«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2002-09-18 | #168, 2002-09-19 | #169, 2002-09-20


ԱՐՇԵՆ ԱԲԵՂԱ ՍԱՆՈՍՅԱՆ. «ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՂԵԼ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ»

Երկու տարի առաջ, 2000 թ. սեպտեմբերին, Մայր աթոռ Սբ. Էջմիածնում ստորագրվեց ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգեւոր ծառայության կանոնադրությունը։ Այս կանոնադրությամբ հստակեցվում ու կանոնակարգվում էր հոգեւոր ծառայության գործունեության դաշտը, որի հիմքերը դրվել էին դեռեւս 1997 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի եւ այն ժամանակ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ ու ջանքերով։ Այդ թվականին էր, որ առաջին անգամ իբրեւ հոգեւոր սպասավորներ ազգային բանակ մեկնեցին ճեմարանավարտ 8 սարկավագներ։ Ծառայության նպատակն էր զինծառայողներին հաղորդակից դարձնել Քրիստոսի Ավետարանին եւ քրիստոնեական հավատքի սկզբունքներինՙ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների եւ ավանդույթի համաձայն, դաստիարակել նրանց քրիստոնեական-բարոյական սկզբունքներով եւ ազգային-հայրենասիրական ոգով։

Ընդհանրապես, հոգեւոր ծառայությունը հայոց բանակում նորություն չէ։ Նմանատիպ ծառայություն ստեղծված էր նաեւ Հայաստանի առաջին հանրապետության օրոք, որի բանակում հոգեւոր ծառայություն էին մատուցում գնդի քահանաները։ Այն, բնականաբար, երկար կյանք չունեցավ։ Արխիվային նյութերում այս մասին պահպանված են բավականչափ նյութեր, որոնց թվում նաեւ այն ժամանակ Երեւանի փոխթեմակալ Խորեն արք. Մուրադբեկյանի (հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս) զինվորական քահանաների համար մշակած կանոնակարգի նախագիծըՙ ներկայացված Ամենայն հայոց Գեւորգ Ե կաթողիկոսի հաստատմանը։ Ինչպես վկայում է ՀՀ զինված ուժերում հոգեւոր ծառայության առաջնորդ Տ. Արշեն աբղ. Սանոսյանը, ներկայիս կանոնադրությունը մշակելիս եւս նկատի է առնվել Խորեն արք. Մուրադբեկյանի կազմած հրահանգի նախագիծը։

Այսօր հոգեւոր ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարության բաղկացուցիչ մաս է կազմում եւ ղեկավարվում է հոգեւոր ծառայության առաջնորդի կողմից, որն էլ իր հերթին հաշվետու է Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀՀ պաշտպանության նախարարին եւ նախարարի դաստիարակչական գծով տեղակալին։ Կանոնադրության համաձայն, հոգեւոր ծառայության առաջնորդն ու սպասավորներն ազատված են շարային ծառայությունից, եւ նրանց կեցության ձեւը հավասարեցված է սպայական անձնակազմի կեցությանը։ Հոգեւոր սպասավորները ծառայությունն իրականացնում են եկեղեցական հանդերձանքով։

Ներկայումս Հայաստանի ազգային բանակում ծառայում է 23 հոգեւորական։ Ըստ հայր Արշենի, համարյա բոլոր զորամասերն էլ հոգեւոր սպասավոր ունենալու պահանջ են ներկայացնում։ Սակայն հոգեւոր սպասավորների ոչ բավարար թվի պատճառով նախապատվությունը տրվում է հիմնականում սահմանային եւ մեծ զորամասերին։

Ինչպե՞ս է կազմակերպվում նրանց ծառայությունը եւ ի՞նչ խնդիրների են առնչվում. այս հարցերին է պատասխանում Հայր Արշենը։

