Երեւանում ելույթ կունենա «Լոնդոն Սինֆոնիետա»-ն
128 716 երաժշտագետ ու արվեստաբան այսօր աշխարհի տարբեր երկրներում նստած փորձում են խոսքի վերածել երաժշտությունըՙ Աստծո ամենախորհրդավոր պարգեւներից մեկը։ Եվ որքան մեծ է նրանց ճիգը, նրանք էլ մեզ նման սոսկ տեղեկություններ են հաղորդում երաժիշտների մասին։ Ավելին անել հնարավոր չէ, որովհետեւ երաժշտությունն անթարգմանելի է։ Եվ եթե դա ինչ-որ չափով հաջողվում է ոմանց, ապա միայն իրենցՙ երաժիշտներին։ Այդպիսիներից է « Լոնդոն Սինֆոնիետա»-ն, որի համերգը կայանալու է սեպտեմբերի 25-ին, ժամը 19-ին Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում։ Բրիտանական խորհրդի British Council եւ Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի համագործակցությամբ կայանալիք համերգն իսկապես իրադարձություն է լինելու հայ երաժշտական կյանքում։ Կատարվելու են Օլիվըր Քնուսընի «Սրարշավ», Փիեռ Բուլեզի «Ալեծածան», Հարրիսոն Բիրթուիսըլի «Մեքենական Արքադիայի հավիտենական երգը», Թորու Թաքեմիցուի «Անձրեւել» եւ Յաննիս Քսենքիսի «Ծաղկում» ստեղծագործությունները։
«The inderendent» թերթի բնորոշմամբ «Անգլիայում նոր եւ նորարար երաժշտության աննախընթաց ախոյան» «Լոնդոն Սինֆոնիետայի» կոչումը ժամանակակից երաժշտությունն ամենաբարձր մակարդակով մատուցելն է։ 1968-ին հիմնադրված այս համույթը կայացած ու ճանաչման արժանացած երգահանների գործերի հետ միասին կատարում է նաեւ մերօրյա ամենափայլուն ստեղծագործողների գործերը։ Ուրախալին այն է, որ մեծ պահանջկոտությամբ ընտրված երկերի թվում Երեւանում կատարվելու է նաեւ հայ երգահանիՙ Ստեփան Ռոստոմյանի «Մուտք» ստեղծագործությունը (դա լինելու է պրեմիերա)։
Երաժշտական ղեկավար Օլիվըր Քնուսընի եւ գեղարվեստական ղեկավար Գիլլիըն Մուրի առաջնորդությամբ համույթը վերջերս կազմակերպել է երաժշտական խոշոր միջոցառումներ եւ ներկայացրել Դյորդ Կուրթագի, Մաուրիցիո Քագելի, Էլլիըթ Քարթըրի, Պիեռ Բուլեզի, Մագնուս Լինդբըրգի, Սթիվ Ռայխի, Փիթըր Էոտվյոշի, Թորու Թաքեմիցուի, Ջորջ Բենջըմինի եւ Օլիվըր Քնուսընի երաժշտությունը։ Ինչպես տեղեկանում ենք երեւանյան համերգի առիթով տպագրված տեղեկատուից, «Լոնդոն Սինֆոնիետա»-ի այժմյան եւ ապագա պատվերների երգացանկի թվում են Սիլվինա Միլշտայնի, Սամ Հայդընի, Լուիս Անդրիեսընի, Ջուդիթ Ուայրի, Մարք-Անթընի Թըրնեյջի, Չարլզ Ուորինընի, Էզա-Պեքքա Սալոնընի, Թանսի Դեյվիսի, Դայ Ֆուջիքոտայի, Ջուլիըն Անդերսընի, Մորգըն Հեյզի, Փոլ Քլեյի եւ Ջոնաթըն Քոլի ստեղծագործությունները։ Երիտասարդ եւ նորահայտ երգահանների համար ստեղծագործական հնարավորություններ ընձեռելու իր կոչումը համույթի առաքելության վճռորոշ կետերից է։
«Լոնդոն Սինֆոնիետան» նաեւ առաջատար է երաժշտական կրթության ասպարեզում։ Երաժշտախմբի այսօրվա ծրագրերի շարքում են «Թավըները Փենթընվիլում»-ը (որի ներկայացման ընթացքում տեղի ունեցավ սըր Ջոն Թավընըրի հատուկ պատվերով ստեղծված գործի պրեմիերանՙ կալանավորների կատարումով) եւ boulez-online ինտերնետային էջը։ Լոնդոնի դպրոցական երեխաների մասնակցությամբ այս տարվա BBC Proms համերգաշարի ընթացքում ներկայացվեց Օլիվըր Քնուսընի օպերայի հիման վրա ստեղծված բեմադրությունը։
