«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2002-09-18 | #168, 2002-09-19 | #169, 2002-09-20


ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՍԱՑ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՌՄԲԱՀԱՐԵՆ ՎՐԱՍՏԱՆԸ

ԱՄՆ մայրաքաղաքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը խիստ հայտարարություններ է արել Վրաստանի հասցեին։ «Երբ մենք նկատենք, որ ավազակախմբերը շարժվում են մեր սահմանի ուղղությամբ եւ մինչեւ ռուս-վրացական սահման 10¬15 կմ է մնացել, ապա այստեղ քննարկելու խնդիր չկա», հայտարարեց Իվանովը, ընդգծելով, որ Վրաստանի տարածքում թաքնվում են ոչ միայն չեչեն ահաբեկիչներ։ Իվանովն ամերիկյան կողմին կներկայացնի ապացույցներ, որ Թբիլիսիի իշխանությունները կապ են պաշտպանում եւ օգնություն տրամադրում ահաբեկիչներին։

Նախագահ Շեւարդնաձեն Բաքվից վերադառնալով Թբիլիսի հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին Քիշնեւում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հույս ունի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման։ Ըստ «Ինտերֆաքսի», Շեւարդնաձեն մտադրություն չունի մեկնաբանել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Կվաշնինի «վիրավորական արտահայտությունները»ՙ այդ պարտականությունը թողնելով Վրաստանի ՊՆ ղեկավարներին։

Հիշեցնենք, որ Կվաշնինը Շեւարդնաձեին համեմատել էր թալիբների հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի հետ։

Պանկիսի կիրճում կան ավելի քան 1000 չեչեն գրոհայիններ եւ օտար վարձկաններ, Թբիլիսիում լույս տեսնող «Ախալի թաոբա» թերթում պնդում է վրաց պարտիզանական-դիվերսիոն «Սպիտակ լեգեոն» ջոկատի հրամանատար Զուրաբ Սամուշիան։ Նրա ջոկատը դիվերսիոն գործունեություն է ծավալում Աբխազիայի Գալիի շրջանումՙ ոչ պաշտոնապես ստանալով Շեւարդնաձեի աջակցությունը։ «Ռուսլան Գելաեւը, մյուս ահաբեկիչներն այն մարդիկ չեն, որ հանձնվեն ինչ-որ մեկին, նրանք ներկայացնում են «Ալ Ղաիդան» եւ երդվել են չհանձնվել», ասել է Սամուշիան։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4