¬ Ընդհանրապես հոգեւորականի ներկայությունը բարերար ազդեցություն է ունենում զորամասի մթնոլորտի վրա։ Հաճախ ձեւավորվում է փոխադարձ վստահության այնպիսի մթնոլորտ, երբ զինվորները գալիս են խոստովանության կամ ցանկանում են այս կամ այն հարցը քննարկել հոգեւորականի հետ։ Այս տեսակետից կարեւոր է հոգեւորականի ներկայությունը ոչ միայն զինվորների, այլեւ սպաների համար։ Ընդհանուր առմամբ եւ՛ սպաները, եւ՛ հրամանատարական կազմը, եւ՛ հատկապես զինվորները գոհ են հոգեւորականներից։

Այն զորամասերում, որտեղ ունենք հոգեւոր սպասավոր, առավոտյան ու երեկոյան զինվորական հերթափոխերը ուղեկցվում են հոգեւորականի աղոթքով։ Բացի այդ, օրվա ընթացքում, մարտական պատրաստության կամ այլ պարապմունքների կողքին դասաժամեր են հատկացված նաեւ հոգեւորականներին, որոնք զինվորներին ուսուցանում են Սբ. Գիրք Հայ առաքելական եկեղեցու պատմություն, կրոնական այլ գիտելիքներ։ Կիրակի եւ հատկապես տաղավար տոներին զինվորները այցելում են նաեւ զորամասին մոտ գտնվող եկեղեցի եւ սիրով մասնակցում եկեղեցական արարողությանը։ Ի դեպ, մատուռներ են կառուցվում նաեւ զորամասերում, օրինակՙ Սիսիանում, Արարատում, Ճամբարակում։

¬ Ծառայության ընթացքում հոգեւոր սպասավորն անշուշտ հանդիպում է նաեւ աղանդավորների։ Ինչպե՞ս են ձեւավորվում հարաբերությունները նրանց հետ։ Արդյոք բարդություններ չե՞ն առաջանում։

¬ Որեւէ խնդիր այս առումով չունենք եւ դեռ ավելին։ Չհաշված մեկ-երկու դեպք, երբ աղանդավոր զինվորականը հրաժարվել է մասնակցել հոգեւոր պարապմունքներին, հիմնականում հենց աղանդավորներն են ակտիվությամբ մասնակցում այդ դասերին։ Քիչ չեն դեպքերը, երբ հոգեւոր դասերի ընթացքում նրանց մեջ հակառակ կարծիքն է ձեւավորվում եւ աղանդավոր զինվորը վերադառնում է Մայր եկեղեցի։ Սա բնական ու հասկանալի է, քանի որ 18 տարեկան երիտասարդը, լինելով աղանդավոր ընտանիքի զավակ եւ մինչ այդ հաճախած լինելով միայն աղանդավորական հավաքների, քրիստոնեության մասին պատկերացում է կազմել միայն այդ տեսանկյունից։ Հայ եկեղեցու մասին բացարձակ պատկերացում չունեցող այս երիտասարդը, առաջին անգամ շփվելով Հայ եկեղեցու սպասավորի հետ, շատ հաճախ բացահայտում է իրական քրիստոնեությունը եւ դարձի գալիս։

¬ Մի շարք երկրներում բանակի հոգեւոր սպասավորներն ունեն նաեւ զինվորական կոչումներ։ Նախատեսվո՞ւմ է նման բան Հայաստանի ազգային բանակում։ Ընդհանրապես որքանո՞վ է համատեղելի զինվորական կոչումը հոգեւոր կոչման հետ։

¬ Իրապես արտասահմանյան երկրներում բանակի հոգեւորականներն ունեն բարձր սպայական կոչումներ։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, կապելլաններըՙ բրիտանական բանակի հոգեւոր սպասավորներն, ունեն անգամ գեներալական կոչումներ։ Ինչպես մեր արտասահմանյան գործընկերներն են պնդում, դա վերաբերմունքի եւ հեղինակության բարձրացման նպատակով է։ Այսինքն, երբ հոգեւոր սպասավորը նաեւ բարձրաստիճան զինվորական է, առավել ընդգծված է դառնում նրա նկատմամբ հարգանքը։ Այդ հարցը քննարկվել է նաեւ մեզ մոտ, սակայն առայժմ նպատակահարմար չենք համարում, որ հոգեւորականը նաեւ զինվորական կոչում ունենա։

