազգի» սեպտեմբերի 18-ի համարում, 1993¬94 թթ. Հայաստանում Հունաստանի դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը, որն այժմ իր երկրի դեսպանն է Կանադայում, ցնցող, բայց հիմնավոր բացահայտումներ է արել Հայաստանի դեմ ուղղված այդ տարիների թուրքական նկրտումների վերաբերյալ։ «Խորհրդարանի խոսնակ Ռուսլան Խասբուլատովը նախապես գաղտնի համաձայնության էր եկել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ։ Եթե Խասբուլատովին հաջողվեր դիմակայել Ելցինին, ապա նա ռուսական սահմանապահ զորքերը հանելու էր Կովկասի սահմաններից եւ Թուրքիային թույլ էր տալու սահմանափակ ներխուժումներ իրականացնել Հայաստանում (օգտագործելով քրդական հարցը որպես պատրվակ) եւ Վրաստանում (Աբխազիայի անվտանգությունն ապահովելու համար)», գրել է նա օրերս Լոնդոնում «Կոմիտաս» ինստիտուտի հրատարակած «Կովկասյան քրոնիկներ. Ազգակերտում եւ դիվանագիտություն Հայաստանում, 1993¬1994 թթ.» վերնագրով իր հուշերի գրքում։

Նա այդ գաղտնի տեղեկությունը ստացել է Հայաստանում այն ժամանակվա Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա դը Արտինգից։ Նույն ժամանակվա Մ. Նահանգների դեսպան Հերրի Գիլմորը հաստատել է տեղեկությունը։ Խրիզանթոպուլոսը նաեւ վկայակոչել է այդ օրերի թուրքական բանակի տեղաշարժերը սահմանային գծում եւ Իրաքի վրա հարձակումը 1993 թ. հոկտեմբերի 5-ին։

Գիտակցելով, թե ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ նման սպառնալիքը, Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդն անմիջապես միջոցներ է ձեռնարկել եւ երկրի զինված ուժերը պահել առավելագույն պատրաստականության վիճակում։ Հայաստանի պաշտպանության նախարարը հաղորդակցության մեջ է մտել Ռուսաստանում իր գործընկերոջ հետ, որը վստահեցրել է նրանՙ ասելով, որ ռուսական բանակը պաշտպանում է Ելցինին։ Եվ իրոք, մոսկովյան ճգնաժամը հարթվեց Ելցինի հաղթանակով։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը, Եվրամիությունը եւ Մ. Նահանգները մրցակցում էին Կովկասին տիրանալու հարցում։ Հույն դեսպանի բացահայտումն այժմ հաստատում է տարածաշրջանում ի հարկին ռազմական միջամտությամբ դերակատարություն ունենալու թուրքական կառավարության պատեհապաշտ ձգտումների մասին «Ազգ»-ի մեկնաբանների նախապես կատարած պնդումները։

200 էջանոց հուշապատումը, որտեղ առաջին անգամ է խոսվում անկախ Հայաստանի գլխին կախված օտար ուժերի սպառնալիքի մասին, «Հայաստան։ Մի ազգի վերածնունդը» հատորի ճանաչված հեղինակ Քրիստոֆեր Ուոքերը գնահատել է որպես «անկեղծ ու անպաճույճ ոճով գրված հետաքրքիր գիրք»։

«Աթենքի դեսպանը բարեկամաբար է տրամադրված, բայց նաեւ չի թաքցնում իր դժգոհությունը Երեւանի քաղաքականության որոշ ուղղություններից։ Նրա կառուցողական քննադատության ոճն էլ գիրքը դարձնում է առավել ուսանելի», գրում է նա։

«Կովկասյան քրոնիկներում», բացի վերոհիշյալից, հարգարժան դեսպանը սրտացավ մտահոգությամբ նկարագրել է իր Հայաստան գալը Մոսկվա-Երեւան ինքնաթիռով, որտեղ չափազանց խճողված լինելու պատճառով իրեն տեղ է հատկացվել օդաչուի խցիկում, Արարատ լեռան անջնջելի տպավորությունը, Հունաստանի դեսպանատան կայացումը, ինչպես նաեւ հայ ժողովրդի սոցիալական վիճակը, բանկային համակարգի դրությունը եւ ընդհանրապես այդ տարիների դժվարությունները։

Գրքում, որը կարելի է ձեռք բերել «Կոմիտաս» ինստիտուտից, տեղ են գտել բազմաթիվ լուսանկարներ եւ մի քարտեզ։ Հավելյալ տեղեկություններ գրքի մասին կարելի է ստանալ ինտերնետային ցանցի www.gomidas.org սայթից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4