Հայ եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի նախաձեռնությամբ թեմի հոգեւոր երաժշտության տնօրեն Խորեն Մեյխանաջյանն այժմ գտնվում է Հայաստանում խտացյալ սկավառակի (CD) վրա պատարագըՙ մեր հոգեւոր երաժշտության անզուգական գոհարը, ձայնագրելու նպատակով։
«Դրանով 2002 թիվը նշվելու է որպես սուրբ պատարագի տարի։ Մեր ձեռքի տակ, անշուշտ, ունենք պատարագի ձայնագրություններ, սակայն բոլորն էլ թերի են, ոչ ամբողջական։ Մեկում պակասում է մի մաս, մյուսում մեկ ուրիշ մաս։ Այս մեկը Եկմալյանի ամբողջական ստեղծագործությունն է լինելու, որն իրականացնելու ենք Կոմիտասի անվան կամերային երգչախմբի աջակցությամբ», նշել է այս առթիվ Խորեն Մեյխանաջյանը, որն ամռանը հագեցած ծրագրերով Ամերիկայում, թեմի ամառային ճամբարներում հանդես գալուց եւ Մինեսոտայում մի նոր եկեղեցու օծմանը մասնակցելուց հետո այժմ, ըստ էլ. փոստով ստացված տեղեկության, ամենայն ոգեւորությամբ լծված է այդ գործին։ Երեսունվեց պրոֆեսիոնալ երգիչների հետ աշխատանքը համերգային ծրագիր չի լինելու, այլ աղոթքի ձայնագրություն, որը նախատեսվում է ավարտել մեկ ամսվա ընթացքում։ Խտացյալ սկավառակը Ամերիկայում վաճառքի է հանվելու նոյեմբերի կեսերին։
Հ. Ծ.