«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2002-09-18 | #168, 2002-09-19 | #169, 2002-09-20


ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ԿՄԵԿՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

Նախնական պայմանավորվածության համաձայն, սեպտեմբերի 23¬24-ը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին «Թուրան» գործակալությանն ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը։ Դեսպանի խոսքերովՙ այցի ընթացքում նախատեսվում է Կասպիցի հատակի բաժանման համաձայնագրի ստորագրում։ Բացի այդ, Պուտինն ու Ալիեւը կքննարկեն տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, ինչպես նաեւ Կասպիցի իրավական կարգավիճակի հարցը։

Ալիեւի այցը Մոսկվա հետեւում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հիմնարկեքին. սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ հանդիսավորությամբ նշվեց այդ նավթատարի շինարարության կառուցման սկիզբը, ինչին կտրականապես դեմ է Ռուսաստանըՙ մեկնաբանելով, թե քաղաքական այդ ծրագրով ԱՄՆ-ի կնքահայրությամբ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան փորձում են Ռուսաստանին դուրս մղել կովկասյան տարածաշրջանից։ Չորեքշաբթի օրը Նյու Յորքում գտնվող ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովը հայտարարեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումն առաջին հերթին նպատակ է հետապնդում Ռուսաստանին դուրս մղել այն տարածաշրջանից, որտեղ Մոսկվան ունի «պատմական շահեր» եւ «նավթատարի կառուցումը կտրականապես ձեռնտու չէ մեր պետությանը»։

Կարելի է կանխատեսել, որ Մոսկվայում Հեյդար Ալիեւին այնքան էլ սիրալիր ընդունելություն չի սպասում։ Թեեւ դեսպան Ռյաբովը չի նշում, բայց Պուտին-Ալիեւ հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը դժվար թե շրջանցվի։ Սեպտեմբերի 23-ին, երբ Ալիեւը կլինի Մոսկվայում, տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները եւ ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը։ Սեպտեմբերի 26-ին արդեն Բաքվում Ալիեւը կհանդիպի ղարաբաղյան կարգավորման միջնորդներին։

Հոկտեմբերի 6¬7-ը Ալիեւը կմեկնի Մոլդովայի մայրաքաղաքՙ մասնակցելու ԱՊՀ հերթական գագաթաժողովին։ Հոկտեմբերի 7-ին Քիշնեւում նախատեսված է Քոչարյան-Ալիեւ հանդիպում։

Հոկտեմբերի 13¬14-ը, ինչպես հաղորդում է Բաքվի «525 գազետ» պարբերականը, Ալիեւը Ստամբուլում կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ պետությունների նախագահների հանդիպմանը։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4