Քաղաքական այս բազմերանգ գունապնակում այժմ շատ բնական են սայթաքումներն ու գայթակղությունները։ Սակայն մարդիկ ճշգրիտ են որոշում իրենց դիրքն այսօրվա իրադրությունում։ Այդպիսին էր նաեւ մեր տպավորությունը Նոր Նորքի համանուն ակումբում երեկ կայացած հանդիպումից հետո։ Հատկապես երեւանցիների համար, ովքեր արդեն հոգնել են պարապ խոսքերից, այսօր արդեն հրապուրիչ են դառնում գաղափարները, այն գաղափարները, որոնք իրական հիմք ունեն։ Նորքի զանգվածներից Երեւանի կենտրոն իջնելու համար երբեմն ավելի շատ ջանք ու եռանդ է պետք, քան Գորիսից Երեւան հասնելու համար։ Դրան գումարածՙ որ մայրաքաղաքում ապրելով նորքեցին շատ հիմնահարցեր ունի լուծելու, ինչպես, ասենք, գյումրեցին կամ կապանցին։
Այս մասին էին խոսում երեկ Արուսյակ Վարդանյանը, Ալինա Խաչատրյանը, Կարապետ Զաքարյանը, Արթուր Ամրոյանը եւ մյուսները։ Տրանսպորտի հարցն է դժվար, մշակութային օջախներ չկան, ժամը 18։00-ից հետո Նոր Նորքի զանգվածը որպես բնակավայր փակվում է, ժամը 20։00-ից հետո շատ ու շատ բազմահարկ շենքերի լուսամուտներ աշխարհին են նայում կույր աչքի պես։ Բազմահազար բնակչություն ունեցող այս զանգվածը, որտեղ ժամանակին կային արդյունաբերական ձեռնարկություններ, որտեղ մարդիկ իսկապես վայելք էին ապրում երեկոյան ժամերին, այժմ դժվար տանելի տարածք է դարձել։
Մարդիկ ուզում են այս տարածքն իսկապես քաղաք տեսնել կրկին։ Ու իրենց հայացքը հառում են դեպի իրական ծրագրեր ունեցող եւ իրական ներդրումներ անող քաղաքական ուժերը, որպիսիներից է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը։ Ծրագրերին օժանդակելու համար ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանն իրական հնարավորություններ առաջարկեց։ Եվ պատահական չէ, որ մարդիկ, տեսնելով եւ հավատալով այսօրվա տնտեսական ձեռքբերումները, մեծ սիրով անդամակցում են ՀՌԱԿ կուսակցությանը։ Նրանց թիվը երեկ ավելացավ 15-ով։
Ս. Մ.