Այս կարծիքն էին հայտնում ցուցահանդեսի մասնակիցներն ու հյուրերը
«Ես ողջունում եմ նման ցուցահանդեսները։ Առօրյա գործերով զբաղված, հնարավորություն չես ունենում տեղեկանալու նոր իրողություններին։ Այս ցուցահանդեսը նման հնարավորություններ ընձեռում է։ Այստեղ նոր գործընկերներ ենք գտնում», սա «Արդյունաբերական Հայաստան» առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներից մեկիՙ «Քրաուն քեմիքլ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Արտավազդ Քոչինյանի կարծիքն էր։ LOGOS EXPO կենտրոնի ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) կազմակերպած միջոցառման մասին համանման կարծիք ունեին մեզ հետ զրուցած բոլոր մասնակիցները։ Իրոք, այս ցուցահանդեսն ի տարբերություն նախորդի, ինչպես նաեւ այլ ցուցահանդեսների, մի շարք առումներով առանձնանում էր։
Առաջինը, մասնակիցների թիվը պատկառելի էրՙ մոտ 70։ Այս հանգամանքն իր ողջույնի խոսքում ընդգծեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կդառնա ավանդական, իսկ մասնակիցների թիվը տարեցտարի կավելանա։
Երկրորդը, բացի վերջին տարիների համար սովորական դարձած սննդի, գյուղմթերքների վերամշակման արտադրությունից, այստեղ ներկայացված էին մեր արդյունաբերության այլ ճյուղերը ներկայացնող ձեռնարկությունները եւս։ Այդ կապակցությամբ Արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի (ԱԳՄԿ) նախագահ Վիկտոր Գլուխիխը հետեւյալն ասաց. «Մեկ տարվա ընթացքում ցուցահանդեսը փոխվել է, եւ բավականին նոր ապրանքներ, հատկապես ինտելեկտուալ նորույթներ են հայտնվել, ինչը շատ կարեւոր է»։
Վերջապես հետաքրքրությունը հայկական արտադրանքի նկատմամբ ավելացել է, ինչը դարձյալ վկայեց Վիկտոր Գլուխիխը, ասելով, որ իրենք Հայաստան են բերել 20 երկրների ընկերությունների ներկայացուցիչների։ Նա նաեւ վստահություն հայտնեց, որ այս ընկերությունները Հայաստանում կգտնեն նոր գործընկերներ։
Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո, որտեղ իրենց ողջույնի խոսքն ասացին Հայաստանի վարչապետը, կազմակերպիչներըՙ LOGOS կենտրոնի ներկայացուցիչներն ու ՀԱԳՄ նախագահը, ԱԳՄԿ նախագահը, կտրվեց մուտքի ժապավենը, եւ այցելուները մուտք գործեցին կառավարության շենքի սրահ։ Հայկական ընկերությունների, հայ-շվեյցարական, հայ-գերմանական, հայ-հունական եւ այլ համատեղ ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսակներից ու ծառայություններից էին կահույքի պարագաները, զանազան շարժիչները, էլեկտրոնային գործիքները, հագուստը, ապակյա իրերը, փաթեթավորման, կենցաղային քիմիայի արտադրատեսակները, շինանյութերը, կոմպյուտերային ծրագրերը, քարամշակման, սննդի ապրանքները, զովացուցիչ եւ հանքային ջրերը, օպտիկական, լազերային սարքերն ու համակարգերը եւ այլն։ Ցուցահանդեսում առանձին տաղավարներ ունեին նաեւ ռուսական, ուկրաինական եւ բելառուսական մի քանի ընկերություններ։ Այդուհանդերձ, մեզ առավելապես հետաքրքրում էին հայկական արտադրական ընկերությունները, որոնց ներկայացուցիչների հետ կարճատեւ զրույցներ ունեցանք։ Նրանցից առաջինը «Գարուն» միավորման գլխավոր մոդելյորն էր.
