«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2002-09-18 | #168, 2002-09-19 | #169, 2002-09-20


ԱՆԻԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՓԱՌՔԸ

Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հովանավորությամբ կազմակերպում է Անիի Մայր տաճարի օծման 1000-ամյակի առիթով գիտաժողովներ, ցուցահանդեսներ, գեղարվեստական ձեռնարկներ։ Հանդիսությունները կսկսվեն սեպտեմբերի 22-ին Էջմիածնի Մայր տաճարում մատուցվող Ս. Պատարագով, որից հետո վեհարանի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի հանդիսավոր բացումը Վեհափառ հայրապետի նախագահությամբ։ Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի սեպտեմբերի 23-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը։ Գիտաժողովին մասնակցելու են մոտ 35 պատմաբաններ, գիտնականներ, ճարտարապետներ։

Սեպտեմբերի 24-ին «Անիի ներկան եւ ապագան» թեմայով կկազմակերպվի կլոր սեղան ԳԱ ակադեմիայի հանդիսությունների դահլիճում։ Նույն օրը, ժամը 14։00-ին, ակադեմիայի մեծ դահլիճում 1000 ուսանողներ կմասնակցեն հանդիսավոր նիստին, ուր հրավիրված են ղեկավար այրեր, մտավորականներ եւ հոգեւորականներ։ Միաժամանակ ցուցահանդեսներ կբացվեն հայ ճարտարապետության ինստիտուտ-թանգարանումՙ Անիի ճարտարապետությունը, իսկ Ազգային գրադարանումՙ Հոգեւոր Անի թեմաներով։

Սեպտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին, Կինոյի տան դահլիճում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ալան Հովհաննեսի թիվ 23 «Անի» սիմֆոնիան, որն առաջին անգամն է կատարվում Հայաստանում։ Աննա Մայիլյանի եւ Դանիել երաժշտի կատարմամբ կհնչեն XI դարի շարականներ ու տաղեր։ Սեպտեմբերի 27-ին ուխտագնացները հնարավորություն կունենան Ախուրյան գետի ափից դիտել Անիի ավերակները, որտեղ էլ կկատարվի հոգեհանգստյան պաշտոն եւ խաչքարի տեղադրում։ Այդ նույն վայրում Անիի մայր տաճարը կառուցող Կատրամիդե թագուհու հիշատակին սպիտակ շուշաններից հյուսված ծաղկեպսակը կնետվի Ախուրյան գետը։ Երեկոյան Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ, Գյումրու թեմի առաջնորդի եւ քաղաքապետի հովանավորությամբ, կեզրափակվի միջոցառումների լայն ծրագիրը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4