Օրերս Կարապի լճի մոտով անցնելիս նկատեցի, որ արձան են տեղադրում։ Մոտեցա եւ... զարհուրեցի։ Արձանը սարսափ ֆիլմից դուրս պրծած արյունարբու հրեշի էր նման, որի ներքեւում գրված էր մեր այնքան սիրելի ու տաղանդավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը։ Ապշահար կանգնած էի, երբ մի երիտասարդ բացականչեց. «Վա՜յ, ես ձեր... էս լավ մարդուն էս ի՞նչ են արել։ Վա՜յ, ես ձեր...»։ Երկու օր շարունակ արձանի մոտ հավաքվում, վիճում ու բողոքում էին նույնիսկ քաղաքի հանդեպ արդեն անտարբեր դարձած երեւանցիները։
Իսկ երեկ «Առնո Բաբաջանյան» ֆոնդի հայաստանյան բաժանմունքի տնօրեն Ռոբերտ Հակոբյանը նկարիչների միությունում ասուլիս էր հրավիրել, որը, ցավոք, տեղի չունեցավ։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտարարեց, որ ֆոնդը խնդրել է քննարկել արձանի հարցը, սակայն քննարկմանը կմասնակցեն միայն քանդակագործական բաժանմունքի անդամները։ Նրանց դրական կամ բացասական կարծիքը գրավոր կուղարկվի ֆոնդի նախագահին։ Եվ քանի որ լրագրողների առջեւ փակվեցին դռները, ցուցասրահում ճեպազրույց ունեցանք պրն Հակոբյանի հետ։ «Ամենաթողության պայմաններում դեռ շատ ահավոր երեւույթների ականատես կլինենք։ Պետական կառույցները չեն աշխատում, ֆինանսական միջոցներ չկան, եւ տեսեք, թե ինչ է կատարվում։ Առնո Բաբաջանյանի արձանը պիտի կանգնեցվեր Կոմիտասի կամերային երաժշտության տան դիմաց, սակայն ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով մրցույթ չէինք հայտարարում։ Դրա համար 15¬20 հազար դոլար էր անհրաժեշտ», ասաց ֆոնդի տնօրենը։ Առնո Բաբաջանյանի հետ երկար տարիներ համագործակցած, նրան ճանաչած ու մեծարած մարդն անընդունելի է համարում նրա կերպարին բնավ չհամապատասխանող արձանի տեղադրումը։ «Մենք դեմ չենք քանդակագործական նոր ձեւերին ու մոտեցումներին, սակայն Դավիթ Բեջանյանի աշխատանքն ապագա սերունդներին թողնելու գործ չէ։ Նա լավ գործեր, անշուշտ, ունի, բայց այս մեկը պարզապես չի ստացվել», ավելացրեց նա։ Այո, Երեւանն այլեւս պետությանը չի պատկանում, այլՙ միլիոնատերերին։ Ի՜նչ քաղաքապետարան, ի՜նչ որոշում, ի՜նչ թույլտվություն։ Ով վճարում է, նա էլ տիրում է։ Փողատերերը դիմել են ֆոնդին, իսկ վերջինս պահանջել է մրցույթ անցկացնել, նրանք էլ չեն ցանկացել ու իրենց գործն ավարտին են հասցրել։ Տեղեկացանք, որ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը երեկ դիմել է հանրապետության նախագահին, իսկ անվանի շատ արվեստագետներ ու մտավորականներ իրենց զայրույթն են արտահայտել ֆոնդի նախագահին։
Ի դեպ, ովքեր չհասցրեցին արձանով «զմայլվել», արդեն ուշացան։ Երեկ թաքցրել էին կապույտ ծածկոցի տակ։ Ոչինչ, հոգ չէ, նման արձաններ դեռ շատ կտեսնենք, քանզի լավ վճարելու դեպքում Երեւանի ցանկացած մասում կարելի է տեղադրել ամեն ինչ։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