Այսպես է մտածում եւ գործում ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը
Հայագիտությունը XIX դարի երկրորդ կեսից միանգամից ընդարձակվեցՙ կայուն տեղ զբաղեցնելով արեւելագիտության մեջ։ Հայագիտությամբ եւ հայկական աղբյուրների շնորհիվ աշխարհի շատ երկրներում վերլուծվեցին պատմամշակութային բազմաթիվ հարցեր։
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը մեծ ավանդ ունի հայագիտության զարգացման գործում։ Վերջին տասնամյակի դժվարություններից չընկրկելով, շարունակում է նոր ծրագրեր ու մտահղացումներ իրականացնել նաեւ ֆակուլտետի դեկան, դոցենտ Գուրգեն Մելիքյանը։ Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը ճանաչված մտավորականի հետ։
¬ Հայագիտությունը նոր շրջափուլ մտցնելու համար առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։
¬ Հայագիտության զարգացումն ամենից առաջ պահանջում է հին լեզուների փայլուն իմացություն։ Անվանի շատ հայագետներ լեզվաբանական մանրազնին ուսումնասիրությունների համար պարտադիր են համարել նաեւ պարսկերենի իմացությունը։ Սակայն համալսարանում տարիներ շարունակ այն չի ընդգրկվել հայագիտական առարկաների մեջ, որն, ըստ իս, մեծ բացթողում է։ Այս տարի բանասիրական ֆակուլտետն ընդունեց մեր առաջարկը, եւ մոտ ապագայում կունենանք հայագետ-իրանագետներ։ Հայագիտության հարստությունները տարածելու եւ հայոց պատմության հնագույն շրջանի նոր ուսումնասիրություններ կատարելու համար պետք են թարմ ուժեր եւ նոր մոտեցումներ։ Առանց մի քանի լեզուների տիրապետման դա հնարավոր չէ։
¬ Հայ պատմաբանները մեծ կարեւորություն են տալիս արամեագիտությանը, ասորագիտությանը, օսմանագիտությանը։ Նախատեսո՞ւմ եք ֆակուլտետի ընդլայնում։
¬ Առաջիկայում նոր ամբիոններ բացելու հնարավորություն դեռեւս չունենք, սակայն նախատեսում ենք ընդլայնել մասնագիտացումները։ Այսպես, մեծ հաջողություններ ունենք իրանագիտության բաժնում, ուստի սկսեցինք նաեւ բելուջագիտություն ուսումնասիրել, այսօր արդեն լուրջ հիմքերի վրա են քրդագիտությունը եւ օսագիտությունը։ Արաբագիտության բաժնում ուսումնասիրում ենք նաեւ եբրայերեն, որն ապագայում գուցե կառանձնանա եւ կուսումնասիրվի արամեագիտության հետ։ Թուրքագիտության բաժինը նոր, կարող ուժերով է համալրվում եւ անպայման զարկ կտա օսմանագիտության զարգացմանը։ Իրանագիտության ամբիոնում այս տարվանից բացվել են քրդագիտության եւ հնդկագիտության բաժիններՙ մագիստրատուրայի մակարդակում։ Այսօր հրատապ է հատկապես վրացերենի իմացությունը, քանզի Վրաստանում մեր պատմությունը հանիրավի խեղաթյուրվում է։ Ի դեպ, մայր բուհում իրենց լեզուների դասավանդումը ֆինանսավորելու մեծ ցանկություն են դրսեւորում Չինաստանն ու Ճապոնիան։ Կարծում եմ, այս հնարավորությունը համալսարանը չպիտի բաց թողնի ձեռքից։
¬ Արեւելագիտության ֆակուլտետի դիմորդների թիվը տարեցտարի ավելանում է։ Դա գոհացնո՞ւմ է, թե՞ դժվարություններ է առաջացնում։
¬ Անշուշտ ուրախալի է, որ մեր երիտասարդները կրթության են ձգտում, չէ՞ որ մեզ իբրեւ ազգ պահել ու պահպանել է ամենից առաջ դպրությունը։ Սակայն ֆակուլտետն այսօր տարածքի իմաստով չափազանց նեղ պայմաններում է աշխատում, եւ ուսանողների ավելացումն, ինչ խոսք, մեծ խնդիրներ է առաջացնում։ Համալսարանի ռեկտորատը կազմակերպական հարցերում մշտապես աջակցում է մեզ, ուստի հուսով ենք, որ կկարողանանք ուսանողների թիվն ընդլայնելՙ մասնագիտական ավելի բարձր մակարդակ ապահովելու համար։ Իրանագիտությունը մեզանում մեծ նվաճումներ է արձանագրում, որով էլ ըստ էության բացատրվում է դիմորդների նման հոսքը։ Համոզված ենք, որ արաբագիտության եւ թուրքագիտության բաժիններն էլ շուտով կհասնեն ակադեմիական մեծ հաջողությունների։ Մեր գերագույն նպատակը ոչ թե սոսկ բարձրորակ արեւելագետներ պատրաստելն է, այլեւ նրանց հայրենասիրական ոգով տոգորելըՙ հայրենիքի շահերն ամեն ինչից վեր դասելը։ Այդ ուղղությամբ կազմակերպում ենք տարաբնույթ միջոցառումներ։ Հաջորդ ուսումնական տարվանից մեր հնարավորությունները բավականին կմեծանան, կսկսենք աշխատել ավելի ընդարձակ պայմաններում, քանի որ մասնաշենքում տեղավորված ֆակուլտետներից մեկը կտեղափոխվի նոր մասնաշենք։ Առջեւում մեծ ծրագրեր ու անելիքներ ունենք։ Պիտի տարածաշրջանի արեւելագիտական կենտրոնը դառնանք, որպեսզի աշխարհի գիտնականներին ու պատմաբաններին ճանաչելի դարձնենք հայոց ճշմարիտ պատմությունն ու մշակույթը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