Միացյալ Թագավորությունում «Լոնդոն Սինֆոնիետա»-ի կենտրոնը Էլիզաբեթ թագուհու դահլիճն էՙ Լոնդոնի Հարավային Ափ կոչվող թաղամասում։ Համույթը ներկայացնում է բրիտանական եւ միջազգային ամենալավ երաժշտությունը թե այս դահլիճում, որպես Royal Festival Hall դահլիճի առընթեր արվեստագետներ, եւ թե արտասահմանումՙ համերգային կատարումներով։
Երեւանյան համերգի ժամանակ նվագախումբը ղեկավարելու է ֆրանսիացի դիրիժոր Դիեգո Մասոնը։ Ինչպես նշված է տեղեկագրում, նա, ավարտելով Փարիզի կոնսերվատորիան, Domaine musi-cale-ում (երաժշտական տիրույթ) դարձել է հարավային գործիքներ նվագող երաժիշտ։ Պիեր Բուլեզի մոտ ուսանելուց հետո Դիեգո Մասոնը ստեղծել է Musigue vivant («Կենդանի երաժշտություն») համույթը, որի ղեկավարն է մինչեւ օրս, եւ որը կանոնավոր համերգներով հանդես է գալիս եւ ներկայացնում է ժամանակակից կարեւոր ստեղծագործություններ։ 1970-ական թվականներին որպես Մարսելի օպերայի երաժշտական տնօրեն, նա հասել է նշանակալից հաջողության, եւ, ճանաչվելով միջազգային բարձր պահանջմունքներ բավարարող դիրիժոր, հանդես է եկել Եվրոպայում, Սկանդինավիայում, Անտիպոդներում (Նոր Զելանդիա)։ Դիեգո Մասոնը Եվրոպայում ելույթ է ունեցել Բեռլինի սիմֆոնիկ, Շտուտգարդի կամերային, Ռադիո Ֆրանսի, Ռոմանական Շվեյցարիայի, «Ստավանգեր սիմֆոնիկ» նվագախմբի, Հելսինկիի «Ավանտի» կամերային, «Բուդապեշտ ֆեստիվալ», «Բերգեն ֆիլհարմոնիկ», Նիդեռլանդների ռադիոյի ֆիլհարմոնիկ եւ «Ռեզիդենտիե» նվագախմբերի հետ։
Դիեգո Մասոնը սերտ հարաբերությունների մեջ է երիտասարդ նվագախմբերի հետ, այդ թվումՙ Միացյալ Թագավորության Թրինիթի երաժշտական քոլեջի նվագախմբի, Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցի նվագախմբերի, Գալեսի երաժշտական եւ թատերական դպրոցի, ավստրալիական երիտասարդական նվագախմբի հետ։ Նա միաժամանակ կանոնավոր կերպով դիրիժորական դասեր է տալիս Դարտինգտոնի միջազգային ամառային դպրոցում։
Տեղեկանում ենք նաեւ, որ Դիեգո Մասոնը կանոնավոր կերպով այցելում է Միացյալ Թագավորություն, որտեղ ելույթներ է ունեցել BBC սիմֆոնիկ նվագախմբի, BBC ֆիլհարմոնիկ նվագախմբի, BBC շոտլանդական սիմֆոնիկ նվագախմբի, «Լոնդոն Սինֆոնիետայի», Հալլե նվագախմբի, Անգլիական Հյուսիսային ֆիլհարմոնիայի, «Նաշ» համույթի, «Օպերա ֆակտորիի» եւ «Օպերա Նորթհի» հետ։ Այս վերջինիս հետ էլ ներկայացրել է Ռոբերտ Սաքսոնի «Կարիտաս» օպերայի պրեմիերան։ Դիեգո Մասոնը բոլորովին վերջերս մեծ հաջողությամբ ղեկավարեց Սալի Բիմիշի նոր օպերանՙ «Հրեշը» («Monster»)ՙ Շոտլանդիայի օպերային թատրոնում։
Կարծում ենք, որ Դիեգո Մասոնի ղեկավարությամբ «Լոնդոն Սինֆոնիետայի» երեւանյան համերգը փայլուն կանցնի եւ նոր ազդակներ կհաղորդի հայ երաժշտական աշխարհին։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