Ընդդիմությունը կարող է առնվազն չորս թեկնածու առաջադրել
«Այդ միավորման ապագան շատ մշուշոտ է այն պարզ պատճառով, որ կուսակցությունները հիմնականում գաղափարական սկզբունքներով չէ, որ միավորվել են ասենք աջակողմյաններ, ձախակողմյաններ եւ այլն։
Այդ միավորման մեջ մեծ է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր աթոռներ են փնտրում կամ արդեն կորցնելովՙ դժգոհում են։ Բացի դրանից, գտնում եմ, որ այնտեղ հավասար կալիբրի ղեկավարներ կան եւ ընդհանուր լիդեր դառնալու պայքարը շատ թեժ է լինելու։ Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ Գեղամյանը փորձում է բոլորին բացատրել, որ եթե ինքը չլինի օպոզիցիայի լիդեր, ապա միավորումից դուրս կգա։ Այդտեղ հոգեբանական պրոբլեմ կա։
Համենայն դեպս, սա 1996 թ.-ի միավորումը չէ։ Այն ժամանակ մեր հետեւում կանգնած էր ժողովուրդը, մենք նրա շունչն զգում էինք։ Այսօրվա միավորումն ինքն էլ է զգումՙ հետեւում ժողովուրդ չունի։ Ժողովուրդն առնվազն անտարբեր է»։
ՀԺԱՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանի այս մեկնաբանությունները տարածվում են նաեւ իր նախկին կուսակիցներիՙ Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի, Վազգեն Մանուկյանի վրա, որոնց գլխավորած կուսակցությունները եւս մաս են կազմում «16»-ի միավորմանը։ Ընդ որում, այդ կուսակցություններըՙ ԱԺՄ, ԱԺԿ եւ ԱԺԴ, միավորման առանցքում այդքան էլ ֆավորիտային կարգավիճակում չեն։ Իրենց արեւմտամետ ուղղվածությամբ, ազգային ժողովրդավարականՙ ժամանակի ընթացքում խեղաթյուրված գաղափարախոսությամբ այս երեք կուսակցություններն էլ միավորման շրջանակներում կարծես կղզիացած, անտեսված վիճակում են գտնվում։ Հատկանշական է, որ միավորման ձեւավորման նախապատրաստական-բանակցային փուլում ե՛ւ ԱԺՄ-ն, ե՛ւ ԱԺԿ-ն, ե՛ւ ԱԺԴ-ն սկզբնական շրջանում արհամարհված էին եւ քննարկումներին պարզապես չէին հրավիրվում։ Իսկ 16-ի միասնական թեկնածուի առաջադրման վերջին շրջանի խառնաշփոթում երկրորդական պլանում էր Վազգեն Մանուկյանի անունը։ Այնպիսի տպավորություն է, կարծես ազգային ժողովրդավարներն իրենց գոյության միակ երաշխիքը տեսնում են միավորման մեջՙ անգամ քաղաքական գործընթացներին ակտիվ դերակատարությունից հրաժարվելու գնով։
ԱԺՄ-ի այս սերուցքը, սակայն, «16»-ի միայն մեկ հատվածն է։ Հետաքրքրական է, որ գրեթե նույնպիսի իրավիճակ է նաեւ մյուս կուսակցությունների շրջանում։ Այսպեսՙ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը, որն ամբողջ կազմով մտավ «16»-ի մեջ, ունի հստակ ձախ կողմնորոշում, հակված է դեպի Ռուսաստան, իսկ միասնական թեկնածուի հարցում դեռեւս հստակ դիրքորոշումներ չի հայտնում։ «Սոց. Հայաստանի» սպասողականությունն ունի իր դրդապատճառները, որոնք կապված են ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանիՙ իրենց պոտենցիալ թեկնածուի առկայությամբ։
Այս տեսակետից ՍԻՄ-ի իրավիճակն առանձնապես չի տարբերվում։ «Ազգային միաբանություն» կուսակցության հետ նախընտրական դաշինք կազմելուց, խորհրդարան մտնելուց, այնուհետեւ դաշինք լուծարելուց հետո վերջին շրջանում ՍԻՄ-ի եւ ԱՄ-ի միջեւ նախընտրական նոր համագործակցության նշաններ են ի հայտ գալիս։ Նախ երկու կուսակցությունների համաձայնությամբ ԱՄ-ն ստացավ տեղամասային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովներում լծակներ ապահովելու մենաշնորհը, ապա «Իրավունք» շաբաթաթերթի միջոցով ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանին հնարավորություն