«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2002-09-18 | #168, 2002-09-19 | #169, 2002-09-20


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ ՄԱԿ-Ի ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների կանոնական ուղղափառ եպիսկոպոսների եւ արեւելյան ուղղափառ եկեղեցիների մշտական համագումարների հովանավորությամբ ՄԱԿ-ի համայնքային ներկայացուցիչների պատվին կազմակերպված երկրորդ միասնական ժամերգությունն ու հյուրասիրությունը այս տարի տեղի են ունենալու սեպտեմբերի 30-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական մայր տաճարում, հաղորդում է Մ. Նահանգների հայկական եկեղեցու թեմից ինտերնետային ցանցով ստացված տեղեկությունը։

Միասնական ժամերգության գաղափարը մտահղացվել էր անցյալ տարի համաշխարհային խաղաղության գործին նպաստելու եւ այդ ասպարեզում հավատի միահամուռ զորակցություն արտահայտելու նպատակով։ Առաջին նման միջոցառումը տեղի էր ունեցել Սբ. Նիկոլաս հունական ուղղափառ մայր տաճարում, որտեղ գլխավոր բանախոսներն էին հույն արքեպիսկոպոս Դիմիտրիոսը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Նեգրոպոնտեն եւ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մովսես Աբելյանը։

Այս տարվա միջոցառմանը բանախոսելու համար հրավիրված են ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ եւ իրաքյան ծրագրի գործադիր տնօրեն Բենոն Սեւանը, որոնք միջազգային դիվանագիտության ճանաչված եւ հարգված անձնավորություններ են։ Քարոզելու է Մ. Նահանգների հայկական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը, իսկ հետագա հյուրասիրության հանդիսավարն է լինելու ղպտի ուղղափառ եկեղեցու էկումենիկ հովիվ Բիշոյ Միխայիլը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4