Հոգեւոր ծառայությունը հայոց բանակում երիտասարդ կառույց է, եւ մենք ձգտում ենք կապեր հաստատել այն երկրների հետ, որտեղ նմանատիպ ծառայությունը տարիների, նույնիսկ դարերի փորձ ու համապատասխան ավանդույթներ ունի։ Նմանատիպ երկրներից է Հունաստանը, որի հետ ջերմ հարաբերություններ ունենք եւ փոխադարձ այցելություններով հունական կողմի հետ որոշ զորամասերում մատուռներ կառուցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ Բարեկամական կապեր ունենք նաեւ Մեծ Բրիտանիայի հոգեւոր ծառայության հետ, նախնական պայմանավորվածություն ունենք հոգեւոր զինվորական ծառայության վերապատրաստման նպատակով հոգեւորականներ ուղարկել բրիտանական բանակ։

¬ Այսինքն նպատակ կա՞ բանակում ունենալ մշտական պրոֆեսիոնալ հոգեւոր սպասավորներ։

¬ Այո։ Թեւ հիմա էլ հոգեւոր ծառայության համար տարիների սահմանափակում չկա։ Շատերը բանակում ծառայում են արդեն 3¬4 տարի։

¬ Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին Հայ եկեղեցու հոգեւորականը միշտ զենք է վերցրել եւ հաճախ դարձել հայրենիքի ազատության եւ պաշտպանության առաջնորդ։ Այսօր Հայաստանում Եհովայի վկաները արգելում են հայ երիտասարդին զենք կրել։ Ինչպիսի՞ն է Հայ եկեղեցու տեսակետը։

¬ Ընդհանրապես ուղղափառ քրիստոնեությունը դատապարտում է ցանկացած պատերազմ, ցանկացած արյունահեղություն։ Բայց, դժբախտաբար, աշխարհում պատերազմները դեռեւս շարունակվում են։ Հետեւաբար, երբ հայրենիքի պաշպանության հարց է բարձրանում, եկեղեցին կոչ է անում իր ժողովրդին ու իր հավատացյալին դառնալ հայրենիքի պաշտպանության զինվոր, քանզի հայրենիքը աստվածային պարգեւ է եւ սրբություն յուրաքանչյուրիս համար, եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք պաշտպանել Աստծո կողմից մեզ տրված պարգեւը։ Մեր եկեղեցին միանշանակ դատապարտում է հարձակողական պատերազմները եւ ցանկացած ագրեսիա։ Սակայն հայրենիքի պաշտպանությունը նկատում է սրբազան պարտք։ Այս է պատճառը, որ ժամանակին հայրենյաց պաշտպանները սրբացվել են եկեղեցու կողմից։ Այս է պատճառը նաեւ, որ հայ հոգեւորականը հանուն հայրենիքի պաշտպանության հաճախ նաեւ զենք է վերցրել եւ հայրենիքի պաշտպանության ազատագրական պայքարներ ղեկավարել։ Իզուր չէ, որ 17¬18-րդ դարերի ազատագրական պայքարները Հայ եկեղեցու մեջ էին խմորվում, եւ եկեղեցականներն էին պայքարի հիմնական քաջալերողները։ Դա բնական է, որովհետեւ եկեղեցականը երբեք իրեն անջատ չի համարել իր ժողովրդից։ Այսպես էր նաեւ արցախյան ազատամարտի ժամանակ, երբ շատ հոգեւորականներ իրենց մասնակցությունը բերեցին արցախյան ազատագրական մարտերինՙ Արցախում եւ սահմանամերձ շրջաններում լինելով զինվորի կողքին։

ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4