¬ Մենք կատարում ենք ամերիկյան «Ամերեքս» ընկերության պատվերները։ Ձեռնարկությունում արտադրված փոքրիկների, կանանց ու տղամարդկանց բաճկոններն ու այլ հագուստներն արտահանվում են ԱՄՆ եւ այլ երկրներ։ Տեղական շուկայի համար արտադրում ենք բանվորական հագուստ։
«Եվրոթերմ» ընկերությունն արտադրում է «Նոյյան» բնական հյութերը, որոնք արդեն հայտնի են մեր շուկայում։ Հիմնական խնդիրն արտահանման նոր շուկաներ գտնելն է։ Ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Համբարձումյանն այդ կապակցությամբ ասաց.
¬ Ցուցահանդեսից ակնկալում ենք նոր գործընկերներ գտնել, որպեսզի ավելացնենք արտահանման ծավալները։ Ներքին շուկայում ընկերությունն արդեն ճանաչված է։ Ներկայումս մեր հյութերն արտահանում ենք ԱՄՆ, Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա։
«Քրաուն քեմիքլը», որը ստեղծվել է համեմատաբար վերջերս (1997 թ.) եւ արտադրում է շինարարահարդարման ու կենցաղային քիմիայի ապրանքներ, ներկայացված էր մեծ տաղավարով։ Նրա գործունեության մասին առավել մանրամասն պատմեց արդեն վերեւում հիշատակված ընկերության տնօրենների խորհրդի անդամ Արտավազդ Քոչինյանը.
¬ Այժմ 40-ից ավելի արտադրատեսակներ ենք արտադրումՙ էմուլսիա, տարբեր գույների ներկեր, մանրահատակի լաքեր, նիտրո-լաքեր (առաջին նման արտադրությունը Հայաստանում), մաքրող, լվացող, փայլեցնող, այդ թվումՙ սանհանգույցները մաքրող, ապակիները, հարթ մակերեսները, ափսեները լվացող հեղուկներ։ Արտադրության շուրջ 80 տոկոսը սպառվում է ներքին շուկայում։ Համագործակցում ենք Երեւանի 500-ից ավելի խանութների հետ։ Մեր արտադրանքը մարզեր տեղափոխում ենք մեր մեքենաներով եւ դա անում ենք առանց գնի մեջ փոփոխություն մտցնելու։ Եթե ապրանքի գինը մատչելի է, եւ սպառողը գնելուց հետո տեսնում է, որ որակն էլ բարձր է, ապա դա նշանակում է, որ սպառումն ապահովված է։ Մենք այդ սկզբունքով ենք աշխատում։ Մեր արտադրանքի շուրջ 20 տոկոսն արտահանվում է Վրաստան, Միջին Ասիա, Ռուսաստան։ Նոր պայմանագիր ունենք, որի շնորհիվ կընդլայնվի մեր ներկայությունը ռուսական շուկայում։
Ջրաչափերի արտադրությամբ է զբաղվում հայ-գերմանական «Արազեն» ձեռնարկությունը, որը ստեղծվել է 1 տարի առաջ։ Ձեռնարկության տնօրեն Արա Սանթրոսյանը, անդրադառնալով գերմանական կողմի հետ համագործակցությաննՙ ասաց.
¬ Գերմանական կողմից մեր գործընկերն է հայտնի «Զեններ» ընկերությունը, որը ձեռնարկություններ ունի 80-ից ավելի երկրներում։ Հայկական կողմի համահիմնադիրը «Երազ» ընկերությունն է։ Համագործակցում ենք բավական երկար ժամանակ։ Անցյալ տարվանից ստեղծել ենք համատեղ ձեռնարկությունՙ ջրաչափերն այստեղ արտադրելու համար։ Պահեստամասերը ստանում ենք Գերմանիայից։ Ստուգաչափումը մեզ մոտ է կատարվում։ Մեր բնակարանային ջրաչափերը 10 հազար դրամ արժեն։ Շուկայում կան ավելի էժանները, բայց մենք չենք էժանացնելու, որովհետեւ որակը համապատասխանում է արժեքին։
Իհարկե, անհնար է բոլոր ներկայացված ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցելը կամ նրանց արտադրանքը ներկայացնելը։ Սակայն այդ ամենի մասին պատկերացում կազմելու համար հետաքրքրվողներն այսօր եւ վաղը կարող են այցելել ցուցահանդես։ Փակման հանդիսավոր արարողությունը կլինի վաղըՙ ժամը 19-ին, որի ժամանակ էլ մասնակիցներին մրցանակներ եւ դիպլոմներ կշնորհվեն։