«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2002-09-20 | #170, 2002-09-21 | #171, 2002-09-24


«ԱՆԻԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՓԱՌՔԸ»

Տասնամյակների ընթացքում հայ ժողովուրդը մշտապես հառելով իր հայացքը դեպի Արարատ լեռն ու սահմանից այն կողմ գտնվող հայրենի հողերը, բաղձալի մի հույս է փայփայում, թե մի օր անցնելով Արաքսն ու Ախուրյանը, ծնկի է իջնելու եւ փարվելու է սեփական հողին։ Սա մեկ մարդու ցանկություն չէ, այլՙ մի ողջ ժողովրդի։

Հազար ու մեկ տարիներ են մեզ բաժանում 1001 թվականից։ Անիի Մայր տաճարի օծումից ի վեր ճարտարապետական այս գոհարի հանդեպ ուշադրությունը չի թուլանում արդեն 1000 տարիներից ավելի։ Թեեւ այն նվիրված է Ս. Աստվածածնին, բայց հայտնի է իբրեւ Անիի տաճար եւ իբրեւ այդպիսին դարձել է հայոց մայրաքաղաքի խորհրդանիշը։ Տաճարի տեղն ընտրված է հատուկ ուշադրությամբՙ Ախուրյանի ձորի մոտ, Աշոտյան եւ Սմբատյան պարիսպների միջեւ, որ տեսանելի լինի ամեն կողմից։ 989 թ. Սմբատ Բ թագավորի օրոք կատարվում է Անիի Մայր տաճարի հիմնարկեքը։ Իսկ կառուցումն ավարտվում է նրա եղբորՙ Գագիկ Ա Շահնշահի կնոջՙ Կատրանիդե թագուհու ջանքերով։ Տաճարի ճարտարապետն է եղել Տրդատը։

Անին ունի հույսի հարատեւության խորհուրդ, իսկ հայի համար Անին ուրիշ խորհուրդ ունի։ Յուրաքանչյուրիս համար այն սրբավայր է, դրախտավայր, անշիջելի հիշողություն։ Հայի սրտից ելնող ու դեպի սիրտը գնացող զարկերակ է այն։ Անին հայոց պատմության դառնագույն դասն է, սրտակեղեք ողբը։ Անիի Մայր տաճարի օծման 1000-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ (գիտաժողովներ, ցուցահանդեսներ, համերգներ) են նախաձեռնել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատունը, Շիրակի մարզպետարանըՙ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի բարձր հովանավորությամբ։ Սեպտեմբերի 22-ին Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ս. պատարագի մատուցմամբ սկիզբ դրվեց հանդիսությունների շարքին։ Պատարագիչն էր կաթողիկոսարանի դիվանապետ Արշակ վարդապետ Խաչատուրյանը, որն իր քարոզի ընթացքում պատշաճորեն անդրադարձավ միջոցառումների ծրագրին։

Վեհարանում Վեհափառ հայրապետի նախագահությամբ եւ հայրապետական օրհնությամբ բացվեց լիագումար նիստը։ Անիին նվիրված մի շարք ուշագրավ ելույթներով հանդես եկան Շահե արք. Աճեմյանը, Մեսրոպ արք. Աշճյանը, Նավասարդ եպս. Կճոյանը, Ֆրանսիայից Կլոդ Արմեն Մութաֆյանը, Վարազդատ Հարությունյանը եւ Համբարձում Մինասյանը։ Գիտաժողովը հաջորդ օրն աշխատանքները շարունակեց Օշականի դպրատանը։ Պսակ դրվեց Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։ Տեղի ունեցավ հատուկ ժամերգություն, որի ժամանակ աղոթեցին այն բոլոր թագավորների ու ճարտարապետների, քարգործ վարպետների հոգու հանգստության համար, որոնց ջանքերով տաճարի կառուցումն իրականացավ։

Գիտաժողովն իր աշխատանքները շարունակեց դպրատան երկու մասնաճյուղերումՙ «Անիի հոգեւոր կյանքը» եւ «Անիի անցյալն ու ներկան» թեմաներով։ Հնչած 33 գիտական զեկուցումները շատ ուշագրավ էին ու շոշափում էին հին ու նոր բոլոր հիմնահարցերըՙ կապված Անիի Մայր տաճարի հետ։ Ուշագրավ է նաեւ «Անին հայ գրականության մեջ» ելույթը (զեկուցողՙ Սամվել Մուրադյան), որը մի անդրադարձ էր դարերի հոլովույթում, տարբեր ժամանակներում, աշխարհաքաղաքական տարբեր պայմաններում դրսեւորվել են նոր մոտեցումներ, գաղափարական ու գեղագիտական նոր ընկալումներ։ Յուրաքանչյուր հաջորդ յուրացրել է նախորդների ստեղծագործական փորձը եւ մինչեւ Հովհ. Շիրազի Անին պատկերող բանաստեղծությունների ու պոեմների ծնունդը, արդեն կային լուրջ ավանդություններ ու նախադրյալներ։ Հիշենք Ն. Շնորհալու հռչակավոր «Ողբ Եդեսիոյ» պոեմը, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, Ղ. Ալիշանի «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», Պ. Դուրյանի, Դ. Վարուժանի, Ավ. Իսահակյանի եւ այլոց ստեղծագործությունները։ Անդրադարձ եղավ «Տիրամայր» տաղի կերտվածքին, ներկայիս հետազոտական աշխատանքների, նաեւ «Անի¬Երերույք միջազգային պատմամշակութային արգելոց» ստեղծելու մասին (զեկուցողՙ Լավրենտի Բարսեղյան), ուր նշվում էր, որ 1970 թ. հայ ճարտարապետության լավագույն մասնագետներից մեկըՙ Պաոլո Կունեոնին, առաջին անգամ հարց բարձրացրեց, որպեսզի Անին ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Նա հանդես գալով մի շարք հոդվածներով, առաջարկում է տարբեր երկրների եւ Թուրքիայի մասնագետների համատեղ ջանքերով ձեռնարկել Անիի հնագիտական տարածքի ամբողջական չափագրությունները, հուշարձանների ցուցակագրումը եւ հաշվառումը, շարունակել պեղումները եւ հուշարձանների վերականգնումը։

Այսօր գիտաժողովը կշարունակի իր աշխատանքները ԳԱ ակադեմիայի երկու սրահներում։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4