տրվեց հրապարակելու իր հակաճգնաժամային ծրագիրը։ Նման զիջումները վկայում են, որ ՍԻՄ-ն ակնհայտորեն առավելությունն Արտաշես Գեղամյանին է տալիսՙ ռեզերվում պահպանելով Հրանտ Խաչատրյանին, իսկ հընթացս իբրեւ «ջեբի փող», օգտագործում դոկտ., պրոֆ. «Պուտինի խորհրդական» եւ այլ տիտղոսներով փետրազարդրված Արամ Կարապետյանին։ Անշուշտ, առաջին երկու գործիչների համար դժվար չի լինի իշխանության «բաժանման» շուրջ համաձայնությունների գալՙ հաշվի առնելով նաեւ համագործակցության նախկին փորձը։
Միավորման մեջ հաջորդ դուետը, որը բացահայտ ֆավորիտի կարգավիճակում է եւ «16»-ի ուղղորդիչ ուժըՙ ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն» կուսակցություններն են։ Եվ չնայած այս առավելությանը, իրականում երկուսի համար էլ 16 կուսակցությունների միավորումն ընդունվում է ոչ միանշանակորեն։ Դեռ ձեւավորման նախօրեին երկուսն էլ խոսում էին առավել փոքրաթիվ, սակայն պոտենցիալ ներկայացնող ուժերի համագործակցության մասին, իրավացիորեն համարելով, որ այդ կերպ միայն հնարավոր կլինի համաձայնությունների գալ առանցքային հարցերումՙ միասնական թեկնածու եւ միասնական ծրագիր։ Ավելին, Ալբերտ Բազեյանըՙ «Հանրապետություն» կուսակցության նախագահը, չժխտեց իրենց տրամադրվածությունը ՀԺԿ-ի հետ առանձին նախընտրական դաշինք ձեւավորելու կապակցությամբ «Միասնության» օրինակով։ Իհարկե, այս ուժերի համար առանձնահատուկ կարեւորություն է ստանում համատեղ մեկ թեկնածուի առաջադրման խնդիրը. «Հանրապետությունից» առաջարկում են Արամ Սարգսյանին, ՀԺԿ-իցՙ Ստեփան Դեմիրճյանին։ Սակայն պետք է նշել, որ եթե այս երկու ուժերը երբեւէ մտածեին միայն իրենց շրջանակներում այս հարցը լուծելու մասին, նրանք արդեն իսկ հաջողություն կունենայինՙ հաշվի առնելով հենց «Միասնության» փորձը։
Ակնհայտ է, որ վերոնշյալ բոլոր ներմիավորումային խմբավորումներն էլ սեփական պատկերացումներն ունեն գալիք ընտրությունների հետ կապված։ Ազգային ժողովրդավարների ընդդիմադիր հատվածը բոլոր շանսերն ունի եթե ոչ ԱԺՄ վերադառնալու, ապա գոնե դաշինք կամ առանձին միավորում կազմելու եւ պաշտպանելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Հաշվի առնելով ընդհանուր «կարկանդակը» կիսելու եւ շահաբաժիններ ստանալու հեռանկարըՙ Գեղամյանի եւ Ստեփան Դեմիրճյանի շուրջ համախմբվելու հնարավորություն ունեն նաեւ համապատասխանաբար ՍԻՄ-ը եւ «Հանրապետությունը»։ Իսկ միավորման մյուս ուժերը, կանգնելով հիրավի ինքնամեկուսացման վտանգի առջեւ, ստիպված են լինելու այս խմբավորումներից առաջադրված թեկնածուներին պաշտպանել (ներառյալ նաեւ «Սոց. Հայաստանից»ՙ Արամ Սարգսյանին)։
Նկատի առնելով, որ միավորումն իրականում այդպես էլ չի կարողանալու միասնական թեկնածու գտնել, ամենահավանական տարբերակը թերեւս ընդդիմադիր դաշտի 3¬4 թեկնածուով ընտրություններին մասնակցելն է։ Հակառակ դեպքում ընդդիմությունն է գնալու ինքնասպանության ճանապարհովՙ զոհ գնալով անձնական հավակնություններին, առաջադրելով, ասենք, 10¬11 թեկնածու։ Դա հանգեցնելու է նրան, որ գործող նախագահին ի հակակշիռ ընդդիմությունը շատ ավելին է կորցնելու, քան ցանկանում է ձեռք բերել։
Օրերս նախագահի հայտնած ցանկությունը, թե լավ կլիներ «16»-ին հաջողվեր մեկ միասնական թեկնածու առաջադրել, իհարկե, հենց ընդդիմության համար ամենաշահեկան լուծումն է։ Սակայն պրակտիկորեն, ելնելով ներկա իրավիճակից, այդ հեռանկարը միայն երազանք է թվում։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