Ատոմ Էգոյանի եւ Արսինե Խանջյանի մամլո ասուլիսը
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Արարատ» ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ու գլխավոր դերակատարներից Արսինե Խանջյանի մամլո ասուլիսն էր։ Այս կինոնկարն արդեն բազմաթիվ կարծիքներ է հավաքել, բազմապիսի խոսակցությունների առիթ ստեղծել։ Եվ բնական էր այն անհամբերությունը, որով ասուլիսի էին եկել լրագրողները։
Ասուլիսը սկսվեց մեկ ժամ ուշացումով, որովհետեւ Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը գնացել էին Խոր Վիրապ, ինչպես ասաց տիկին Արսինենՙ «Արարատն ավելի մոտեն զգալու համար»։ Իսկ հետդարձի ճանապարհին բազմաթիվ մարդիկ կանգնեցրել են նրանց տանող մեքենանՙ մի յուրօրինակ «մամլո ասուլիս» անցկացնելու համար։ Լրագրողների սպասումի մեկ ժամը ՀՀ կառավարությունը կամ մշակույթի նախարարությունը կարող էին առավել հարուստ եւ նպատակասլաց կազմակերպել, որովհետեւ մամլո ասուլիսին ներկա լրագրողների մի մասն «Արարատը» չէր դիտել, թեեւ 3 օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը որոշ լրագրողների հրավիրել էր ֆիլմի դիտմանը։ Կարծում ենք, որ Ատոմ Էգոյանի այս այցը եւ «Արարատի» ցուցադրությունը շատ ավելի մեծ շուքով կարելի էր անցկացնել։ Պետք էր միայն միջոցներ գտնել թեկուզ հենց «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը 1 ցուցադրության համար վարձակալել ու կինոդիտմանը հրավիրել բոլոր լրագրողներին։ Մի՞թե այսքան քիչ գումար հնարավոր չէր գտնել։ Եվ լրագրողներից ոմանք հենց այնպես հարցեր չէին տա եւ կամ սեփական գիտելիքների ցուցադրություն չէին կազմակերպի։
Լրագրողներին հետաքրքրում էին ոչ միայն ֆիլմի հետ կապված ամեն ինչ (նկարահանումներ, առանձին դրվագների ստեղծման հիմքերը, Թուրքիայի կառավարության վերաբերմունքը ֆիլմի նկատմամբ...)։ Այս հարցերից շատերի պատասխանն արդեն տրվել է «Ազգի» էջերում, ուստի փորձենք մամլո ասուլիսից ներկայացնել այն հատվածները, որոնք նորություն են մեր ընթերցողի համար։
¬ Թեեւ Կաննի կինոփառատոնում ֆիլմի ցուցադրությունից հետո 10 րոպե անընդհատ ծափահարությունները չէին լռում,- ասաց Ատոմ Էգոյանը,- սակայն ինձ համար անչափ կարեւոր էր ֆիլմի ցուցադրությունն այստեղՙ Երեւանում։
Հենց այս խոսքերի համար արժեր շատ ավելի մեծ շուքով անցկացնել «Էգոյանական օրերը» Երեւանում։
Ի դեպ, հաճախ է խոսվում կինոռեժիսորի ազգանվան ճիշտ տարբերակի մասին։
1960 թ. ամռան կեսին Եգիպտոսում բնակություն հաստատած հայ գաղթականներիՙ Հովսեփ եւ Շուշան Եղոյանների ընտանիքում ծնված Ատոմ որդին ծնողների հետ 1963-ին տեղափոխվում է Կանադա։ Կինոբեմադրիչի կենսագրությունում նշված է. «Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիա քաղաքում վերահաստատված Եղոյաններն իրենց ազգանունը փոխեցին Էգոյանի»։
1992 թ. Էգոյանը ստեղծում է «Օրացույց» (Calendar) ֆիլմը, որի նկարահանման աշխատանքների մի մասը կատարվում է Հայաստանում։ Բնական է, որ հայերի եւ Հայաստանի հետ Էգոյանի կապը սոսկ «Արարատով» չի հաստատվում։
«Արարատը» ստեղծվել է անկախ ճանապարհով, որեւէ կինոստուդիա այս ֆիլմի մենաշնորհն ունենալ չի կարող։
Հետաքրքրասեր լրագրողներին ամեն ինչ էր հետաքրքրում, նաեւՙ Ատոմ Էգոյանի եւ Արսինե Խանջյանի անձնական աշխարհը։ «Ես օրհնություն եմ համարում իմ ամուսնությունը Արսինեի հետ», ասաց Ատոմը։
Այս մի քանի օրը բավականին լեցուն ու հագեցած են եղել կինոռեժիսորի եւ նրա տիկնոջ համար։ Մամլո ասուլիսից հետո նրանք խոստացան «Ազգի» համար առավել ընդարձակ հարցազրույց տալ։ Իսկ մինչ այդ, երեկ մեկ անգամ եւս դիտեցինք «Արարատը», որը խորհրդածություն է մեր մասին ու մեզ համար։ Եվ քանի որ այդ խորհրդածությունը բարձրաձայն է ասված, ուստի բնական է այսքան մեծ հետաքրքրությունը ֆիլմի նկատմամբ։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