«Ինչպես թուրքական պողպատը ժամանակին ողողեց Մ. Նահանգների շուկան եւ հարյուրավոր աշխատավորների դուրս մղեց, այնպես էլ այժմ թուրքական չամիչն է գրավել մեր երկրի շուկանՙ սպառնալով անգործության մատնել ազնիվ ու աշխատասեր հազարավոր հողագործների», նշել է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) Կենտրոնական Կալիֆոռնիայի գրասենյակի նախագահուհի Հայկուհի Օհաննեսյանը։
Թուրքական չամիչի ամերիկյան շուկա ներկրման հարցը սուր բնույթ է ստացել, երբ հայտնի է դարձել, որ Սան Իոախիմ հովտի շատ ամերիկահայ խաղողագործներ դուրս են մղվում ասպարեզից։ ԱՀԱԿ-ի Կենտրոնական Կալիֆոռնիայի գրասենյակն անմիջապես արձագանքել է դրանՙ նամակներ հղելով կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչին եւ Քել Դուլիին, խնդրելով հետաքննություն անցկացնել այդ բնագավառում եւ պարզել, թե արդյոք չամիչն անօրինական ճանապարհով չի՞ մուտք գործում ԱՄՆ։ Նրանք պահանջել են Կոնգրեսում քննարկել այդ հարցը։
«Ամերիկացի հողագործը պետք է պաշտպանված լինի ամեն տեսակի օտար ապրանքների ապօրինի ներկրումներից։ Դրանք լուրջ սպառնալիք են մեր ժողովրդի համար։ Այդ պատճառով մենք Վաշինգտոնում աշխատում ենք խոչընդոտել թուրքական ապրանքներին նախընտրություն տալու գործընթացը», ասել է ԱՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Լոս Անջելես թայմս» թերթի սեպտեմբերի 5-ի համարում տպագրված մի հոդվածի համաձայն, չամիչի համաշխարհային պաշարի 25 տոկոսը թուրքական է։
«Մենք պայքար ենք ծավալում սպառողների շրջանում, որ գնեն միայն կալիֆոռնիական չամիչ», բացատրել է Հայկուհի Օհաննեսյանը։
Հ. Ծ.